Եթե դրա պատճառը ուղղաթիռի վթարն է, ապա ինչո՞ւ վթարի համար սպառնալ PKK-ին
Նոյեմբերի 10 ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի մահվան օրն է: Նա մահացել է 1938-ին, տեղական ժամանակով 9.05-ին, Ստամբուլի «Դոլմաբահչե» պալատում: Շաբաթ օրը թուրքական մասնավոր հեռուստատեսություններից ahaber-ը «Աթաթուրքի մահվան գաղտնիքը» վերնագրով հաղորդում հեռարձակեց: Ըստ հաղորդմանՙ Քեմալ Աթաթուրքին անմիջականորեն չեն սպանել, սակայն նպաստել են, որ մահանաՙ ներարկելով նրան այնպիսի դեղեր, որոնք հակացուցված են երիկամների անբավարարվածությանը, ինչը նա ուներ:
Աթաթուրքի բուժումը, հակառակ նրա դժգոհության, բացառապես վստահվել է արտասահմանից հրավիրված բժիշկների: Չնայած մահվան պատճառների մասին վերջիններիս հակասական եզրակացության, մեկը դրա պատճառը համարել է թոքերի շարքից դուրս գալը, իսկ մյուսըՙ լյարդի ցիրոզը, առանց պարզաբանելու, թե ալկոհոլային խմիչքի չարաշահման հետեւանքով է առաջացել, կամ առաջացումը խթանել է մալարիան, դիակի հերձում չի արվել: Փոխարենը մահից հետո Աթաթուրքի բոլորՙ թղթադրամների եւ դրոշմանիշների վրա տեղադրված նկարները հանվել են: Դրանց խնամքով փոխարինել են «ազգային առաջնորդ» հռչակված եւ շուտափույթ նախագահի պաշտոնում ընտրված Իսմեթ Ինյոնուի նկարները:
Թերեւս կարելի է շրջանցել Քեմալ Աթաթուրքի մահվան օրըՙ պատճառներով հանդերձ, եթե նրա մահվան 74-րդ տարելիցին Սղերդի Փերվարի գավառում խորտակված ռազմական ուղղաթիռում չզոհվեր 17 զինծառայող, եւ խորտակումը սաբոտաժի կասկածներ չառաջացներ:
Ուղղաթիռում զոհվածներից 3-ը սպա են, 4-ըՙ ենթասպա, մնացածներըՙ հատուկ նշանակության զորքերի մարտիկներ: Ըստ պաշտոնական վարկածի, օրը եղել է մառախլապատ, ուղղաթիռը դիպչել է ժայռաբեկորին, քանի որ մառախուղը շեղել է օդաչուների ուշադրությունը: Այսինքնՙ ուղղաթիռի խորտակումը, թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով, վթարի հետեւանքն է:
Ընդգծելով այդ մասին, «վթարի հետեւանքով խորտակման» պաշտոնական վարկածում միաժամանակ նշվում է, որ զոհվածները օգնության էին շտապում Սղերդի Փերվարի գավառում «երկու օր շարունակ PKK-ի ահաբեկիչների հետ մարտնչող զինակիցներինՙ համալրելու առաջադրանքով»:
Խնդիրը, սակայն, ուղղաթիռում զոհված զինծառայողների առաջադրանքը չէ, այլ վերջիններիս կորուստը վթարով պայմանավորելիս, վթարի համար PKK-ին սպառնալու նախագահ Աբդուլլա Գյուլի գործելակերպը: Նա վթարին արձագանքեց Աթաթուրքի մահվան 74-րդ տարելիցի հանդիսություններին:
Նա մասնավորապես ասաց. «Այսօր մենք, ցավոք, ուղղաթիռի խորտակման պատճառով նոր զոհեր ենք տվել, որոնք իրենց ընկերներին օգնության հասնելու համար անձնազոհաբար անտեսել են անբարենպաստ եղանակը: Նրանք, ովքեր օգտվելով տարածաշրջանում եւ հատկապես հարեւան երկրներում տիրող անկայունությունից, ահաբեկչության միջոցով փորձում են կարգի հրավիրել մեր ազգին ու պետությանը, մեծապես սխալվում են եւ կզղջան դրա համար: Մեր դեմ զենքով դուրս եկողը արժանի հակահարված կստանա: Ունենք դրա անսասան կամքը: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, մեր ողջ ազգին եւ թուրքական զինված ուժերին»:
Այլ կերպ, նախագահ Գյուլի ելույթը միանգամայն հակասում է 17 զինծառայողի մահը ուղղաթիռի վթարով պայմանավորելու պաշտոնական վարկածի տրամաբանությանը: Եթե ելույթում խնդրո առարկան PKK-ի դեմ կռիվներն են եւ կռվողների համալրումը, այդ դեպքում էլ քրդական այս կազմակերպության համար առաջադրանք է դառնում համալրման կանխարգելումը:
Այս ամենի առումով հատկանշական է ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելիի խոսքերը: Նա թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի եւ վարչապետ Էրդողանի կառավարության ուշադրությունը հրավիրել է վերջին շրջանում հաճախակի դարձած ռազմական ուղղաթիռների վթարի հետեւանքով խորտակման վրա: Այնուհետեւ Բահչելին շարունակել է. «Անբարենպաստ եղանակային պայմաններում նշանակման վայր շտապող զինծառայողների անվտանգությունն ապահովելու անկարողության հարցը լրջորեն պետք է քննարկվի եւ հիմնովին պետք է վերանայվի այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների բնույթը: Եվ գլխավորը` բացարձակապես չպետք է բացառվի ուղղաթիռի սաբոտաժի, հարձակման եւ անուշադրության հետեւանքով խորտակման հավանականությունը»:
17 թուրք զինծառայողի կյանքը խլած ուղղաթիռը սաբոտաժի ենթարկվե՞լ է, թե՞ ոչ, չգիտենք, բայց որ «հարձակումը» ենթադրում է դրա շարժական զենիթահրթիռային համալիրից արձակած արկով խոցումը, ակնհայտ է: Ի դեպ, վերջերս Թուրքիան այդպիսի համալիրներ տրամադրել էր «Ազատ Սիրիայի բանակի» վարձու մարդասպաններին: Իսկ թուրք դիտորդներից ոմանք դրա առնչությամբ հեռուստաէկրանից մտավախություն էին հայտնել, որ այդ համալիրները շուտով կհայտնվեն PKK-ականների ձեռքում:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ