«Միր» միջպետական հեռուստառադիոընկերության 20-ամյա հոբելյանի առթիվ ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մերուժան Սարգսյանը երեկ հանդիպեց լրագրողներին: Նրա փոխանցմամբ` 2013 թվականի հունվարի 1-ից «Միր» հեռուստառադիոընկերությունը մտադիր է սկսել նոր «Միր-24» շուրջօրյա հեռուստաալիքի աշխատանքները: Ըստ Մերուժան Սարգսյանի` արբանյակային այս նոր հեռուստաալիքը կլինի նոր ձեւաչափի լրատվական ալիք, որը հնարավորություն կտա առանձին հեռարձակելու ԱՊՀ երկրների իրադարձությունները: Շուրջօրյա հեռուստաալիքի նախագիծը հաստատվել է այս տարվա սեպտեմբերին Յալթայում: Մերուժան Սարգսյանն ընդգծեց, որ «Միր» հեռուստաալիքի ներկայիս ձեւաչափը բավարար չէ ԱՊՀ տարածքում տեղի ունեցող բոլոր միջոցառումների լուսաբանման համար, եւ նման ալիքի ստեղծման անհրաժեշտությունը կար վաղուց:
Նախատեսվում է, որ արդեն շուրջօրյա «Միր-24»-ը յուրաքանչյուր կես ժամը մեկ կհեռարձակի նորությունների կարճ թողարկումներ, իսկ 3 ժամը մեկ` թողարկումներ մեկնաբանություններով:
Մերուժան Սարգսյանը նաեւ անդրադարձավ հեռուստաալիքի անցած ուղուն` նշելով, որ «Միր»-ը ստեղծվեց մի ժամանակահատվածում, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո նոր կառույց հիմնելու գաղափարը դրական չէր ընդունվում նախկին խորհրդային երկրների ղեկավարությունների շրջանում. «Այնուամենայնիվ, ԱՊՀ անդամ երկրները համաձայնեցին ստեղծել եւ պահպանել հեռուստաընկերությունը»:
Ի. Պ.