Այդ մասին, ինչպես երեկ նշել էր «Դունյա բուլթենի» կայքէջը, Թուրքիայի ազգային մեծ ժողովի բյուջետային հանձնաժողովում հայտարարել է փոխվարչապետ Բյուլենթ Արընչը: Նա ասել է, որ այս կինոնկարն ու վավերագրական ֆիլմը Հայկական հարցը աշխարհին պետք է մատուցեն պատմական ճշմարտություններին համապատասխան եւ լայն արձագանք գտնեն միջազգային ասպարեզում: Նկարահանման աշխատանքները, ըստ Արընչի, արդեն սկսվել են:
Ի դեպ, 1980-ականների սկզբին թուրքական հանրային հեռուստատեսությունը պետպատվերով նկարահանել էր Բեռլինում Թալեաթ փաշայի սպանության մասին բազմասերիանոց մի կինոնկար եւ հեռարձակել: Հուսանք, որ Հայկական հարցի մասին այսպես կոչված պատմական ճշմարտությունը երեւան հանող այս նոր կինոնկարի ու վավերագրական ֆիլմի միջազգային արձագանքն այնքան կլինի, որքան Թալեաթ փաշա կոչված մարդասպանի սպանությանը վերաբերող այդ տխմար կինոնկարինն էր:
Հ. Չ.