«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2012-11-08 | #199, 2012-11-09 | #200, 2012-11-10


ՌԴ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՆՈՐ ՊԵՏԸ Վ. ԳԵՐԱՍԻՄՈՎՆ Է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր հրամանագրով բանակի գեներալ Նիկոլայ Մակարովին ազատել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի, պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոններից եւ նրան հեռացրել է զինված ուժերից: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը: Պաշտպանության նորանշանակ նախարար Սերգեյ Շոյգուն Պուտինին ներկայացրել է գլխավոր շտաբի նոր պետի թեկնածություն: Խոսքը Վալերի Գերասիմովի մասին է, որի թեկնածությունը հաստատել է ՌԴ նախագահը:

Բացի դրանից, Պուտինի հրամանագրով պաշտոնանկ է արվել ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Սուխոռուկովը: Նրա պաշտոնում նշանակվել է Արկադի Բախինը, որն անցյալում Արեւմտյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարն էր:

Օդատիեզերական պաշտպանության զորքերի պետ Օլեգ Օստապենկոն նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ:

Ավելի վաղՙ նոյեմբերի 6-ին Պուտինը անսպասելիորեն պաշտոնանկ էր արել պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին, նրա պաշտոնում նշանակելով Մոսկվայի մարզի նահանգապետ, արտակարգ իրավիճակների նախարարության նախկին ղեկավար Սերգեյ Շոյգուին: Կրեմլի մամլո ծառայությունում նշում են, որ Շոյգուի նշանակումը կատարվել է վարչապետ Մեդվեդեւի խորհրդի համաձայն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4