«Հանուն Հայաստանի ուսումնասիրությունների եւ ծրագրավորման «ԱՐՓԱ» ինստիտուտի կազմակերպությամբ առաջիկա նոյեմբերի 12-ին Շերման Օուկսի (Կալիֆոռնիա) Մերտինյան լսարանում «Միջնադարյան Հայաստանի (11-14 դարեր) պերճանքը» թեմայով դասախոսությամբ հանդես է գալու ֆրանսահայ ականավոր պատմաբան Կլոդ Մութաֆյանը:
Ըստ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրության, դասախոսության առիթ է հանդիսացել Մութաֆյանի վերջերս լույս ընծայած «Լեւանտի Հայաստանը» երկհատորանի ուսումնասիրությունը, որը պատմում է 13-րդ դարում արեւելքում ստեղծված ամենահզոր քրիստոնեական պետության եւ Եվրոպայի հետ առեւտրական հարաբերությունների մասին: «Լեւանտը» Միջերկրական ծովի արեւելյան մասի երկրներին, մասնավորապես Սիրիային եւ Լիբանանին տրված անվանումն է: Իր նորագույն զույգ գրքերում Մութաֆյանը ամբողջովին վերանայել է այդ ժամանակաշրջանի պատմությունը եւ նոր փաստերի հիման վրա ստեղծել գիտական բարձր մակարդակի կոթողային մի աշխատանք, որին հավելյալ արժեք են տալիս նաեւ ավելի քան 70 քարտեզներն ու ծագումնաբանական աղյուսակները:
Հ. Ծ.