Եթե այս տարվա սեպտեմբերի 9-ին Գյումրու քաղաքապետ ընտրված Սամվել Բալասանյանն արդեն մեկ ամիս է` պաշտոնավարում է, ապա 21 անդամներից կազմված համայնքային նոր ավագանին միայն երեկ` օրենքով նախատեսված ժամկետում պաշտոնապես ստանձնել է իր լիազորությունները: Այս առթիվ «Հոկտեմբեր» կինոթատրոնում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ հանձնվել են նորընտիր քաղաքապետի եւ ավագանու անդամների վկայականները, տեղի է ունեցել խորհրդանշական երդմնակալություն:
«Այսօր մենք պետք է հպարտ լինենք, որ Գյումրու ընտրյալներն ենք»,- իր խոսքում ասել է քաղաքապետը, չմոռանալով նշել, որ դա մեծ պատասխանատվություն է: Բալասանյանին եւ նոր քաղաքապետարանին Գյումրու բազում խնդիրների հետ մեկտեղ նախորդ համայնքապետ Վարդան Ղուկասյանից «ժառանգություն» է մնացել նաեւ շուրջ 1 մլրդ 200 մլն դրամի ֆինանսական պարտք, որն այս քաղաքի բյուջեի համար մեծ բեռ է: Նախորդ ավագանին, որն իր լիազորության բոլոր չորս տարիների ընթացքում ընդամենը եղել է Ղուկասյանի որոշումների անքննադատ ու միաձայն վավերացնող, վերջերս հրավիրված իր արտահերթ (վերջին) նիստում դեմ քվեարկեց քաղաքապետարանում աուդիտորական ստուգումներ անցկացնելու նոր քաղաքապետի առաջարկությանը... Այս նույն հարցի քննարկումով նոյեմբերի 22-ին իր առաջին նիստը կգումարի նոր ավագանին:
Գ. Մ.