Այսօր Լաս Վեգասում պրոֆեսիոնալ ռինգում առայժմ անպարտելի Վանես Մարտիրոսյանը կմենամարտի կուբացի Էրիսլանդի Լարայի հետ: Այդ մենամարտի հաղթողը կդառնա WBC-ի վարկածով միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտոնական հավակնորդ եւ հնարավորություն կունենա ձեռնոց նետել չեմպիոնական գոտու տեր, մեքսիկացի Սաուլ Ալվարեսին:
Վանես Մարտիրոսյանը գտնում է, որ Սաուլ Ալվարեսը իսկական մարտիկ չէ ու վախենում է ուժեղագույն բռնցքամարտիկների հետ հանդիպումից: Նա նրան լավագույնների շարքին չի դասում եւ անհամբերությամբ է սպասում մեքսիկացու հետ հանդիպմանը, որպեսզի նվաճի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Լարայի հետ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում Վանես Մարտիրոսյանի 34-րդ մրցամարտը կլինի: Նախորդ 33 մենամարտից 20-ում նա հաղթել է նոկաուտով: Լարան 18 հանդիպումներից միայն մեկում է պարտվել, 11-ում հաղթել է նոկաուտով: