1989թ. նոյեմբերի 9-ին փլուզվեց Բեռլինի պատը: Դրանով վերջ տրվեց Գերմանիայի բաժանվածությանը: Գերմանիան վերամիավորվեց, ինչը նոր հնարավորություններ բացեց ընդամենը 4 տասնամյակ առաջ 2-րդ համաշխարհայինում պարտություն կրած, ավելինՙ ջախջախված երկրի համար: Այսօր վստահաբար կարելի է պնդել, որ Գերմանիայում հետք անգամ չի մնացել այն ժամանակ տիրող վախի ու ճնշման մթնոլորտից: Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործում են ժողովրդավարությունը եւ դրանից ածանցվող մի շարք սկզբունքներ:
Ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ Գերմանիայում ժողովրդավարությունն ապահովվում է բազում միջոցներով, որոնցից առաջնային են հասարակության շահերից բխող օրենքների ընդունումն ու ներկայացուցչության ապահովումը: Ըստ էության, առաջինը բխում է երկրորդից: Այսինքն, հասարակության շահերից բխող օրենքներ ընդունելու համար անհրաժեշտ է նախ եւ առաջ երկրի օրենսդիր բարձրագույն մարմնում ապահովել ժողովրդի կողմից ընտրված անձանց ներկայությունը: Հակառակ պարագայում անհամեմատ բարդ կլինի օրենքների ընդունման ճանապարհով ժողովրդավարության ապահովումը:
Ժամանակակից երկրներում գործում է հիմնականում իշխանությանՙ երեք ճյուղերի բաժանումըՙ օրենսդիր, գործադիր եւ դատական: Այս ճյուղերից յուրաքանչյուրն էլ ունի իր բարձրագույն մարմինը: Գերմանիայի օրենսդիր ներկայացուցչական մարմինը բաղկացած է երկու պալատներից: Բունդեսռաթը գերմանական խորհրդարանի վերին պալատն է, իսկ ստորին պալատը Բունդեսթագն է: Գրեթե բոլոր մեծամասշտաբ պետություններում գործում է խորհրդարանի երկպալատ կառուցվածքը: Դա, թերեւս, պայմանավորված է նրանով, որ այդ երկրամասերի բոլոր տարածքներից ներկայացուցիչներին եթե տեղավորեին մեկ պալատում, դա ահռելի թիվ կկազմեր եւ կխոչընդոտեր խորհրդարանի բնականոն գործընթացին, քանզի բարդ կլիներ միաժամանակ, օրինակ, 600 կամ ավելի անձանց հետ նիստ վարել: Բացի այդ, այս կերպ, որպես կանոն, բարդանում է նաեւ օրենքի ընդունման գործընթացը, ինչի արդյունքում էլ ընդունվում են ավելի որակյալ օրենքներ, որոնք է՛լ ավելի հեշտացնում են ժողովրդավարության իրականացման հնարավորությունը:
Թե ժողովրդավարության իրականացումն իր հերթին ինչ արդյունքների է հանգեցնում, իսկ ժողովրդավարության բացակայությունը ինչ հետեւանքներ է ունենումՙ այս շղթան կարելի է շարունակել անընդհատ: Սակայն բազմաթիվ երկրների, այդ թվումՙ նաեւ Գերմանիայի պատմությունը վկայում է, որ ժողովրդավարության առկայությունը եւ ոչ թե զուտ ձեւական ամրագրումը կամ գոյությունը անհրաժեշտ պայման է հատկապես 21-րդ դարումՙ յուրաքանչյուրի իրավունքների ապահովման, միջազգային ասպարեզում հակամարտությունների եւ բախումների կանխման եւ ցանկացած մարդու համար կյանքի հնարավորինս բարեկեցիկ պայմաններ ապահովելու համար: Ինչեւէ:
Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատ լինելու հանգամանքը բոլորովին չի նսեմացնում Բունդեսթագի դերը թե՛ օրենսդրական ոլորտում, թե՛ ժողովրդի ներկայացուցիչների ամբողջություն լինելու եւ թե՛ մի շարք այլ հարցերում: Ավելին, հաճախ հենց Բունդեսթագի խոսքն է վճռորոշ լինում որոշ խնդիրների լուծման հարցում:
Բունդեսթագի կարեւորագույն լիազորություններից մեկը ֆեդերալ կանցլերին ընտրելն է, որին պաշտոնում հաստատում է ԳԴՀ նախագահը: Աշխարհում կատարվող անցուդարձին քիչ թե շատ հետեւող յուրաքանչյուր մարդ գիտե Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներկա կանցլերինՙ Անգելա Մերկելին, ով, ի դեպ, ԳԴՀ-ում առաջին կինն է, ով կանգնել է կառավարության գլուխ: Մինչդեռ կարծում եմՙ քչերը գիտեն ԳԴՀ նախագահ Յոախիմ Գաուքին: Չնայած դրանՙ նա համարվում է առաջին կարեւոր պաշտոնատար անձը երկրում, իսկ կանցլերըՙ միայն երրորդը: Երկրորդ կարեւոր դեմքը երկրում համարվում է Բունդեսթագի նախագահը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գերմանիայի նախագահն ընտրվում է Բունդեսթագի անդամներից եւ հողերիՙ հավասար թվով ներկայացուցիչներից կազմված Ֆեդերալ ժողովի կողմից, կանցլերն էլ, ինչպես նշվեց, նույնպես Բունդեսթագի կողմից է ընտրվում, իսկ Բունդեսթագի նախագահը երկրորդ կարեւոր պաշտոնատար անձն է երկրում, այս ամենից կարելի է եզրահանգել, որ Բունդեսթագը երկրում կարեւորագույն մարմիններից մեկն է, որի լիազորությունների իրականացումից է մեծ չափով կախված երկրի վիճակը:
Այս ամենը պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ Գերմանիան կառավարման ձեւով խորհրդարանական հանրապետություն է: Այսինքնՙ այստեղ երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության իրականացման մեջ մեծ կշիռ ունի երկրի խորհրդարանըՙ իր երկու պալատներով:
Բունդեսթագը միակ պետական մարմինն է Գերմանիայում, որն ընտրվում է անմիջականորեն ժողովրդի կողմից, այսինքնՙ միայն այս մարմնի ձեւավորման ժամանակ են գործում ուղղակի ընտրությունները: ԳԴՀ Սահմանադրությունը (որը կոչվում է Հիմնական օրենք) ընդգծում է, որ «ողջ պետական իշխանությունը բխում է ժողովրդից»: Փաստորեն, ժողովուրդն է երկրում ինքնիշխան մարմինը, իսկ խորհրդարանը միայն որոշակի ժամանակով ժողովրդի կողմից իշխանություն իրականացնողն է: Իսկ «որոշակի ժամանակը» չորս տարի է, այսինքնՙ Բունդեսթագի ընտրությունները տեղի են ունենում յուրաքանչյուր չորս տարին մեկ:
Ինչպես նշվեց, Գերմանիայում օրենսդիր իշխանությունն իրականացնում է երկրի խորհրդարանը: Միայն այս մարմինը կարող է ընդունել ֆեդերալ օրենքներ, այսինքնՙ այնպիսիք, որոնք տարածվում են Գերմանիայում գտնվող բոլոր անձանց վրա: Այս հանգամանքը մեծ պատասխանատվություն է դնում Խորհրդարանի վրա, որն ուղղորդում է ժողովրդի քաղաքական եւ սոցիալական զարգացումը:
Այնուամենայնիվ, օրենքների ընդունումը Բունդեսթագի միակ լիազորությունը չէ: Նա ընտրում է Ֆեդերալ կանցլերին եւ նախագահին, Ֆեդերալ Սահմանադրական դատարանի դատավորների կեսին, Ֆեդերալ աուդիտորական գրասենյակի նախագահին եւ փոխնախագահին, տվյալների պահպանության եւ տեղեկատվության ազատության ֆեդերալ հանձնակատարին: Սրանից բացի, Բունդեսթագը նաեւ վերահսկողություն է իրականացնում Ֆեդերալ կառավարության նկատմամբ, եւ ո՛չ կանցլերը, ո՛չ էլ որեւէ նախարար չի կարող զերծ մնալ դրանից: Այդ վերահսկողությունը կարող է լինել արդյունավետ, եթե խորհրդարանի անդամները հնարավորություն ունենան տեղեկանալ Կառավարության աշխատանքի, նրա ծրագրերի մասին: Այս խնդրի իրականացման համար կարեւոր է այն, որ նրանք կարող են հարցեր ուղղել կառավարությանը, ինչպես նաեւ կազմակերպել քննարկումներ կոնկրետ հարցերի եւ խնդիրների շուրջ:
Խորհրդարանի լիազորությունները պետք է, բնականաբար, իրականացվեն որոշակի կարգով: Բունդեսթագի գործունեության կարգը սահմանվում է Բունդեսթագի Ընթացակարգի կանոններով: Դրանցով սահմանվում է գերմանական խորհրդարանի ստորին պալատի կողմից իր լիազորությունների եւ գործառույթների իրականացման կարգը: Մասնավորապես, Ընթացակարգի կանոնները սահմանում են, թե ինչ կարգով են ընթանում Բունդեսթագի նիստերը, ինչպես պետք է անցկացվեն նիստերը եւ ընթացակարգային բնույթի մի շարք այլ հարցեր:
Բունդեսթագի վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2009թ. սեպտեմբերին: Այս ընտրությունների արդյունքում ամենաշատ ձայներ հավաքել են Քրիստոնեադեմոկրատական միություն եւ Քրիստոնեասոցիալական միություն կուսկցությունները միասին: Այս երկուսը համարվում են մեկ կուսակցություն, որովհետեւ, որպես կանոն, մեկ խորհրդարանական խումբ են կազմում, ինչը եւ արեցին Բունդեսթագի տասնյոթերորդ ընտրություններից հետո: Այս երկու կուսակցություններից կազմված խորհրդարանական խումբն ունի 239 մանդատ: Թվով երկրորդ խոշոր կուսակցությունը խորհրդարանում Սոցիալ-ժողովրդավարական կուսակցությունն է, որն ունի 146 մանդատ: Երրորդը Ազատ ժողովրդավարական կուսակցությունն էՙ 93 մանդատով, որին հաջորդում են Ձախ կուսակցությունըՙ իր 76 եւ Ալիանս 90/Կանաչներըՙ 68 մանդատով:
Գերմանական Բունդեսթագի 620 անդամներից 420-ը նախկինում արդեն Բունդեսթագի անդամ են եղել: Պատգամավորների միջին տարիքը 50 է: Կանայք կազմում են պատգամավորների 32.8 տոկոսը, որն այնքան էլ չի փոփոխվել նախորդ ընտրությունների համեմատ:
Հետաքրքիր են նաեւ պատգամավորների հավատքի եւ դավանանքի հետ կապված առանձնահատկությունները: Այսպես, պատգամավորների կեսից ավելին քրիստոնեության հետեւորդ է, իսկ երեքըՙ մահմեդականության: Բացի այդ, ամեն հինգշաբթի եւ ուրբաթՙ ուղիղ ժամը 8.35-ին, Բեռլինում լսվում է Քյոլնի տաճարի զանգերի ձայնը: Իհարկե, այս ձայնը վերարտադրվում է ձայնագրության միջոցով:
Բունդեսթագիՙ 1991թ. հունիսի 20-ի որոշմամբ Բունդեսթագի նստավայրը տեղափոխվեց Բեռլին, եւ որպես նստավայր ընտրվեց Ռայխստագի շենքը, քանի որ նա Ռայխստագի իրավահաջորդն էր: Այդ շենքում առանձնացված է հատուկ սենյակՙ Բունդեսթագի անդամների կրոնական զգացմունքների դրսեւորման համար: Այն հատուկ ձեւավորված է որպես «բազմահավատ» վայր, այսինքնՙ մի վայր, որտեղ կարող են աղոթել տարբեր կրոնների ներկայացուցիչներ: Հատակի մի փոքր բարձր հատվածում դրված քարը ուղղված է հյուսիսից հարավ: Այդ քարի աջ կողմում կանգնողը նայում է դեմքով դեպի արեւելքՙ Երուսաղեմ կամ Մեքքա:
Ինչպես ցանկացած իշխանության օրենսդրական ճյուղի բարձրագույն մարմնի, այնպես էլ գերմանական Բունդեսթագի հիմնական լիազորությունը, ինչպես նշեցինք, օրենքների ընդունումն է: Անշուշտ, օրենքների ընդունումը բավական բարդ եւ աշխատատար գործընթաց է: Իսկ երբ օրենսդրի նպատակն է այնպիսի օրենքներ ընդունելը, որոնք հնարավորություն կտան լուծել երկրում առկա խնդիրները, ապա գործն է՛լ ավելի է բարդանում: Այնուամենայնիվ, օրենսդրական գործընթացի բարդությունը հաճախ նպաստում է որակյալ եւ հասարակության շահերից ու պահանջմունքներից բխող օրենքների ստեղծմանը:
ԳԴՀ խորհրդարանում գործում է վերջին տարբերակը: Օրենսդրական գործընթացը բավականին խճճված է, ինչը պայմանավորված է նաեւ նրանով, որ գերմանական խորհրդարանը երկպալատ կառուցվածք ունի: Օրենքի ընդունման համար առաջին հերթին անհրաժեշտ է օրենսդրական նախաձեռնության ցուցաբերում: Իսկ Գերմանիայում օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն ֆեդերալ կառավարությունը եւ խորհրդարանի երկու պալատները:
Պալատներից որեւէ մեկի կողմից ընդունվելու համար նախ եւ առաջ օրենքի նախագիծը պետք է քննարկվի պալատի հանձնաժողովների կողմից: Դրանից հետո այն անցնում է աշխարհի գրեթե բոլոր խորհրդարաններում նույնանման երեք ընթերցումներով: Դրանցից առաջինով քննարկվում են օրինագծի ընդհանուր դրույթները, ինչը հաճախ պալատի որոշմամբ տեղի է ունենում միայն հանձնաժողովներում: Երկրորդ ընթերցումն արդեն պարտադիր անցկացվում է պլենար նիստում: Եվ միայն այս փուլերն անցնելուց հետո է օրինագիծը լսվում երրորդ ընթերցմամբ, եւ տեղի ունենում վերջնական քվեարկությունն ու կայացվում որոշումը:
Գերմանիայում օրենքների նախագծերի քվեարկության գործընթացը շատ հետաքրքիր է: Թվում է, թե նման զարգացած երկրում պետք է գործի քվեարկության էլեկտրոնային համակարգը: Սակայն քվեարկության այս տարբերակը Գերմանիայում բացակայում է: Այստեղ ստեղծվում է Հաշվիչ հանձնաժողով, որն ամեն քվեարկության ժամանակ հաշվում է կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկողների թիվը: Իսկ այդ քվերակությունն էլ իրակացվում է կա՛մ ոտքի կանգնելով, կա՛մ էլ ձեռք բարձրացնելով: Առաջին հայացքից սա կարող է թվալ անարդյունավետ, որովհետեւ կարելի է կարծել, թե հնարավոր էՙ նման դեպքերում Հանձնաժողովը սխալներ թույլ տա: Սակայն Բունդեսթագում նաեւ այս հարցն է լուծված: Եթե արդյունքն այնքան էլ պարզ չէ, եթե նիստը նախագահողները համամիտ չեն արդյունքների հետ, կամ եթե կասկածներ են առաջանում քվորումի առկայության հետ կապված, եւ նախագահողներն էլ չեն կարող վստահաբար հաստատել, որ քվորում կա, ապա գործում է հետեւյալ կարգը. բոլոր պատգամավորները դուրս են գալիս դահլիճից եւ ապա ներս մտնում երեք տարբեր դռներից որեւէ մեկով, որոնք նշված են «այո», «ոչ», «ձեռնպահ» մակագրություններով: Յուրաքանչյուր դռան մոտ կանգնում են երկու քարտուղարներ եւ հաշվում ներս մտնողներին: Այս գործընթացից հետո արդեն վերջնականապես պարզ է դառնում այդ օրինագծի «ճակատագիրը»:
Երբեմն պատահում է նաեւ, որ Բունդեսթագն ու Բունդեսռաթը համաձայնության չեն գալիս օրինագծի շուրջ: Նման դեպքերում ստեղծվում է Հաշտեցման հանձնաժողով, որը բաղկացած է Բունդեսթագի եւ Բունդեսռթաի 16-ական ներկայացուցիչներից: Այս հանձնաժողովի նպատակը կողմերին փոխադարձ համաձայնության բերելն է: Իսկ երբ հանձնաժողովը հանգեցնում է փոխադարձ համաձայնության, նախՙ Բունդեսթագում եւ ապաՙ Բունդեսռաթում համաձայնության հարցը դրվում է քվեարկության: Եվ այս ամենից հետո միայն օրինագիծը կարող է ստանալ օրենքի ուժ եւ գործի դրվել:
Գերմանական խորհրդարանի կարեւոր եւ իրենից առանձնակի հետաքրքրություն ներկայացնող կառույցներից մեկը Ծերակույտն է: Ինչպես հայտնի է, նիստերը սահմանված կարգով ընթանալու նկատմամբ հսկողություն իրականացնում են նիստը նախագահողները, ովքեր կազմում են Նախագահությունը: Բունդեսթագի գործերի ղեկավարման հարցում Նախագահությանը մեծ օգնություն է ցուցաբերում Ծերակույտը: Դրա կազմի մեջ են մտնում Նախագահության անդամները եւ 23 այլ անդամներՙ ներկայացուցիչներ բոլոր խորհրդարանական խմբերից: Եթե ասում ենք, Ծերակույտ, ապա դա դեռ չի նշանակում, որ այս մարմնի անդամները պետք է լինեն Բունդեսթագի ամենատարիքով պատգամավորները: Պարզապես անհրաժեշտ է, որ նրանք լինեն արդեն փորձված խորհրդարանականներ, այսինքնՙ լավ ծանոթ լինեն պատագամվորի գործին, օրենքների ընդունման կարգին, ըմբռնեն որակյալ օրենքների կարեւորությունը եւ այլն:
Եվ քանի որ Ծերակույտն օգնություն է ցուցաբերում Նախագահությանը, հետեւաբար այն առաջին հերթին պետք է օգնի նիստը նախագահողին, այսինքնՙ Բունդեսթագի նախագահին: Մասնավորապես, Ծերակույտն օգնում է նախագահին իր տարաբնույթ լիազորությունների իրականացման ժամանակ: Բացի այդ Ծերակույտը օժանդակում է նախագահին Բունդեսթագի ներքին հարցերը կարգավորելիս:
Այսպիսով, ներկայացրեցինք գերմանական խորհրդարանի ստորին պալատի լիազորությունների մի մասը, դրանց իրականացման կարգը, այդ մարմնի առանձնահատկությունները: Վերջում մնում է միայն ավելացնել, որ Բունդեսթագի նստավայրումՙ Ռայխստագի շենքի վերեւի կենտրոնական հատվածում, կա ապակեպատ մի շինությունՙ Ռայխստագի գմբեթը: Այն շենքի տանիքին է գտնվում: Հենց այստեղ են ամեն տարի մտնում ավելի քան երեք միլիոն զբոսաշրջիկներ ողջ աշխարհից: Ապակիներից ներս երեւում են դեպի Ռայխստագի գագաթը բարձրացող եւ գերմանական քաղաքական մշակույթով հիացած այդ մարդիկ: Իսկ Ռայխստագի ապակեպատ գմբեթը խորհրդանշում է գերմանական թափանցիկ ժողովրդավարությունը, որը պետությունը ապահովում է յուրաքանչյուր քաղաքացու համար: Իզուր չէ, որ Ռայխստագի շենքի ճակատային հատվածում գրված էՙ «Dem deutschen volke»ՙ հանուն գերմանական ժողովրդի:
ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Սոսե Մայիլյան