Շվեյցարական Fussball.ch կայքի տեղեկացմամբ Մյունխենի «Բավարիան» հետաքրքրվել է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Ըստ կայքի, «Բավարիան» 15 մլն եվրո է առաջարկել Հենրիխի դիմաց, սակայն «Շախտյորը» մերժել է: Ուկրաինական ակումբը պատրաստվում է մինչեւ 2018-ը նոր պայմանագիր կնքել հայ ֆուտբոլիստի հետ:
Նշենք, որ Հենրիխով հետաքրքրվում է նաեւ Թուրինի «Յուվենտուսը»: Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» էր ցանկանում իր կազմում ընդգրկել Մխիթարյանին:
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հարցում է անցկացրելՙ որոշելու տարբեր աշխարհամասերի ամենամեծ հեղինակություն վայելող ֆուտբոլիստներին: Այդ հարցման արդյունքներով Եվրոպայում 1-ին տեղում Հենրիխ Մխիթարյանն է, որի օգտին քվեարկել են 50.310 ֆուտբոլասերներ: Ինչ խոսք, այդ քվեարկությունում հայկական գործոնը մեծ դեր է խաղացել: 2-րդ տեղում «Մանչեսթր Սիթիի» բոսնիացի ֆուտբոլիստ Էդին Ջեկոն է, որին 30.603 ձայն է տրվել: Լավագույնների եռյակը եզրափակում է «Լացիոյի» ալբանացի ֆուտբոլիստ Լորիկ Կանան (13.975 ձայն): Հետաքրքրական է, որ Քրիշտիանու Ռոնալդուն այդ ցանկում միայն 5-րդն է (7.749 ձայն): Իսկ լավագույն տասնյակը եզրափակում է Իկեր Կասիլյասը (2.349 ձայն):