Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀԱՊԿ-ի շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հերթական նիստում հանձնաժողովի անդամներին է ներկայացրել հոկտեմբերի 15-ին Մոսկվայում իր եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հանդիպման եւ «ՀՀ գործունեությունը ՀԱՊԿ շրջանակներում» թեմայով կլոր սեղանի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները: Առաջինը նախատեսվում է ստեղծել հայ-ռուսական հումանիտար կենտրոն, որը, համաձայն ԱԱԽ քարտուղարի, «հնարավորություն կտա Հայաստանին ներկրելու նորագույն սարքավորումներ, տեխնիկա եւ ունենալու հզոր ենթակառուցվածք», ինչը «մենք կարող ենք օգտագործել մեր երկրում արտակարգ իրավիճակների ժամանակ», ասել է Բաղդասարյանը: Հաջորդը նախագահ Պուտինի հրամանագրով Հայաստանում «Ռոսգրանիցա» պետական գործակալության Հայաստանի ներկայացուցչության բացումն ու դրա ֆինանսավորումն է. «Սա նույնպես շատ կարեւոր է, քանի որ այսօր ռուս սահմանապահների վերահսկած Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Իրան սահմանները լուրջ արդիականացման կարիք ունեն, եւ այս նախագծով այդ սահմանները փաստորեն կարդիականանան», ասել է ԱԱԽ քարտուղարը: Ի դեպ, Հայաստանը միակ պետությունն է, որտեղ ՌԴ-ն ունի սահմանապահ ստորաբաժանում: Արթուր Բաղդասարյանը նաեւ տեղեկացրել է, որ թարմացվել է 20 տարի առաջ ստորագրված` Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիրը: Եվ վերջապես, համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների, Հայաստանում ՀԱՊԿ շրջանակներում կստեղծվի Ակադեմիա, «ինչը հնարավորություն կտա ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԱԾ, ԱԻՆ, ոստիկանության, պաշտպանության ոլորտների աշխատակիցներին անցնելու հատուկ վերապատրաստում ՀԱՊԿ ռեսուրսների ներգրավմամբ»:
Հ. Ա.