ՎիվաՍել-ՄՏՍ-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է տեղեկացնել, որ ընկերության գլխամասային գրասենյակում կայացավ համատեղ մամլո ասուլիս` նվիրված «WebԾիրան» համահայկական 2-րդ օնլայն կինոփառատոնին: Ասուլիսին մասնակցեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը , «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը եւ Webtv.am ինտերնետ հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանը :
«WebԾիրան» 2-րդ համահայկական օնլայն կինոփառատոնը կմեկնարկի 2012 թվականի նոյեմբերի 20-ին եւ կավարտվի դեկտեմբերի 20-ին: Փառատոնի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:
«Արդեն երկրորդ անգամ ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է մշակութային կարեւոր միջոցառում դարձած «WebԾիրան» համահայկական օնլայն կինոփառատոնին, որի կարեւոր առանձնահատկություններից մեկն այն է, որ երիտասարդ սերնդի հայ կինոգործիչները գնահատվում են հասարակության կողմից: Վեբ տեխնոլոգիաների եւ կինոարվեստի եզակի այս համադրությունը քիչ հայտնի կինոգործիչներին հնարավորություն է տալիս իրենց ֆիլմերը ներկայացնելու ավելի լայն լսարանի` առանց զգալի ֆինանսական ներդրումների եւ առանց սահմաններ հատելու, հնարավորություն է ընձեռում բացահայտելու իրենց տաղանդը, դառնալ հայտնի եւ գրավել հանրության, ինչպես նաեւ ֆիլմարտադրողների ուշադրությունը: Որպես մշակույթի բարեկամ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստակամ է աջակցել երիտասարդներին` իրենց մշակութային ձեռնարկումներում: Երիտասարդ կինոգործիչներին մաղթում եմ հաջողություն` իրենց ծրագրերի իրագործման հարցում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Փառատոնը սահմանել է 1 գլխավոր եւ 2 խրախուսական մրցանակ: Գլխավոր մրցանակակիրը կպարգեւատրվի 300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով եւ հատուկ դիպլոմով, խրախուսական մրցանակի արժանացածները` 100-ական ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով եւ հատուկ դիպլոմով: Ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակին եւ հատուկ դիպլոմի:
«WebԾիրան» 2-րդ համահայկական օնլայն կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում` հատուկ մրցանակաբաշխության ժամանակ: Արդյունքները կամփոփի պրոֆեսիոնալ ժյուրին:
«WebԾիրան» 2-րդ համահայկական օնլայն կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ:
Կինոփառատոնին կարող են մասնակցել Հայաստանում եւ արտերկրում ապրող բոլոր կինոռեժիսորները` ներկայացնելով մինչեւ 20 րոպե տեւողությամբ, առանց ժանրային եւ ձեւաչափային սահմանափակումների ֆիլմեր:
«WebԾիրան» համահայկական կինոփառատոնին մասնակցելու համար, անհրաժեշտ է նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 10 ընկած ժամանակահատվածում DVD ֆորմատով ֆիլմերը ներկայացնել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ: