Իտալական «Ալիտալիա» ավիաընկերության նորամուտը Հայաստանում
Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը` իտալական «Ալիտալիան», դեկտեմբերի 11-ից, Հռոմի «Ֆիումիչինո» օդանավակայանից կանոնավոր չվերթեր կիրականացնի դեպի Հայաստան: Այդ մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպան Բրունո Սկապինին: Նա տեղեկացրեց, որ չվերթերը կիրականացվեն Ա320 օդանավերով: Ըստ դեսպանիՙ իտալական ավիաընկերության կողմից չվերթերի իրականացումը կամրապնդի Իտալիայի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունեցող ջերմ հարաբերությունները:
Բրունո Սկապինին Իտալիայի եւ Հայաստանի միջեւ ուղիղ կապը հրատապ անհրաժեշտություն համարեց Հայաստանի համար, նշելով, որ դրանով «Ալիտալիան» օժանդակելու է Հայաստանի տնտեսությանը: Նա նաեւ հավելեց, որ Հայաստան այցելող եվրոպացի զբոսաշրջիկների մեջ առաջին տեղը զբաղեցնում են իտալացիները, իսկ Հայաստանում ավելանում է Իտալիայի հանդեպ հետաքրքրությունը:
Տարածաշրջանում «Ալիտալիա» ավիաընկերության գլխավոր մենեջեր Ջովանի Սիմոնինին նշեց, որ չվերթերը կնպաստեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ աշխարհի տարբեր մասերում գտնվող հայկական համայնքների միմյանց հետ կապ հաստատելուն: Նա հայտնեց, որ Երեւան-Հռոմ չվերթեր կլինեն շաբաթը երկու անգամ, թռիչքը կտեւի չորս ժամ, իսկ տոմսի արժեքը կլինի «շատ մրցունակ»: Հռոմ ժամանումը կլինի 7:30-ին, որպեսզի Հայաստանի ուղեւորները կապվեն նաեւ Եվրոպա մեկնող այլ թռիչքներին` Հռոմի օդանավակայանը օգտագործելով որպես տարանցիկ կետ:
Ա. Մ.