«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2012-11-09 | #200, 2012-11-10 | #201, 2012-11-13


ԱՆԿՅԱԼ ԴՐՈՇԻ «ԱՍՊԵՏՆԵՐԸ»

Օրերս Ադրբեջանում նշվել է «պետական դրոշի» օրը: Այդ առթիվ, իհարկե, մամուլը հեղեղված էր բազմաթիվ եւ բազմազան նյութերով: Բոլոր հրապարակումների համար, սակայն, պարտադիր բնաբան էր ընտրվել «իմաստուն» մի ձեւակերպում, որի հեղինակը «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւն է. «Ադրբեջանի դրոշը սոսկ դրոշ չէ: Դա մեր պետականության, անկախության սիմվոլն է: Այդ իսկ պատճառով Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է դա գիտակցի, գնահատի: Քաղաքացու սերը դրոշի հանդեպ պետք է հավասար լինի հայրենիքի, ժողովրդի, պետության հանդեպ նրա սիրուն»:

«Մաոական իմաստնություն» հիշեցնող սույն բառակույտին, ինչպես եւ սպասելի էր, պետական քարոզչությունը փորձել է ինչ-որ «իմաստ» հաղորդել: Բայց «ստացվել է ինչպես միշտ»: Քանի որ ի սկզբանե վերցվել է երկու ակնհայտ կեղծ կանխադրույթ: Առաջինը Հեյդար Ալիեւի անունը բոլոր միջոցներով Ադրբեջանի դրոշի հետ կապելն է: Դրան հասնելու համար «իլհամպրոպ»-ը կարճ անդրադարձ է կատարել պատմությանը եւ նշել, որ ներկա ադրբեջանական դրոշը առաջին անգամ «բարձրացվել է 1918թ. նոյեմբերի 9-ին»: Մինչ այդ «անկախ» Ադրբեջանի դրոշն այլ էր:

Այնուհետեւ պաշտոնական քարոզչամեքենան «ջնջել է» Ադրբեջանի նորագույն պատմության բոլոր կարեւոր իրադարձությունները: Մոռացության է տրվել նույնիսկ, որ 1989թ. նոյեմբերի 9-ին «անկախ» Ադրբեջանի դրոշը 70-ամյա ընդմիջումից հետո բարձրացվել է Բաքվի Լենինի, ներկայիս` «Ազադլիգ», հրապարակում, ԱԺՃ առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյի կողմից: Այդ դրոշն, իհարկե, մարդկանց տարել է հակահայկական ջարդերի, խորհրդա-իրանական սահմանի կազմաքանդման, ի վերջո` խորհրդային իշխանության դեմ զինված ապստամբության, որն ավարտվել է 1990-ի «սեւ հունվար»-ով: Բայց, հանուն արդարության, պետք է ասվեր ողջ ճշմարտությունը:

«Իլհամպրոպ»-ը, մինչդեռ, «ազգային վերազարթոնքի» պատմության մեկնակետ է հռչակել 1990 թ. հուլիսի 20-ը, երբ «Բաքու է վերադարձել Հեյդար Ալիեւը», իսկ արդեն հուլիսի 22-ին «մեկնել Նախիջեւան»: Որպես Նախիջեւանի ԻՀ Գերագույն խորհրդի նախագահՙ Հեյդար Ալիեւը «նախաձեռնել, իսկ 1990թ. նոյեմբերի 17-ին Նախ. ԻՀ Գերագույն խորհրդի նստաշրջանը որոշում է ընդունել ԱԴՀ դրոշը Նախիջեւանի ԻՀ պետական խորհրդանիշ ընդունելու մասին»: Եվ միայն դրանից հետո է հարկ համարվել «տողամիջում ասելու», որ 1990թ. նոյեմբերի 29-ին հրամանագիր է ընդունվել (ո՞ւմ կողմից` չի ասվում- Վ. Ա.) «Ադր. ԽՍՀ անվանափոխության եւ պետական դրոշի մասին», անցել է եւս 3 տարի, եւ 1993թ. հոկտեմբերի 3-ին Ադրբեջանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնց արդյունքներով` ձայների 99,98 տոկոսով հաղթանակ է տարել Հեյդար Ալիեւը»:

Ոչ մի ակնարկ իսկ այն մասին, որ Հեյդար Ալիեւը Ադրբեջանի... երրորդ նախագահն է եղել, որ նրան նախորդել են Աբուլֆազ Էլչիբեյը եւ Այազ Մութալիբովը: Ուղղակի` Հեյդար Ալիեւը Մոսկվայից «վերադարձել է Բաքու, մեկնել Նախիջեւան, դրոշի մասին որոշում ընդունել, 3 տարի անց հաղթել նախագահական ընտրություններում»: Ինչպես Հին Հռոմում, որտեղ նոր բռնապետը կարգադրում էր ոչնչացնել մինչ իր գահակալությունը եղած բոլոր պատմական վկայությունները: Կամ` ինչպես Հին կտակարանում Եհովան է ասում. «Ես եմ Ալֆան եւ Օմեգան, սկիզբը եւ վախճանը»:

Նման «բարձր նոտան», իհարկե, չէր կարող չներառել նաեւ ադրբեջանական դրոշի հանդեպ «թշնամանքի», այն «թուլամորթաբար հրկիզելու» եւ այս կարգի այլ «նրբերանգներ»: Անշուշտ` հետեւյալ «հերոսական» ընդհանրացմամբ. «Մեզնից յուրաքանչյուրը մի երազանք ունի` Ադրբեջանի դրոշը պետք է բարձրանա «Հայաստանի կողմից օկուպացված` մեր հայրենիքի տարածքների» (չակերտները մերն են- Վ. Ա.) վրա: Մենք կվերադարձնենք մեր նախնիների հողերը, մենք կբարձրացնենք այնտեղ Ադրբեջանի եռագույն դրոշը: Մենք դրան հավատում ենք»:

Եռա՞, թե՞ երկ կամ միագույն է Ադրբեջանի դրոշը, ի՞նչ է խորհրդանշում` «իսլամ, եվրոպեիզմ եւ առաջընթա՞ց», թե՞ սեւ-սպիտակ ոչխարների արշավանքը քաղաքակրթության եւ մշակույթի դեմ կամ, գուցե, վաղն այդ դրոշի վրա «Բոզ գուրդ» նկարվի` լուսնահար ոռնոցի պարզված դնչով, մեր խնդիրը չէ: Այդ դրոշը Արցախի վրա երբեք չի ծածանվել եւ չի ծածանվելու: Քանի որ Արցախում մեկ անգամ` համաժողովրդական որոշմամբ, պանծացված ՀԱՅԿԱԿԱՆ ԵՌԱԳՈՒՅՆԸ ծածանվում է իր ողջ վեհությամբ: Իսկ անկյալ դրոշի «ասպետներին» խորհուրդ կտանք հաշտ լինել ոչ միայն իրականության եւ իրողությունների, այլեւ ամենից առաջ` սեփական պատմության հետ: Լինելիության «ալֆան եւ օմեգան, սկիզբը եւ վախճանը» դա է:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4