«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2012-11-09 | #200, 2012-11-10 | #201, 2012-11-13


ՄԵՏՐՈՊՈԼԻՏ ԴԻՈՆԻՍԻՈՍԸ ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբերի 10-ին հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը ճեմարանի իր գրասենյակում ընդունեց Հնդիկ Մալաբար եկեղեցու Կալկաթայի թեմի մետրոպոլիտ դոկտոր Ջոզեֆ Մար Դիոնիսիոսին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Հայր Սուրբը բարի գալուստ մաղթեց բարձրաստիճան հյուրին եւ շնորհավորեց Հնդկաստանում Հնդիկ Մալաբար եկեղեցու կաթողիկոսության հիմնադրման 100-ամյակի առթիվ ու մաղթեց, որ Երկնավորը նորանոր հարյուրամյակներ պարգեւի եւ շեն ու հաստատուն պահի քույր եկեղեցու հոգեւոր կենտրոնը Քերալայում:

Մետրոպոլիտ Դիոնիսիոսն իր գոհունակությունը հայտնեց հանդիպման համար, հետաքրքրվեց հնդկահայ հոգեւոր հովվության եւ Հայոց մարդասիրական ճեմարանի գործունեությամբ: Նա Հայր Խորենին հրավիրեց իրենց հոգեւոր կենտրոնՙ Քերալա, ինքն էլ ցանկություն ու պատրաստակամություն հայտնեց պատեհ առիթով այցելել Մայր աթոռ սուրբ Էջմիածին, Հայաստան:

Նրանք միասին աղոթեցին, ապա Մարդասիրականի բակում Դիոնիսիոս սրբազանն իր պատգամը փոխանցեց ճեմարանի աշակերտներին` հորդորելով ուսման մեջ լինել առաջադեմ, սիրել գիրքն ու լինել Հայաստանի արժանի եւ հպարտ զավակները:

Հրաժեշտից առաջ սրբազան հայրը եւ հայր սուրբը հուշանվերներ փոխանակեցին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4