«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2012-11-09 | #200, 2012-11-10 | #201, 2012-11-13


ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԸ ՆՇԵՑ ԻՐ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ

Նոյեմբերի 10-ին տոնական հանդերձանք էր հագել Սեւանը: Տոնական էին նրա գլխավոր զարկերակը` Նաիրյան փողոցը, բակերն ու մյուս փողոցները, տոնական էր մարդկանց տրամադրությունը: Քաղաքը նշում էր իր ծննդյան օրը: Հանդիսությունները մեկնարկեցին քաղաքի գլխավոր` Արցախյան պատերազմի հերոս Վլ. Կարապետյանի անունը կրող հրապարակից` «Ծնունդդ շնորհավո՛ր, Սեւան» կարգախոսով: Հյուրերի թվում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, բազմաթիվ համայնքների ղեկավարներ: Մի ակնթարթում հրապարակը լցվում է երեխաներով, եւ նրանք շուրջպար բռնած ազդարարում են Սեւանին նվիված տոնակատարությունների սկիզբը:

1842թ. ճիշտ այս օրերին ռուս աղանդավորների` մոլոկանների քսան ֆուրգոնից բաղկացած մի շարասյուն, Վրաստանից գաղտնաբար դուրս գալով, անցավ Սեմյոնովկայի լեռնանցքը եւ Սեւանա լճի հյուրընկալ հայացքի տակ կանգ առավ Հրազդան գետի արանքում կանաչին տվող ցամաքի մի ընդարձակ լեզվակի վրա, այստեղ նրանք բնակավայր հիմնեցին եւ ի պատիվ ռուսական կայսր Պավել Առաջինի վեց աղջիկներից Ելենայիՙ Ելենովկա կոչեցին: Սա է Սեւանի պատմության սկիզբը, եւ 170 տարի անց էլ մոլոկանները երկու սայլերով մտնում են հրապարակ:

Հետո հոծ բազմությունը` պատանի երկրապահների խրոխտ քայլերի ուղեկցությամբ շարժվում է նախկինում մոլոկաններով բնակեցված թաղամաս, որտեղ Սեւանի անվանակոչման ու նաեւ մոլոկանների պատմությունն է ներկայացվում` ուղեկցվելով ռուսական խոհանոցի հյուրասիրությամբ: Ապա` «Լռության րոպե»` Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ: Միջոցառումները շարունակվում են Սեւանի շուկայի դիմաց, ուր սեւանյան աշնան բարիքներն են ցուցադրվում: Այստեղ տարածքի գյուղերից ամեն մեկը ներկայացել էր յուրովի` իր ճոխ ու տոնական սեղանով, որոնցից հետ չէին մնացել քաղաքի հասարակական սննդի օբյեկտները, Սեւանի հացի գործարանը, շրջակա առեւտրի սրահները: Հյուրասիրության էր հանվել ամեն ինչ` ինչ տալիս է Սեւանի բնությունը ու ինչ ընդունակ է պատրաստելու հյուրասեր սեւանցին` ղափամա ու խորոված, գաթա ու հալվա, զանազան այլ համեղ ուտեստներ...

Քաղաքապետարանի բակում արդեն քաղաքի խորհրդանշանական բանալին է հանձնվում համայնքի նորընտիր ղեկավար Ռուդիկ Ղուկասյանին: Կարեւորելով նման միջոցառումների անցկացումըՙ քաղաքապետը նշեց. «Նախաձեռնելով Սեւանի տոնակատարության անցկացումը, որ հետայսու դառնալու է ավանդական, մեր նպատակն է, որ այն դառնա սեւանցիների միասնության խորհրդանիշը, եւ այդ միասնությունը մեզ հիշեցնի, որ մենք պարտք ունենք մեր քաղաքի հանդեպ»: Ապա «Օրինակելի ընտանիք»-ի հավաստագիր է հանձնվում Մնացականյանների ընտանիքին` հայ ընտանիքի ավադույթների պահպանման, հասարակության մեջ եւ ընտանիքում օրինակելի կերպարի դրսեւորման, տարբեր բնագավառներում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար:

Միջոցառումը եզրափակվեց քաղաքային մշակույթի պալատում տեղի ունեցած տոնական համերգով, իսկ երեկոյան տրվեց հրավառություն:

Պ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Սեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4