ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Աշխարհով մեկ սփռված հայկական համայնքները հավաքականորեն պահպանում են իրենց լեզուն, պատմությունը, ավանդույթները, կրոնը եւ հիշողությունները: Նրանք են, որ անարդարություններին, ցեղասպանության ժխտումներին հակազդում են զանգվածային ցույցերով, եւ նրանք են, որ կարող են որոշակի ուժի ոտքի հանել քաղաքական գործողությունների համար: Ենթադրվում է դրանից, որ ցեղասպանության ժխտման դեմ կամ ճանաչման համար իրագործված զանգվածային գործողությունները կամ դրսեւորումները միշտ պետք է գան այդ հայկական համայնքներից: Բայց դա միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը:
Ճիշտ է, մենք կարեւոր քաղաքական ազդեցություն կարողանում ենք արձանագրել, երբ ցեղասպանության հիշատակի արարողություններում հավաքվում ենք, օրինակ, Նյու Յորքի «Թայմս» հրապարակում, բայց պատմությունը մեկից ավելի անգամներ ապացուցել է, որ համաշխարհային մակարդակի արվեստագետներ կամ նշանավոր անձնավորություններ, որոնք քաղաքական գործիչներ չեն, մեծապես նպաստել են ցեղասպանության ճանաչման գործընթացինՙ պարզապես դիպչելով մարդկանց խղճի լարերին:
Ես այս գիտակցությանը հանգեցիՙ վերջերս կարդալով մի գրքի մասին, որը գրված կամ հրատարակված չլինելով ինչ-որ հայկական մեծ մի համայնքում, այդուհանդերձ ստացել եւ շարունակում է ստանալ միջազգային համբավ եւ արժեւորում:
Բայց նախ մի փոքր նախաբան: Մենք հազվադեպ ենք լսում ռումինահայ համայնքի մասին, որը մոտ հազար տարվա պատմություն ունի: Երբ միջնադարյան Անի քաղաքը ասպատակվեց սելջուկների կողմից, տեղի հայ բնակչությունը ցիրուցան եղավ, հաստատվեց Ղրիմում, Արեւելյան Եվրոպայում եւ մասնավորապես Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում: 20-րդ դարի երկրորդ կեսին Եվրոպայի այդ մասը աշխարհից կտրված էր եւ այն օրինակը, որ ես ցանկանում եմ մեջբերել այստեղՙ ընդհանրացնելու համար իմ վերոնշյալ երեւույթը. հենց այդ մասից, իսկ ավելի կոնկրետՙ Ռումինիայից է:
Բուխարեստում 2006 թվականին հրատարակվել է մի գիրք, որն այժմ մեծ աղմուկ է առաջացնում ամբողջ Լատինական Ամերիկայում: Վեպի վերնագիրն է «Շշուկների մատյան» (The Book of Whispers), իսկ հեղինակըՙ Վարուժան Ոսկանյանը , որը Ռումինիայի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարն էր: («Ազգ»-ը արդեն անդրադարձել է այս գրքին:(Խմբ.): Վեպը հիմնված է Եղեռնը վերապրած իր պապի հիշողությունների վրա: Եվ չնայած հեղինակը անթերի տիրապետում է արեւմտահայերենին, նրա գիրքը ռումիներեն է գրված ավելի մեծ թվով ընթերցողների հասու լինելու համար:
Վեպն արդեն իսկ թարգմանվել է եբրայերեն, ֆրանսերեն, բուլղարերեն, գերմաներեն, շվեդերեն, իտալերեն եւ իսպաներեն: Ներկայումս մեծ ժողովրդականություն է վայելում լատինամերիկյան երկրներում: Իսպանախոս հասարակությունը շատ ընդհանրություններ է գտել Ոսկանյանի վեպի եւ կոլումբիացի Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործությունների միջեւ: Ընդհանրությունները հատկապես գրքի միստիկական ոճին են վերաբերում, եւ այդ առթիվ բազմաթիվ հիացական հոդվածներ են հայտնվել լատինական մամուլում:
Կոլումբիական «Լա Սեմանա» թերթին տված հարցազրույցում Ոսկանյանը խոստովանել է, որ ինքը Մարկեսի գործերով հիացողներից է, եւ որ նրա «Հարյուր տարվա մենություն» վեպը համարում է գրականության իր ամենասիրելի ստեղծագործություններից մեկը: Ոսկանյանը վերջերս հրավիրված էր Բոգոտաՙ Կոլումբիայի մայրաքաղաքը, մասնակցելու Մարկեսի պատվին կազմակերպված գրական մի փառատոնի: Ընթերցողը կարող է պատկերացնել, թե ինչ պատահեց հետո: Թուրք պաշտոնական անձինք փորձեցին խափանել գրքի հետագա հրատարակությունը, բայց հաջողության չհասան: Նույնը փորձեցին կատարել Լատինական Ամերիկայում, բայց նրանց այդ քայլը հակառակ ազդեցությունն ունեցավ, եւ գրքի ժողովրդականությունը ավելացավ, նույնիսկ հեռուստատեսությամբ ներկայացվեց:
Երբեմն մի գիրք կարող է ավելին անել, քան մի ամբողջ կոմիտե կամ նույնիսկ համայնք:
Այս վեպը հուշագրություն չէ: Ոչ էլ ցեղասպանության իրադարձությունների պատմություն: Այն ունի գրական լուրջ արժեք եւ գրված է մարկեսյան ոգով: Ոսկանյանի խոսքերովՙ վիպասանի գործը բարոյականություն քարոզելը կամ գրական գործում բարձրացված հարցերի պատասխան տալը չէ: Գրողը պետք է ճշմարտությունը ներկայացնի եւ թողնի, որ ընթերցողը ինքը եզրակացություններ անի:
Ոսկանյանի պարագան միայն մեկն է օրինակներից: Կան նման շատ այլ պարագաներ եւ անհատներ: Սա խոսում է այն մասին, որ պատմագրության մեջ կա մի թաքուն ուժ, խոր թաղված, եւ ոչ ոք չգիտի, թե այդ ուժը երբ եւ ինչպես է մակերես դուրս գալուՙ ներկայացնելու համար հայերի ցավը:
Մեկ ուրիշ օրինակ է Շառլ Ազնավուրը , որ համաշխարհային հռչակ ձեռք բերելուց հետո նվիրեց իրեն հայկական քարոզչությանը:
Ո՞վ կմտածեր, որ Պադուայում (Իտալիա) երկրորդ կամ երրրոդ սերնդի իտալահայ Անտոնիա Արսլանը , համեմատական գրականության այդ պրոֆեսորը երեւան կհանի հայկական ցեղասպանությունը հրաշալի գրական ձեւի մեջ ներկայացնող իր «Արտույտների ագարակը» բեսթսելլերը:
Հաջորդը Ամերիկայում ժողովրդականություն վայելող Քրիս Բոհջալյանն է, որն իր վեպերում երբեք չէր անդրադարձել հայկական թեմաներին: Նա գրական համբավ էր ձեռք բերել հիմնականում գրելով մարդկային տարբեր իրավիճակների եւ հանգամանքների մասին, որոնք մեծ մասամբ տեղի են ունենում իր բնակված վայրիՙ Վերմոնտի շրջանում: Բայց Հայոց ցեղասպանության հարցն, ըստ էության, հասունանում էր արյան մեջ, եւ ծագումնաբանական հիշողությունը ի վերջո ծնունդ տվեց իր նորագույն բեսթսելլերինՙ «Ավազե ամրոցի աղջիկները», որն, ըստ իրեն, արտացոլում է իր ներաշխարհը:
Ոչ ոք չի պարտավորեցրել այդ գրողներին եւ արվեստագետներինՙ պաշտպանելու ցեղասպանության ճանաչման հարցը: Նրանք անձնական նախաձեռնությամբՙ մարդկային խոր զգացմունքներով ու համոզմունքներով են առաջնորդվում: Այդ զգացմունքները հրաբխի նման ժայթքում են, երբ նրանք ներքին ճշմարտություններին եւ իրենց ձեւավորած անցյալի պատմական փաստերին են առնչվում:
Ամենավառ օրինակը արվեստագետի, որ քաղաքական լուրջ ներդրում է ունեցել, Սերժ Թանգյանն է, ժողովրդականություն վայելող «Սիստեմ ըվ է դաուն» խմբի նախկին առաջնորդը եւ այժմ հաջողակ մեներգիչը: Լիբանանահայ ներգաղթյալների զավակը, որ Լոս Անջելեսում է մեծացել, դարձել է շատ երիտասարդների կուռքը: Իր արվեստի հազարավոր երկրպագուների առաջ ելույթ ունենալովՙ նա ինքնաբերաբար արտասանեց «կատարվածը ցեղասպանությո՛ւն էր» բառերը:
Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայում «Նորմայի» իր աստղային ելույթից հետո, երբ սոպրանո Հասմիկ Պապյանին է մոտենում մի լրագորղ եւ հարցում, թե իր արտակարգ տաղանդը ինչի՞ն է վերագրում, նա պարզապես պատասխանում էՙ «Ես հայ եմ»:
Այդ ինքնակամ առաքելությունը հատուկ է նաեւ այլ բնագավառների ներկայացուցիչներին: Քըրք Քըրքորյանն , օրինակ, որ երբեք հայկական միջավայրում չէր դրսեւորել իրեն եւ նույնիսկ պատճառ ուներ հայերից նեղանալու, որովհետեւ կրթաթոշակ չէին հատկացրել նրան, այժմ միլիոնավոր դոլարներով օժանդակում է Հայաստանին: Եվ չմոռանանք մտավոր աշխարհից հեռու կանգնած հանրահռչակ Քիմ Քարտաշյանին , որն իր սկանդալային պատմություններից անկախ, ապրիլի 24-ին Twitter-ում հայտնվելով, հայտարարեց. «Այսօր մենք պարտավոր ենք միավորվել եւ հիշել այն 1,5 միլիոն հայերին, որոնք կոտորվեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ»: Նրա հայտարարությունը հազարավոր անգամներ կրկնվեց համացանցի գրեթե բոլոր գլխավոր կայքերով եւ հասավ միլիոնավոր մարդկանց:
Ոչ ոք չի կարող շփոթել Քարտաշյանին այնպիսի ականավոր գիտնականների հետ, ինչպիսիք են Վահագն Տատրյանը, Ռիչարդ Հովհաննիսյանն ու Թաներ Աքչամը, սակայն ինչքան էլ տխուր լինի արձանագրել, պետք է խոստովանել, որ նա ավելի շատ մարդկանց է հասու լինում, քան այդ գիտնականներից որեւէ մեկը:
Շերն, իր հերթին, 1988-ի ավերիչ երկրաշարժի օրերին մնաց Հայաստանի կողքին եւ կիսեց հայ ժողովրդի ցավն ու տագնապը:
Այս երեւույթին մենք մեկ անգամ չէ, որ դեռ հանդիպելու ենք: Միշտ էլ լինելու են թաքնված «ակտիվիստներ», որոնք պատրաստ են լինելու նպաստել հայկական դատին: Սա իհարկե բախտավորություն է: Սակայն դա բոլորովին չի նշանակում, որ հայ հասարակական կյանքն ու հայկական համայնքներն ի վիճակի չեն ծնունդ տալու նման երեւույթների կամ անձնավորությունների: Իհարկեՙ ոչ: Բայց Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտության բացահայտումը միշտ էլ երեւան է գալու հանկարծակի, չակնկալված րոպեների եւ չակնկալված տաղանդների կողմիցՙ լուսավորելու համար մեր ապագայի ճանապարհը: Մենք պետք է այն վստահությունն ունենանք, որ Ոսկանյանի վեպի «շշուկները» ժամանակի ընթացքում ուժեղանալու են, դառնալու համաշխարհային արդարության համար բարձրաձայնվող պահանջներ:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ.ՙ Հ. Ծ.