«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2012-11-08 | #199, 2012-11-09 | #200, 2012-11-10


ՀՈԳԵՎՈՐ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ ՉԵՆ ՔԱՆԴՎՈՒՄ

Ավարտին է մոտենում արդեն բարի ավանդույթ դարձած Հանրապետության բոլոր մարզերի եւ քաղաքամայր Երեւանի հանրակրթական դպրոցներում անցկացվող «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական երկրորդ փառատոնի դպրոցական փուլը :

Փառատոնի նախաձեռնողը «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունն է, որը «Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության, «Русский мир» հիմնադրամի (Ռուսաստանի Դաշնություն) մասնակի ֆինանսավորմամբ: Փառատոնին աջակցում են նաեւ ՀՀ Կրթության եւ Գիտության, ՀՀ Մշակույթի նախարարությանները, Երեւանի քաղաքապետարանը, տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունները:

Փառատոնի նպատակն է Հայաստանի դպրոցականներին հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակութային եւ հոգեւոր արժեքներին, նպաստել Ռուսաստանի, ռուսական մշակույթի եւ ռուսաց լեզվի նկատմամբ նրանց հետաքրքրության բարձրացմանը:

Այս ամիսների ընթացքում, Հայաստանի հանրակրթական դպրոցներում, փառատոնի շրջանակներում կազմակերպվել է ոչ միայն ռուսական երգի մրցույթ, այլեւ ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի օրեր` բաց դասեր, ռուսական պոեզիայի ժամեր, գրական-երաժշտական ցերեկույթներ, վիկտորինաներ, ռուսական հեքիաթների ներկայացումներ եւ այլն:

Բարեկամության իսկական շքերթ էր կազմակերպել նաեւ Աբովյանի թիվ 2-րդ դպրոցը: Ամենուր թեւածում էր հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության շունչը: Հատկանշական էր, որ փառատոնի դպրոցական փուլի ամփոփիչ միջոցառմանը անմիջական ակտիվ մասնակցություն ունեին ոչ միայն դպրոցի աշակերտները, այլեւ նրանց ծնողները:

Թե՛ երեխաների ռուսերենի իմացության աստիճանը, թե ՛ միջոցառման բովանդակային կողմը եւ թե՛ աշակերտների, նրանց ուսուցիչների ու ծնողների ոգեւորությունը հաճելիորեն զարմացրեց ինձ: Մարդու, որը դահլիճում իրեն զգում էր ոչ թե որպես իր մասնագիտական պարտականությունները կատարող լրագրող, այլ այդ մեծ տոնախմբության մի մասնիկը, որպես եւս մի հուզված եւ ոգեւորված հանդիսատես:

Միջոցառումը փաստեց, որ հայ եւ ռուս ժողովուրդները իրար հետ կապված են յուրօրինակ, հոգեւոր, անտեսանելի կամրջով, որն ավելի ամուր է, քան հազարավոր փատյա կամ քարե կամուրջները:

Վստահաբար կարող եմ ասել, որ հայ եւ ռուս ժողովուրդների մշակույթի, պատմական ընդհանուր հիշողությունների, միասին անցած ուղու, նվաճումների ու հաղթանակների կրողներն այսօր մեր երեխաներն են, որոնց մասնակցությունը նմանօրինակ փառատոներին, էլ ավելի է ամրապնդում այն կապերը, որոնք հարյուրամյակներ առաջ ձեւավորվել են այս երկու եղբայրական ժողովրդների միջեւ:

Եթե միայն այս դպրոցի օրինակով էլ փորձենք փառատոնի դերի եւ նշանակության մասին գնահատական տալ, ապա միանշանակ պետք է նշեմ, որ փառատոնը կայացել է, իսկ կազմակերպիչների կողմից նախանշված նպատակը ոչ միայն իրականացվել է, այլեւ գերազանցել բոլոր սպասելիքները:

Հ.Գ. Ռուսական երգի մրցույթի արդյունքներով ձեւավորվում է հաղթողների դպրոցական թիմը` մարզային փուլին մասնակցելու համար:

Նոյեմբերի 1-ից 30-ը Երեւանում եւ մարզկենտրոններում կիրականացվի ծրագրի երկրորդ փուլը: Այս փուլում կատարողի գնահատման չափանիշ կդիտվի նաեւ ռուսերեն բառերի ճիշտ արտասանությունը, երգի հեղինակների, երգի ստեղծման պատմության մասին կատարողի իրազեկվածությունը: Եզրափակիչ փուլը տեղի կունենա Երեւանում` դեկտեմբերի 17-ին` Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում, իսկ գալա համերգը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում:

Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4