«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2012-11-09 | #200, 2012-11-10 | #201, 2012-11-13


ՎԵՐՋԻՆ ՄԵԴԱԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՐԳԵՎԵՑ ՀԱՅԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Իսրայելում ավարտված ծանրամարտի համաշխարհային ուսանողական 3-րդ առաջնությունում հաջող հանդես եկան հայ ծանրորդները: Մրցահարթակ դուրս եկած մեր 8 ծանրորդներից 6-ը դարձան մրցանակակիրներ: Ճիշտ է, չեմպիոն հռչակվել չհաջողվեց: Ծանրորդներից 4-ը երկամարտում արծաթե մեդալ նվաճեցին, 2-ը դարձան բրոնզե մրցանակակիրներ: Ընդհանուր առմամբ հայ ծանրորդները Իսրայելում նվաճեցին 1 ոսկե, 9 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ: Ավելի շատ մեդալներ նվաճեցին միայն ռուսները (12 ոսկե, 3 բրոնզե) եւ մոլդովացիները (4 ոսկե, 8 արծաթե, 3 բրոնզե): Իսկ թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը 560 միավորով 26 թիմերի մեջ գրավեց 2-րդ տեղը: Մեր ընտրանին միայն 9 միավոր զիջեց հաղթող ճանաչված Մոլդովայի հավաքականին: 3-րդ տեղը 469 միավորով զբաղեցրին ռուսները, որոնք ընդամենը 6 ծանրորդով մասնակցեցին մրցումներին:

Մրցումների վերջին օրը Հայաստանի հավաքականին հերթական արծաթե մեդալը պարգեւեց գերծանրքաշային Հայկ Հակոբյանը: Չեմպիոնի տիտղոսի համար չափազանց անհաշտ մրցակցություն ծավալվեց հայ ծանրորդի, ռուսաստանցի Էդուարդ Մեժգիխովի եւ թուրքմեն Հոջամուհամեդ Թոյչիեւի միջեւ: Ի վերջո, այդ մրցակցության ելքը վճռեց ծանրորդների անձնական քաշը: 22-ամյա Հակոբյանը, որի անձնական քաշը 123 կգ 250 գրամ էր, 6 կգ-ով ծանր էր ռուս ծանրորդից: Հենց դրա պատճառով էլ երկամարտում ցույց տալով Մեժգիխովի հետ հավասարՙ 402 կգ արդյունք, Հայկ Հակոբյանը ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով: Նա արծաթե մեդալներ նվաճեց նաեւ առանձին վարժություններում:

Պոկում վարժությունը Հայկը սկսեց 180 կգ-ից, ապա հաջողությամբ բարձրացրեց նաեւ 185 կգ-ը: Իսկ ահա 190 կգ-անոց ծանրաձողը նրան չենթարկվեց: Այստեղ լավագույնը Թոյչիեւի արդյունքն էր, որը 186 կգ-ով արժանացավ փոքր ոսկե մեդալի: Իսկ ռուս ծանրորդը 180 կգ-ով 3-րդն էր: Հայաստանի մյուս պատվիրակըՙ Անդրանիկ Հովհաննիսյանը 155 կգ-ով 8 ծանրորդների մրցավեճում գրավեց 5-րդ տեղը:

Ամեն ինչ պետք է վճռվեր հրում վարժությունում: Հաջող բարձրացնելով 210 եւ 217 կգ-անոց ծանրաձողերը, Հակոբյանը ձախողվեց 220 կգ ծանրությունը բարձրացնելիս: Իսկ Մեժգիխովն արդեն 2-րդ մոտեցմամբ բարձրացնելով 222 կգ, ապահովեց չեմպիոնի տիտղոսը, քանի որ անձնական քաշով ավելի թեթեւ էր Հակոբյանից: Երկամարտում բրոնզե մեդալին արժանացավ Հոջամուհամեդ Թոյչիեւը, որը միայն մեկ կգ-ով հետ մնաց առաջատար երկյակիցՙ ցույց տալով 401 կգ արդյունք (186+215): Անդրանիկ Հովհաննիսյանը հրումում ավելի հաջող հանդես եկավ: Բարձրացնելով 200 կգ, նա երկամարտի 355 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը: Ճիշտ է, մեր ծանրորդը 46 կգ-ով հետ մնաց 3-րդ մրցանակակրից: Սա խոսում է այն մասին, որ մրցանակակիրները մրցակցությունից դուրս էին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4