«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2012-11-08 | #199, 2012-11-09 | #200, 2012-11-10


ԻՐԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՊԵՐՃԱՆՔԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ

Իրանի իշխանություններն արգելել են պերճանքի առարկաների ներմուծումը: Պատճառը գործող հակաիրանական պատժամիջոցների եւ ազգային արժույթի կտրուկ թուլացման պայմաններում արտարժութային ծախսերը կրճատելու անհրաժեշտությունն է: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունըՙ վկայակոչելով կառավարական պաշտոնաթերթ Iran-ի հրապարակումը:

Արգելվում է ներմուծել 75 ապրանքատեսակ, այդ թվումՙ ավտոմեքենաներ, նոութբուքներ, ձեռքի ժամացույցներ, բջջային հեռախոսներ, սուրճ, զուգարանի թուղթ եւ այլն:

Ձեռնարկված միջոցները վերաբերում են միայն պատրաստի արտադրանքներին: Կշարունակվի այն բաղադրամասերի ներմուծումը, որոնցից Իրանում պատրաստում են ձեռքի ժամացույցներ, նոութբուքներ եւ բջջային հեռախոսներ:

Իրանն ստիպված է արտարժույթ խնայել մանավանդ 2012-ի հուլիսի 1-ից ի վեր, երբ Եվրոմիությունը հրաժարվեց իրանական նավթի գնումներից: Իրանի դեմ գործում են նաեւ ԱՄՆ-ի հաստատած ֆինանսական պատժամիջոցները:

Հոկտեմբերի սկզբներին իրանական ռիալը կտրուկ արժեզրկվեց: Տարեսկզբից իրանական արժույթը գրեթե եռապատիկ էժանացել է:

Հակաիրանական պատժամիջոցները պայմանավորված են Արեւմուտքի այն երկյուղներով, թե Իրանը սեփական միջուկային ծրագիրը կօգտագործի ատոմային ռումբի ստեղծման նպատակով: Թեհրանը պնդում է, թե ծրագիրն ունի զուտ խաղաղ նպատակներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4