Երեկ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում դրական եզրակացություն չստացավ «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած նախագիծը` «2012 թվականի հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների, ինչպես նաեւ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության եւ ամենաթողության համար պատասխանատու եւ մեղսակից, գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ կյանքի եւ առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»:
Նախագիծը «Ժառանգության» անունից ներկայացրեց նախագծի հեղինակ Զարուհի Փոստանջյանը: Նախագիծը քվեարկության ժամանակ հավասար ձայներ ստացավ` 4 կողմ (Զ. Փոստանջյան, Արծվիկ Մինասյան, Գագիկ Ջհանգիրյան, Էդմոն Մարուքյան) եւ 4 դեմ (Դավիթ Հարությունյան, Հովհաննես Սահակյան, Արփինե Հովհաննիսյան ու Կարեն Ճշմարիտյան): Բացակա էր ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը: Ըստ խորհրդարանական լրատվության` ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու հիմնական փաստարկներից մեկն էր այն, որ դատական իշխանության անգործությունը եւ գործադիր իշխանության լիազորությունների չարաշահումը նախագծի հեղինակի կարծիքով անհրաժեշտ էին դարձրել դատական եւ գործադիր իշխանություններին հակակշռող եւ զսպող մեխանիզմի կիրառումը` ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի տեսքով:
Սակայն այդ հարցն այժմ «ջրվեց»` պետաիրավական հանձնաժողովում դրական եզրակացություն չստանալու պատճառով:
Մ. Խ.