«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2012-11-09 | #200, 2012-11-10 | #201, 2012-11-13


«ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՐԸ» ՀԱԿՈԲ ԳՈՒՅՈՒՄՃՅԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ

Քսաներորդ դար: Գիտության բազմաթիվ նվաճումներով հագեցած, բայց նաեւ մարդկությանը անասելի դժբախտություններ մատուցած մի ժամանակաշրջան, որի վայրիվերումներին անդրադարձել են մեր անզուգական բանաստեղծերըՙ Սեւակ, Չարենց, Թեքեյան, Սահյան, Կապուտիկյան, Դավթյան, Էմին եւ այլք:

ՀՀ մշակույթի նախարարության հրավերով, Երեւանում գտնվող լիբանանահայ վաստակավոր ասմունքող Հակոբ Գույումճյանը, որ վաղըՙ չորեքշաբթի նոյեմբերի 14-ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես է գալու վերոնշյալ բանաստեղծների ստեղծագործություններից մի հրաշալի փնջի մենակատարմամբ, ընտրել է «Քսաներորդ դար...» խորագիրը եւ հավատացած է, որ ի հակադրություն Սփյուռքի, Հայրենիքում դեռ բարեբախտաբար կան մարդիկ, որոնք «բանաստեղծությունը ըմբոշխնում են եւ կատարողական արվեստըՙ գնահատում»:

Գույումճյանը բավական վաղ է սկսել ասմունքել: Դեռեւս փոքր տարիքից, իր իսկ խոսքերով, «հատուկ սեր եւ հակում ունեցած եմ գրականության, հատկապես բանաստեղծության եւ անոր մեկնաբանման հանդեպ»: Իսկ 1966-1971 թթ. Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում ճարտարապետություն ուսանելու տարիներին ասմունքի հայրենի վարպետներին ունկնդրելը եւ հետագայում նրանց հետ բեմ բարձրանալը զգալիորեն բարեփոխել են ասմունքի հանդեպ նրա վերաբերմունքը, նպաստել ընդունակությունների առավել բացահայտմանը եւ այդ ասպարեզին անվերապահ նվիրվելու հոգեկան բավարարվածությանը:

Նրա մասին գրված դրվատանքի բազմաթիվ խոսքերից առանձնացնենք մի քանիսը - թատերագետ, ակադեմիկոս Լեւոն Հախվերդյան. «Արվեստագէտը բնորոշելու համար պէտք է գտնել նրա ամէնից յատկանշական գիծը, դա կեանքի դրամատիկական զգացողութիւնն է, ուրիշ խօսքովՙ կեանքի աններդաշնակութեան սուր, ցաւագին զգացողութիւնը: Յակոբ Գույումճեանն աւելի քան մէկուկես ժամ լարուած պահեց ունկնդիր հասարակութիւնը» (Կահիրե, «Արեւ» օրաթերթ, դեկտ. 22, 1984 թ.): Փիլ. գիտ. դոկտ. Գեւորգ Խրլոբյան. «Կատարման տպաւորչականութիւնը բխում էր երկի ներքին տրամաբանութիւնից, որի ճիշդ մեկնաբանումի ու վերլուծումի վրայ էր նա դրել շեշտը: Յակոբը գնում էր տրամաբանութիւնից, իմացական արժէքից դէպի զգացմունքայնութիւն եւ ոչ հակառակը, կատարումը ծալք առ ծալք բացայայտում էր երկի գեղագիտական հարստութիւնը, յաճախ ունկնդրին դնելով նոր յայտնագործումների դէմ յանդիման» (Լոս Անջելես, «Մասիս», նոյեմբեր 9, 2002 թ.):

Արձակագիր Սարգիս Վահագն . «Արուեստագէտ ասմունքողին ճարտարութիւնն ու անոր ապրուած, ներշնչուած հոսքը բառերուն եւ պատկերներուն... երեկոն վերածեցին հոգեկան խրախճանքի եւ վայելքի... կարեւորը այն էր, որ տրուածը իրագործուեցաւ արուեստով, ապրումով եւ սլացքով: Պարզ, անսեթեւեթ կեցուածքով, մաքուր առոգանութեամբ եւ հայերէնին զոյգ հատուածներուն արժանավայել հնչականութեամբ: Բազմածալք խռովքով, եւ մանաւանդՙ նուրբ երանգաւորումով եւ այլազանութեամբ (Լոս Անջելես, «Նոր օր», հոկտեմբեր 26, 2002 թ.):

Հակոբ Գույումճյանի ասմունքային առաքելությունների նպատակն է աշխարհին սպառնացող գլոբալիզացիայի եւ ռոբոտայնության պայմաններում մարդկանց տոգորել մարդկության գաղափարներով, մարդկային, հոգեւոր արժեքների պահպանումը հնարավորինս երկարաձգելու գիտակցության կարեւորությամբ:

Նա բծախնդիր է բանաստեղծությունների ընտրության հարցում եւ գիտի հմտորեն շաղկապել մեկը մյուսի հետ: Ինքը եւս բանաստեղծ է եւ ունի «Հոգեհատոր» ժողովածուն, որ իր վերնագրին պես, ինչպես ինքն է բնորոշում, «հոգեհատոր էլ մնաց»ՙ լինելով միակը:

Սակայն նրա ելույթները տեղի են ունեցել ամենատարբեր հայկական համայնքներումՙ Բեյրութում, Հալեպում, Ամմանում, Կահիրեում, Նիկոսիայում, Գլենդեյլում, Տորոնտոյում, Մոնրեալում եւ անշուշտ Երեւանում, որտեղ անցյալում մաս է կազմել Ֆիլհարմոնիայի «Հայ համերգ» գեղարվեստական խմբին, արձանագրություններ կատարել Հայպետռադիոյի եւ սփյուռքահայության համար կատարվող հաղորդումների համար:

Վաղվա ելույթի ժամանակ նա պատրաստվում է «արկածախնդրության» գնալ (իր խոսքն է) եւ Սայաթ-Նովա կարդալ Թիֆլիսյան բարբառով: Հաջողություն մաղթենք նրան, իսկ ունկնդիրներինՙ բարի վայելում:

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4