«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2012-11-09 | #200, 2012-11-10 | #201, 2012-11-13


ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԻՃԱԿԸ ԱՅՍ ՏԱՐՎԱ 9 ԱՄԻՍՆԵՐԻՆ

Գները Երեւանում նվազել են, մարզերում` աճել

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2012-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի անշարժ գույքի շուկայում կատարվել են 122406 գործարք, որը 10,3 տոկոս ցածր է նախորդ տարվա 9 ամիսների համեմատ: Օտարման գործարքների թիվը կազմել է 33388, որից առուվաճառքներինը` 76,3 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 40,3 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ 2011-ի 9 ամիսների համեմատ դրանց քանակը նվազել է 4,8 տոկոսով:

Մայրաքաղաքում առուվաճառքի 10009 գործարքների 60,6 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2011-ի հունվար-սեպտեմբերի համեմատ բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում 2012-ի 9 ամիսներին նվազել է 11 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում 2012-ի հունվար-սեպտեմբերին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 1 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) 9 ամիս 2011 թ.Միջին գները (դրամ) 9 ամիս 2012 թ.
Կենտրոն442300409100
Արաբկիր345400339000
Քանաքեռ-Զեյթուն266700266100
Նոր Նորք225500229400
Ավան236800239100
Էրեբունի234900236300
Շենգավիթ230100235000
Դավթաշեն258200259900
Աջափնյակ223100226700
Մալաթիա-Սեբաստիա222600225000
Նուբարաշեն147500140300
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից)257600255100

Մարզերում, բացառությամբ Երեւանի, 2012-ի 9 ամիսներին վաճառվել են 3069 բնակարաններ, որոնց քանակը 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,3 տոկոսով, իսկ միջին գներն էլՙ 4,9 տոկոսով:

Երեւանից հետո ամենաթանկ բնակարանները 2012-ի հունվար-սեպտեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 293 հազար դրամ: Երկրորդը Արմավիրն է` 177 հազար դրամ, Վաղարշապատում (Էջմիածնում) եւ Աբովյանումՙ 151 հազար դրամ 1 քմ-ի դիմաց: Ապա գալիս են Նոր Հաճընըՙ 128 հազար դրամ, Եղեգնաձորը 118 հազար դրամ, Գորիսըՙ 115 հազար, Իջեւանըՙ 112 հազար դրամ, Աշտարակըՙ 110 հազար դրամ 1 քմ-ի դիմաց ցուցանիշներով:

2012-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 3437 գործարք, որից 987-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը աճել է 2,7 տոկոսով, իսկ մարզերումՙ նվազել 8,6 տոկոսով:

Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2012-ի 9 ամիսներին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 0,3 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների գներն այսպիսին են եղել (տես աղյուսակը):

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները 2012-ի հունվար-սեպտեմբերին 2011-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 0,7 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները դարձյալ Ծաղկաձորում ենՙ 1 քմ-ն 304 հազար դրամ: Ապա Վաղարշապատն ու Աբովյանը, որտեղ 1 քմ-ն կազմել է 149 հազար դրամ: Հաջորդ Աշտարակն է` 132 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 128 հազար դրամ, Գորիսըՙ 126 հազար դրամ, Բյուրեղավանը, Ջերմուկը, Իջեւանը` 120 հազար դրամ, Գյումրին` 116 հազար դրամ, Եղվարդըՙ 115 հազար դրամ 1 քմ դիմաց:

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) 9 ամիս 2011 թ.Միջին գները (դրամ) 9 ամիս 2012 թ.
Կենտրոն462900461700
Արաբկիր373500368200
Քանաքեռ-Զեյթուն277800278300
Նորք-Մարաշ282700304800
Ավան244100256300
Էրեբունի240700225300
Շենգավիթ241100242900
Դավթաշեն271500261300
Աջափնյակ236700238000
Մալաթիա-Սեբաստիա232900224800
Նուբարաշեն150000144600
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից)274000273300

Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2012-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 9,2 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 33,9 տոկոսով: Ընդ որում, Երեւանում աճել է 4,7 անգամ, իսկ մարզերում միասին վերցրած նվազել` 36,8 տոկոսով:

Այս տարվա առաջին 9 ամիսներին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 976 գործարքներ, որից 604-ը` Երեւանում: Հիփոթեքային գրավադրման գործարքներից 83,6 տոկոսն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 10,3 տոկոսը` անհատական բնակելի տների, մնացածը հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2011-ի 9 ամիսների համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 43,1 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 52,4 տոկոսով, մարզերում` 16,4 տոկոսով:

Այսպիսով, 2012-ի 9 ամիսներին Հայաստանի անշարժ գույքի շուկան գնային առումով էական փոփոխություններ չի ունեցել, իսկ գործարքների քանակի առումով` հիմնականում նվազել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4