«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2012-11-09 | #200, 2012-11-10 | #201, 2012-11-13


ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՀԱԽՈՒՌՆ ՉԷՐ, ԻՆՉՊԵՍ ՈՐ ՆԱԽՕՐՈՔ ԵՆԹԱԴՐՎՈՒՄ ԷՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ խորհրդարանը նախ քվեարկությամբ մերժեց օրակարգ ներառել ընդդիմադիրների հեղինակած օրինագծերը: Դրանք վերաբերում էին «Հարսնաքարի» գործով ժամանակավոր հանձնաժողովի եւ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը («Ժառանգության» նախագծեր), ինչպես նաեւ կենսաթոշակի բարձրացմանը (Հրանտ Բագրատյանի նախագիծը):

Ապա քննարկեց մի քանի օրենք, որոնք ուղեկից էին երեկ խորհրդարանում ներկայացված 2013 թվականի բյուջեի նախագծին, ու այդ ժամանակ ընդդիմադիրներն ու ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանովը մի լավ իրար«տնտղեցին»:

Մինչեւ 2013 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին մի շարք նախագծեր, որոնք ամբողջացնելու էին բյուջետային տրամաբանությունը: Մասնավորապես` կառավարության այն նախաձեռնությունը, որով նվազագույն աշխատավարձը բարձրանում է 2500 դրամով, առիթ դարձավ, որ ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանի հախուռն բացասական գնահատականներին պատասխանի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը . «ՀՀԿ-ից լավ ո՞վ գիտե ժողովրդի խնդիրները, ո՞վ է բարձրացրել ժողովրդի կենսամակարդակը, բյուջեն դեֆիցիտից բերել հավելման», այս որակի եւ այլ հարցեր տեղաց նա իր ելույթում, նշելով, որ իրենք (ՀՀԿ-ն) հասկանում են, թե 35 հազար դրամ աշխատավարձը բավարար չէ խնդիրները լուծելու համար, բայց հնարավորությունն այդպիսին է, եւ շարունակելու են տարեցտարի ավելացնել աշխատավարձը: Ու հավելեց, որ պետք չէ ԱԺ ամբիոնն ընտրություններից առաջ քաղաքական շահարկման առարկա դարձնել, իսկ ողջ քննադատությունն էլ (ընդդիմադիր կորպուսից այլ ելույթներ էին ունեցել մի շարք պատգամավորներ) դերասանություն անվանեց:

Իսկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ելույթում թվեր էր բերել` նշելով, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը եվրոպական երկրների հետ համեմատած քսան անգամ ցածր է, որ ցածր նվազագույն աշխատավարձն ի վերջո բերում է շուկայի նեղացմանը, արտադրությունը չի ընդլայնվում, տնտեսությունը չի զարգանում:

Բագրատյանն առաջարկում էր այլ մեթոդաբանությամբ վերաբաշխել բյուջետային միջոցները` այդ ճանապարհով նվազագույն աշխատավարձը բարձրացնելով: Ապա կոչ արեց դեմ քվեարկել այդ նախաձեռնությանը, որի մեջ «ոչ որեւէ լուծում կա, ոչ էլ ինտելեկտ է ներդրված»:

Արծվիկ Մինասյանն էլ նշեց, թե այդպիսի օրինագծի ընդունման դեպքում ինքը պատրաստ է հրաժարվել պատգամավորական մանդատից, իսկ նվազագույն աշխատավարձի արժանապատիվ բարձրացում չապահովող եւ դրա համար ընդամենը 17 մլրդ դրամ չգտնող կառավարությանն էլ առաջարկեց, թե «չեք կարողանում` դրա ճանապարհը կա, գնացեք, ով կարող է, թող նա գա-անի»:

Բայց դե ընդդիմությունը ունի-չունի, այլընտրանք ԲՀԿ-ի հետ մի 40 ձայն ունի, այնպես որ մնում է ելույթների հնչեղությունը: Սաՙ բյուջեի տրամաբանությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկված եւ տեղում ընդունված մի քանի օրենքի մասով: Օրվա վերջում ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց 2013 թ. բյուջեի նախագիծը:

Նախապես ասենք` ԲՀԿ-ն, որ սովորաբար սպառնում էր քննադատել բյուջեն, երեկ բյուջեի ներկայացման ավարտից հետո հարցեր ուղղելիս առանձնապես չերեւակվեց: Միքայել Մելքումյանը ըստ էության մի քանի հարց տվեց` տնտեսագիտական: Հավանաբար ԲՀԿ-ականները զբաղված են նոր իդեա-ֆիքսով` խորհրդակցություններ քաղաքական ուժերի հետ անկացնելով խորհրդարանական համակարգի անցնելու վերաբերյալ եւ բյուջեի հետ գլուխ դնելու ժամանակ չունի: Եվ միայն Օսկանյանն էր, որ երեկվա նիստի ավարտին գնահատականներ պարունակող հարցեր ուղղեց Վ. Գաբրիելյանին:

Նախագծով բյուջեի եկամուտները կազմելու են 1 տրիլիոն 31 մլրդ 600 մլն դրամ, 13,2 տոկոս ավելի` նախորդ տարվա համեմատ: Հարկային եկամուտների եւ պետտուրքի մակարդակը կազմելու է ՀՆԱ-ի 21,8 տոկոսը` ավելի նախորդ տարվանից այնքան, որ կունենանք 0,6-0,7 տոկոս աճ: Ծախսերը 1 տրիլիոն 151 մլրդ դրամ, 400 մլն դրամի չափով են, 107,2 մլրդ դրամով անցած տարվա համեմատ դրանք աճել են: Դրանց 83,1 տոկոսն ընթացիկ ծախսերն են, մնացածըՙ կապիտալ ծախսերը` 119, 8 մլրդ դրամ, ռիսկերը գնահատվում են ՀՆԱ-ի 1,7 տոկոսը չգերազանցող լրացուցիչ ծախսերով:

Ֆինանսների նախարարը ներկայացրեց բյուջեի գերակայությունները, որ «Ազգը» մի քանի անգամ ներկայացրել է, դրանց գումարվում են մշտական խնդիրներ` տարածաշրջանում կայունությունն ու երկրի տարածքային ամբողջականությունը, ղարաբաղյան հակամարտության ուժերի հավասարակշռությունը պահպանելու ուղղությամբ անհրաժեշտ ֆինանսավորման եւ մակրոտնտեսական կայունության ապահովում:

Ծախսերի կառուցվածքն այս տեսքն ունի . սոցիալական ծախսերի տեսակարար կշիռը ընդհանուր բյուջետային ծախսերի 42 տոկոսն է, պաշտպանության, հասարակական կարգի պաշտպանության եւ ազգային անվտանգության ապահովման ծախսերը` 21 տոկոս, տնտեսության ճյուղերը տանելու են 14 տոկոս, պետական պարտքի սպասարկումը` 4,5 տոկոս, համայնքներին ուղղված դոտացիաները` 3,1 տոկոս: Պետական բյուջեից քաղաքացիների տնօրինած առձեռն եկամտի նվազում չկա:

Կրթության բնագավառի ծախսերը շուրջ 108 միլիարդ են` անցած տարվանից ավելի, չնայած աշակերտների թվի նվազում կա: Գիտության ոլորտում վերջնական հատկացումները պատգամավորների առաջարկներն ամփոփելուց հետո են հայտարարվելու` դրանք համապատասխանեցվելու են եկամուտների աճի սահմանաչափին: Առողջապահության ոլորտում շուրջ 70 միլիարդ դրամի ծախս է նախատեսված, սա գերակա ուղղություն է պետության համար` որակի եւ մատչելիության նշանի տակ:

Բյուջեն ներկայացնելուց հետո մի քանի պատգամավոր նաեւ հասցրին հարցեր տալ Վ. Գաբրիելյանին: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը համառորեն ուզում էր իմանալ, թե որքա՞ն աշխատատեղ է ստեղծվելու 2013-ին, եւ ի վերջո Վ. Գաբրիելյանից պոկեց` 10 հազար աշխատատեղ:

Զարուհի Փոստանջյանն ուզում էր իմանալ, թե ինչու վարչապետը չի ներկայացնում բյուջեն ու չի պատասխանում պատգամավորների հարցերին: Վ. Գաբրիելյանը, նշելով, որ կառավարությունն է իրավասու որոշելու, թե ով ներկայացնի բյուջեն, միաժամանակ մատնացույց արեց չորեքշաբթի օրվա հարցուպատասխանը, որի ժամանակ պատգամավորը կարող է հարց ուղղել վարչապետին եւ հենց այդպես էլ վարվել է բազմիցս: Փոտանջյանը համամիտ չէր` վարչապետը պետք է պատիվ համարի մեկ տարի օգտագործվելիքՙ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի ներկայացնելը եւ այդ առթիվ պատգամավորների հարցերին պատասխանելը:

Ասել ենք, Օսկանյանը ԲՀԿ-ից վերջում մի փոքր սրեց, թե ժամանակին ասել ենք` կառավարության ծրագրի հետեւը չկա քաղաքականություն, նպատակ եւ այլն, դա արտացոլվել է նաեւ բյուջեում: Ըստ Օսկանյանի` բյուջեի միայն քսանհինգ տոկոսն է իրական աճ, սա ինքնահոսի թողնված բյուջե է, կասկածամտությունն ավելի է խորանում, երբ թվերին ենք նայում: Թվերը երկու բյուջեներում (նախորդ եւ ապագա) շատ նման են, եկամուտները չեն աճում, գաղափարախոսություն չկա այս բյուջեի հետեւում: Վաչե Գաբրիելյանը բնականաբար չկիսեց Օսկանյանի տեսակետները` գաղափարախոսություն կա բյուջեի հետեւում: Եվ մի քանի թվեր էլ բերեց, որոնցով հակադրվեց Օսկանյանին:

Օսկանյանը մնաց իր կարծիքին` սա աճման բյուջե չէ, այնպիսի ոլորտներում են ավելացումները, որոնք աճ չեն խթանում, ավելի շուտ սղաճ են զսպում, մնացել ենք նախկին քաղաքականության վրա, որին էլի Վաչե Գաբրիելյանը համաձայն չէր:

Հավանաբար բյուջեի հանդեպ սուր դիրքորոշումները պետք է հայտնվեն այսօր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4