«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2012-11-09 | #200, 2012-11-10 | #201, 2012-11-13


ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ 2 ՄԼՆ ԴՈԼԱՐԻՑ ԱՎԵԼԻ ԳՈՒՄԱՐ ԿՏՐԱՄԱԴՐԵՆ ՎԱՆԱՁՈՐԻ ԾՆՆԴԱՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն եւ Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, կֆինանսավորի Վանաձորում կառուցվելիք գերժամանակակից առողջապահական համալիրի ծննդատան շինարարությունը: Այս մասին տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը : Վերջինիս խոսքերով, համալիրը, որի շինաշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկայում, կառուցվելու է Համաշխարհային բանկի միջոցներով, իսկ շուրջ 2500 քմ տարածքով ծննդատունըՙ «Տաշիրի», որի համար Կարապետյան եղբայրները նախնական հաշվարկներով կտրամադրեն 2 մլն ԱՄՆ դոլարից ավելի գումար:

Խոսելով «Տաշիր» բարեգործական հիմնադրամի առաջիկա ծրագրերի մասինՙ Ա. Ճաղարյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 20-ին Վանաձորում կյանքի կկոչվի եւս երկու ծրագիր. Կարապետյանների ընտանիքի կողմից կպարգեւատրվեն Լոռու մարզի մոտ 50 երիտասարդ գիտնական, որոնք ապրում, աշխատում եւ ստեղծագործում են մարզի տարածքում, ինչպես նաեւ Լոռու մարզի բոլոր դպրոցների եւ միջին մասնագիտական ուսհաստատությունների շուրջ 300 մանկավարժ: Ուսուցիչների թեկնածությունները ներկայացրել են դպրոցների մանկավարժական խորհուրդները:

Վերջին մի քանի տարիներին Սամվել եւ Կարեն Կարապետյանների հովանավորությամբ պարբերաբար կազմակերպվել է Լոռու մարզի հազարավոր երիտասարդների եռօրյա հավաքն ու հանգիստը Ծաղկաձորում: Համագործակցելով «Լոռու երիտասարդ սերունդ» հասարակական կազմակերպության հետՙ համանման մի ծրագիր էլ «Տաշիր» հիմնադրամը կիրականացնի դեկտեմբերինՙ ընդգրկելով շուրջ 300 երիտասարդների:

Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավարը նաեւ տեղեկացրեց, որ իրենք դիմել են հանրապետության բոլոր պետական բուհերի ղեկավարներին խնդրանքովՙ տրամադրել իրենց բուհերում սովորող Լոռու մարզի միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ ուսանողների ցանկը: Այն ամբողջանալուն պես հիմնադրամը կքննարկի այդ ուսանողների հետ կապված ծրագիր իրականացնելու հարցը, ինչի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամլո ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4