«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2012-11-08 | #199, 2012-11-09 | #200, 2012-11-10


ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿՆ ՈՒ ՏԱՂԱՆԴԸ. ԵՐԲ ԲՆԱԿԱՆ ԵՆ ԵՎ ԱՌԻՆՔՆՈՂ

Տաշքենդի VI միջազգային ֆոտոբիենալեի Ոսկե մեդալակիրը

Միանգամայն տարբեր եւ այսքան ինքնատիպ ոչ միայն ստեղծագործական առումով, այլեւ նկարագրով, կերպարով, արտահայտչաձեւերով, մտածողությամբ, որքան Տաթեւ Մնացականյանն է, հազվադեպ է հանդիպում: Սփյուռքահայ մեր հայրենակիցները հաճախ ավելի ուշադիր են արտերկրում հայաստանցի մեր արվեստագետների, մտավորականների հաջողություններին, քան մենքՙ այստեղ, մեր ներսում: Երբ իտալական Տուրին քաղաքում անցկացված միջազգային մրցույթում Տաթեւ Մնացականյանըՙ դեռեւս գեղակադեմիայի ուսանողուհի, միանգամից երկու մրցանակ շահեց, Վենետիկի Մխիթարյան միաբան Հարություն վրդ. Պզտիկյանը գրեցՙ հայաստանցի աղջիկ մը մեկեն երկու մեդալ շահեցավ, դուք լուր չունի՞ք, ինչո՞ւ չեք գրեր:

Տաթեւին հանդիպեցի գեղակադեմիայում կազմակերպված հետտուրինյան իր ցուցահանդեսին: Անցել են տարիներ: Ինչպես ուսանելու շրջանում, դրանից հետո էլ նա հատկապես միջազգային ցուցահանդեսների, բիենալեների մասնակցության եւ հաղթանակների հարուստ կենսագրություն ձեւավորեց: Ինքն անցյալի հիշատակումներին, որքան զգացի, հակված չէ, համարելով դրանք փորձ ու փորձառություն, կարեւորն իր համար ներկան է, այսօրը:

Տաթեւի խոսքը, ժեստը, միմիկան ամեն անգամ ի հայտ է բերում ներաշխարհի եւ մտածողության նոր շերտ, անսպասելի գույն, թարմ երանգՙ բոլորովին տարբեր նախորդիցՙ փոխելով թե իրեն, թե շրջապատը, եւ պարզ է դառնում ստեղծագործական մոտեցման նորարարական իր ձգտումը: Եթե դիզայներական աշխատանք էՙ ուրեմն շրջապատի, միջավայրի սուր զգացողություն, իրերը այլ հայացքով տեսնելու եւ իմաստավորելու կարողություն եւ շնորհք, այսինքնՙ կերպավորելու եւ ինքնակերպավորվելու անընդհատ շարժում եւ իհարկե հետաքրքրական երեւակայություն: Նույնըՙ որպես լուսանկարիչ, որտեղ ֆոտոօբյեկտիվը իրականության պարզ արձանագրումը վերածում է գեղարվեստական փաստի, եւ ամենակարեւոր հատկանիշըՙ առանձնահատուկ մտածողության կնիքը կա: Սա հասկանում ես, երբ ճանաչում ես իրեն, լսում ես խոսքը, որի անշփոթելի ինտոնացիան ձայնը դարձնում է զարմանալի պատկերային:

Իր աշխատելաոճը ենթադրում է մասնագիտական տարբեր շերտերի փոխկապակցություն, իր մեջ լուսանկարչությունը, դիզայնը կամ գեղանկարչությունը պրոֆեսիոնալ նույն հարթության վրա են, որոնց տեխնիկապես տիրապետելը կամ օրենքների գիտությունը երբեմն գուցեեւ խանգարեն, եւ այոՙ եթե արվեստագետը կուրորեն հետեւում է դրանց, մինչդեռ իմպրովիզացիան, սեփական մեկնաբանությունը, գաղափարը, կոնցեպցիան են, որ ձեռագրին անհատականություն են հաղորդում:

Տարիների աշխատանքը բերում է փորձառություն եւ կայուն աշխարհայացքի ձեւավորում: Այս առումով մրցութային մասնակցությունների նշանակությունը երիտասարդ արվեստագետների համար մեծ է: Հայաստանյան մրցույթների փորձառությունը, սակայն, տաղանդավոր արվեստագետներին հաճախ հուսահատության է մատնում: Երբ նախապես գիտեն, թե ում գործն է ընդունվելու եւ ում աշխատանքը որտեղ եւ ում կողքին է կախվելու, արդեն իմաստազրկվում է թե՛ մասնակցությունը, եւ թե՛ հույսն է մարում: Այդպես եւՙ Տաթեւի պարագայում... «Երբ գտնվելով միջազգային շփման միջավայրերում շահում ես բազմաթիվ մրցանակներ, ոսկե մեդալներ, իսկ այստեղ աշխատանքդ ոչ միայն չի անցնում, դեռ հնարավոր է ջարդված հետ տանես (ինչպես Նկարիչներրի միությունում Մայրության օրվան նվիրված մի ցուցահանդեսին պատահեց)»: Նման իրականությունը վերաբերմունք է փոխում. բնականաբար ավելի հետաքրքրական ու հեղինակավոր է դառնում մասնակցությունը արտերկրի ցուցահանդեսներին, երբ ներկայացվող անունների մեջ հնչում է Արմենիա-Հայաստան անունը: Իսկ Տաթեւ Մնացականյանի մասնակցությունը ամեն անգամ մեր երկրի համար պատվաբեր է եղել, թե Տուրինում, Աթենքում, թե Վենետիկում կամ Ֆլորենցիայում, թե Բոսնիայում եւ թե Տաշքենդի վերջին բիենալեում:

Անցած տարի Թաթարստանում կայացած Arnament fest-ին մասնակցել էր քրոջՙ հագուստի մոդելավորող Հասմիկ Մնացականյանի հետ: Աշխատանքները կատարվում էին տեղում եւ այդտեղ էլ թողնում էին: Տաթեւի աշխատանքը Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու բարելեֆներից տրիպտիխ էր, ակտիվ կարմիր ֆոնինՙ սպիտակ, ոսկե, արծաթե ներկանյութով մանրանկարչությունՙ բերքահավաքի եւ որսի տեսարան պատկերող, կենտրոնում երկուՙ իրարամեջ ձկների խորհրդանիշն էրՙ հավերժության եւ արեւի: Նրա այս աշխատանքում ուշադրություն հատկապես գրավեց ձկան թեփուկների ինքնատիպ լուծումըՙ հայկական մետաղադրամների կարմրադեղնավուն փայլով: Տաթեւի այս եւ քրոջՙ Հասմիկի բնական կաշվե կտորներից հայկական կարպետի նախշերով աշխատանքները արժանացան մրցանակների` ինքնատիպ կատարման համար:

«Տուրինի օլիմպիադայի հաղթանակից հետո գեղարվեստի ակադեմիայում իմ ցուցահանդեսի բացմանը Ռուբեն Գեւորգյանցը ասացՙ աշխատանքներդ բոլորն էլ լավն են, բայց մի խորհուրդ տամ, եթե կուզեսՙ ընդունիր: Գործերիդ մեջ, մի տեղ հայկական մի բան արա, թեկուզՙ փոքր: Դրանից հետո հրավեր ստացա Բոսնիայից: Իրենք հացին նվիրված ցուցահանդես ունեն եւ հացի թանգարան ունեն: Ընտրեցի ամենագեղեցիկ լավաշը, էն որ ասում են ծաղիկ հաց, վերեւից ֆոտո արեցի, ֆոտոն լավաշի տեսք ուներ, որի տարբեր տեղերում հայերենով գրեցի մամիՙ մամա: Մամի, որովհետեւ հենց մեծ մայրն է լավաշ թխողը: Հատիկ-հատիկ գրեցի լավաշ, տառերըՙ ոնց որ լավաշի ծաղիկներ», պատմում է Տաթեւը. այդ լուսանկարը ընտրվեց լավագույնների մեջ:

Վերջին մասնակցությունը Տաշքենդի VI միջազգային ֆոտոբիենալեի «Ես խաղաղության մեջ եւ խաղաղությունն իմ մեջ» թեմայով մրցույթն էր, որտեղ նա գրավեց առաջին տեղը եւ շահեց Ոսկե մեդալ «Լավագույն նորարարական փորձարարական արվեստ» անվանակարգում: Տաշքենդի այս տարվա ֆոտոբիենալեն լայն ընդգրկում ուներՙ աշխարհի 35 երկրի ավելի քան 200 հեղինակի 1500 աշխատանքներ 10.000-ից ավելի այցելու ունեցան: Տաթեւի ներկայացված աշխատանքըՙ գեղագիտական բացառիկ նուրբ զգացողությամբ, համահունչ էր նորարարական փորձարարական արվեստ հասկացողությանը: Առհասարակ նորի, անսովորի, առաջադեմի հանդեպ հակումն ու ըմբռնումը հատուկ է Տաթեւի մտածողությանն ու կերպարին: Միաժամանակ ինքնանպատակ օրիգինալությանը ընդդիմացող իր ճաշակը եւ մտահղացումները մշտապես որոշակի գաղափարի շուրջն են եւ հստակ կոնցեպցիա ունեն: Սրա վկայությունը ֆոտոդիմանկարների շարքի սեփական նախաձեռնությունն է, որ փորձում է իրագործել տեւական մի ժամանակ եւ դժվարորեն, որովհետեւ թե՛ գաղափարը, թե՛ ծավալային ընդգրկումը տարողունակ են: Շարքի հերոսները ավագ սերնդիՙ մեր կողքին ապրող այն արվեստագետներն են, որոնց հանիրավի մոռացումը եւ ստեղծած արժեքների անտեսումը երիտասարդ արվեստագետը փորձում է վերականգնել: Արդեն բավական ժամանակ աշխատում է այս ուղղությամբ, փորձում է գտնել, հանդիպել, լսել նրանց, փնտրում է ամենատարեցներին, որոնց մեջ` 102 տարեկան նկարչուհի, 104 տարեկան ճարտարապետ... Նպատակ ունի միջազգայնացնել ծրագիրըՙ ընդգրկելով մի քանի տարբեր երկրների հայ եւ օտարազգիՙ նույնպես տարեց արվեստագետների, ձեւավորել մշակութային յուրատեսակ երկխոսություն: «Այսօր իրենք կան, մեր կողքին են դեռ, բայց անունները հայտնի չեն: Հայտնի մարդկանց դիմանկարները գրեթե միշտ ցուցադրվում են հետմահու: Իսկ ինչու մինչ այդ չցուցադրել, երբ նրանք մեզ հետ են, չհիշել նրանց, չայցելել արվեստանոց, չբարեւել, չխոսել: Ինչո՞ւ իրենք ներկա չլինեն ցուցահանդեսին, իրենց լուսանկարի կողքին. թող գան խառնվեն մյուսներին»:

Իր համար յուրաքանչյուր ֆոտոդիմանկար առանձին աշխարհ էՙ տարբեր կոնցեպցիայով, մոտեցմամբ, որտեղ հաշվի է առնված յուրաքանչյուր դետալ, յուրաքանչյուրըՙ դիտված բնորոշ միջավայրում, իբրեւ շարունակվող կյանք, այսինքնՙ բնական ու ճիշտ. երբ լուսանկարը ինքը խոսում է: Ամեն լուսանկար մի պատմություն է, ապրող առանձին մի կյանք:

Այս շարքի առաջին ցուցադրությունըՙ 25 պերսոնաժ-25 լուսանկար կբացվի Ազգային ժողովի ցուցասրահային բաժնում, նոյեմբերի 14-ին: Իսկ ծրագրի շարունակության համար երիտասարդ արվեստագիտուհուն, բացի իր պրոֆեսիոնալիզմը, էնտուզիազմը, նվիրվածությունը եւ սերը, արտաքին աջակցություն է անհրաժեշտ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4