«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2012-11-09 | #200, 2012-11-10 | #201, 2012-11-13


Ա. ՓԵԼԵՇՅԱՆ. «ԿԻՆՈՆ ՍԻՆԹԵՏԻԿ ԱՐՎԵՍՏ ՉԷ, ԱՅԼ` ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ»

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում տեղի ունեցավ մեծ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի վարպետության դասը: Դահլիճը լի էր ուսանողներով, դերասաններով, արվեստասեր հասարակությամբ, նունիսկ կանգնելու տեղ չկար: Ա. Փելեշյանն իր «Սկիզբ» եւ «Մենք» ֆիլմերով ապացուցեց, որ առանց տեքստի էլ կինոն կարող է դառնալ գեղարվեստական բարձրագույն արժեք: Քանակապես շատ չեն Արտավազդ Փելեշյանի նկարահանած ֆիլմերը, սակայն դրանցից «Սկիզբ», «Մենք», «Տարվա եղանակները», «Բնակիչները» որպես դասագիրք տարիներ շարունակ տարբեր երկրներում ուսուցանում են ապագա ռեժիսորներին: Ա. Փելեշյանի վարպետաց դասը կարծես տոն էր բոլորի համար` ուսանողից մինչեւ արվեստագետ:

Հանդիպումը ուղեկցվեց հարց ու պատասխանով, որի ընթացքում մի հանդիսական, հիշատակելով վարպետի խոսքը, թե իր ֆիլմերը երկար կապրեն, քանի որ դրանք լի են սխալներով, հարցրեց. «Ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ սխալների մասին է խոսքը»: Փելեշյանը զարմացած պատասխանեց. «Ի՞նչ պիտի հասկանաք, արդեն ամեն ինչ ասված է»:

Վարպետը երիտասարդ ռեժիսորներից մեկին էլ խորհուրդ տվեց չվախենալ ոչ մի բանից, իսկ առաջին ֆիլմի մեջ ներդնել ամեն ինչ, որն էլ որոշելու է իրենց ապագան:

«Վաղուց պատրաստ է «Homo Sapiens»-ի սցենարը, որը ֆինանսական խնդիրների պատճառով ֆիլմ չի դառնում: 1989-ին Մոսկվայի պետկինոն այդ սցենարը ընդունեց պետպատվեր, սակայն ԽՍՀՄ-ը փլուզվեց եւ ֆիլմ չնկարահանվեց», ասաց Ա. Փելեշյանը:

Ի պատասխան այս հայտարարության ներկաներից մեկն ասաց, որ ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի, Հայաստանի ազգային կինոկենտրոնը պատրաստ է գումար տրամադրել ֆիլմի նկարահանման համար, պակասում է միայն Փելեշյանի նախաձեռնությունը: Ցնցվեց վարպետը եւ ասաց. «Բա ինձ ինչո՞ւ չեն ասում...»: Փելեշյանը կես-կատակ, կես-լուրջ ասաց նաեւ, որ «Homo Sapiens»-ն արդեն տեսել է, եւ ցանկանում է, որպեսզի հանդիսատեսը եւս տեսնի. «Եթե հաջողվի այդ ֆիլմը նկարահանել, ապա իմ մնացած գործերը փոքրիկ էսքիզներ կթվան «Homo Sapiens»-ի առջեւ»:

Կինոն համարում են սինթետիկ արվեստ, բայց ոչ Փելեշյանը: Նրա կարծիքով կինոն սինթետիկ արվեստ չէ, այլ` ինքնուրույն, որը չի խմում ո՛չ գրականության, ո՛չ երաժշտության, ո՛չ կերպարվեստի ջրերը, կինոն խմում է այն ջրերը, որտեղից խմում են եւ՛ գրականությունը, ե՛ւ երաժշտությունը, ե՛ւ կերպարվեստը:

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն «Ազգի» հետ զրույցում ասաց. «Արտավազդ Փելեշյանի Երեւանում գտնվելն անշուշտ իրադարձություն է, եւ մեծ հուզում եմ ապրում նրա աշխատանքներն ամեն անգամ դիտելիս: Ա. Փելեշյանը բացառիկ երեւույթ է, նա մարդու արժեքը մի քանի միավորով ավելացնում է, այն դեպքում, երբ մարդու փլուզումն ու արժեզրկումն է տեղի ունենում այժմ, սակայն նա իր արվեստով բարձացնում է այն: Ուրախ եմ նման եղբայր ունենալու առթիվ, որն ասում էՙ մենք հպարտ ենք, որ հայ ենք»:

«Փելեշյանի ֆիլմերը միանշանակ պատկերային պոեզիաներ են, այլ բացատրություն չկա», այսպես է կարծում ռեժիսոր Հայկ Օրդյանը , որը «Ազգի» հետ զրույցում ավելացրեց. «Փելեշյանի ֆիլմերը հոգեւոր աշխարհ է բացում, որի մեջ ամեն մեկը պետք է ինչ-որ բան գտնի: Ինչպես կարդում ենք այս կամ այն պոետի ստեղծագործությունը եւ ամեն մեկս յուրովի ենք ընկալում, այդպես էլ Փելեշյանն է, ուղղակի նրա գործիքն է ուրիշ: Նրա ֆիլմերը այնպիսի տպավորություն թողեցին ինձ վրա, որ ես ֆիլմ նկարահանեցի Փելեշյանի մասին` «Կինոպոետը» վերնագրով: Երջանիկ եմ, որ նրա ժամանակակիցն եմ»: Նշենք, որ ֆիլմից անձնականի մասին մի քանի կտոր է հանվել վարպետի խնդրանքով, սակայն ինչպես Հ. Օրդյանն ասաց, վարպետն իր հավանությունը տվել է ֆիլմին:

Հանդիպման ավարտին Ա. Փելեշյանն ուսանողներին բացահայտեց տարածական մոնտաժի գաղտնիքը` «Ֆիլմերի մոնտաժը համարվում է պատկերների միացումը: Իմ ֆիլմերում օգտագործում եմ մեկ այլ մոտեցում` կադրերի միացումն ինձ չի հետաքրքրում, այլ իրարից բաժանելը, հեռավորության վրա դնելըՙ օգտագործելով ուրիշ պատկերներ: Ըստ իս հեռավորության վրա գտնվող լիցքավորվող պատկերներն իրար մեջ ավելի ուժեղ են խոսում եւ ոչ միայն իրար մեջ են խոսում, այլ դրանք խոսում են մեջտեղում ընկած բոլոր պատկերների հետ»:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4