Ինտերպոլի պատմության մեջ առաջին անգամ ղեկավարի պաշտոնում կին է ընտրվել: Հռոմում անցկացված միջազգային ոստիկանական կազմակերպության համաժողովում նախագահի պաշտոնը վստահվել է Ֆրանսիայի ոստիկանության կոմիսար Միրեյ Բալեստրազիին: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:
Բալեստրազին ոստիկանության կոմիսար է դարձել 1975-ին: Նա հայտնի է դարձել Բորդոյում եւ Կորսիկայում կազմակերպված հանցավորության դեմ մղած հաջող պայքարի շնորհիվ: Մասնավորապես 1990-ականներին Կորսիկայում գլխավորել է քրեական ոստիկանությունը, երբ զանազան հանցախմբեր իրար դեմ էին ելել հանուն ազդեցության ոլորտների:
58-ամյա Բալեստրազին 2010-ից զբաղեցնում էր Ինտերպոլի եվրոպական գործադիր կոմիտեի փոխնախագահի պաշտոնը: Այդ մարմնի 13 անդամներից միայն երկուսն են կանայք: Հռոմում Ինտերպոլի համաժողովում ելույթ ունենալովՙ Ֆրանսիայի ներքգործնախարար Մանյուել Վալսը հայտարարեց, որ Բալեստրազին «այն կանանցից է, որոնք կազմում են Ֆրանսիայի ոստիկանության պարծանքը»:
Վալսի խոսքերով, կազմակերպված հանցավորության դեմ մղվող պայքարում Բալեստրազիի կուտակած փորձը նրան կօգնի նոր պաշտոնում դիմակայել Հարավային եւ Արեւելյան Եվրոպայի թմրադեղերի առեւտրականներին եւ մաֆիային: