«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2012-11-07 | #198, 2012-11-08 | #199, 2012-11-09


«ԱՅՍՏԵՂ» ՖԻԼՄԸ ՖԼՈՐԻԴԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Լոդերդեյլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում հոկտեմբերի 25-ին Ֆլորիդայի «Պարադիզո» կինոթատրոնում առաջին անգամ ցուցադրվել է ռեժիսոր Բրեյդն Կինգի «Այստեղ» ֆիլմը:

Ըստ ստացված տեղեկագրության, Ֆլորիդայի հայերի հաղորդակցությունների տնօրեն Արսինե Գալուստյան-Ռոզենթալը իր բացման խոսքում ներկայացրել է հայկական մշակույթը եւ ընդհանրապես Ֆլորիդայի հայկական համայնքը նշելով, որ Սբ Դավիթը առաջին հայկական եկեղեցին է այդ տարածքում, որտեղ ապրում են մոտ 30 հազար հայեր: Այնուհետեւ ճանաչված երաժիշտ Ջո Զեյթունյանը ուդի վրա հայկական մեղեդիներ է նվագել եւ պատասխանել ներկաների ուդի վերաբերյալ հարցերին, նշելով, որ դա հին հայկականՙ անատոլիական երաժշտական գործիք է, որի ակունքները գնում են հետ մինչեւ 7-րդ դար:

«Այստեղ» ֆիլմը նկարահանված է Հայաստանում եւ հանդիսատեսի առջեւ բացում է բնության գրավիչ եւ տպավորիչ տեսարաններ: Հիմնական թեման հոգեկանի որոնումն է: Ֆիլմում տրամաբանական զարգացում են ապրում հայրենիքից արտագաղթած լուսանկարչուհի Կատարինե Նաջարյանի (դերը կատարում է Լուբնա Ազաբալը) եւ արբանյակային քարտեզագիր-ինժեներ Ուիլ Շեփըրդի (դերասանՙ Բեն Ֆորեստ) հարաբերությունները, որոնք միասին սկսում են իրենց գործունեության «ճանապարհը», առանց կոնկրետ իմանալու, թե ուր է առաջնորդելու այն իրենց, ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական կյանքում:

Այն հարցին, թե ինչու հատկապես Հայաստանն է ընտրել որպես նկարահանման վայր, ռեժիսոր Կինգը պատասխանել է. «Ինչքան խորացա նյութի մեջ, հասկացա, որ Հայաստանըՙ նրա պատմությունը, բնությունը, աշխարհագրական դիրքը եւ մշակույթը, ինձ համար «համահեղինակ» է դառնում եւ երբ առաջին անգամ 2004-ին այցելեցի Հայաստան, անմիջապես զգացի, որ միայն այդ երկրի դիտանկյունից կարող եմ ճշգրիտ ներկայացնել իմ ֆիլմի պատմությունը: Ուրիշ ոչ մի վայր հարմար չէր կարող լինել»:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4