ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ խորհրդարանի նիստը սկսվեց ոչ թե կիսատ մնացած 2013 թվականի բյուջեի նախագծի քննարկման շարունակությամբ, այլ բոլորովին այլ օրակարգով: Հովիկ Աբրահամյանի հրավերով Ազգային ժողով էր ժամանել Ուրուգվայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը` պալատի նախագահ Խորխե Օրիկոյի գլխավորությամբ: Վերջինս, դատելով անգամ նրա ժեստերից, մի շատ ջերմ ելույթ ունեցավ, ելույթի մեջ մեկ անգամ հայերեն դիմելով` «Եղբայրներ», եւ նշելով, որ որպես փոքր երկրի բնակիչներ ուրուգվայցիները նմանություններ ունեն հայերի հետ: Նա հիշեց, որ Ուրուգվայն աշխարհի առաջին պետությունն է, որ օրենքի ուժով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Ուրուգվայում կա հայերի ցեղասպանության թանգարան, ու ամեն տարի ապրիլի 24-ին Ուրուգվայի խորհրդարանում հիշում են Հայոց ցեղասպանությունը»:
Շարունակելով բյուջեի քննարկումները` երեկ ֆինանսների նախարարի` պատգամավորների հարցերին պատասխանելուց հետո հերթ հասավ առայժմ հարակից զեկուցողներից ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին, որը ներկայացրեց 2013-ի բյուջեի վերաբերյալ դրական եզրակացություն, պատասխանեց պատգամավորների հարցերին` ի դեպ երբեմն ակնհայտորեն զայրանալով ընդդիմադիրների հարցերից եւ բարձրացնելով ձայնը: Երեկ նորից բարձրացվեց այն հարցը, թե ինչո՞ւ վարչապետը չի ներկայացնում բյուջեի նախագիծը, արդյո՞ք հրաժարական է ներկայացրել կամ գուցե հիվանդ է (Նիկոլ Փաշինյանն էր հարցնում), որին Վ. Գաբրիելյանը պատասխանեց, որ վարչապետն առողջ է, շարունակում է առողջությամբ եւ հաջողությամբ պաշտոնավարել, ինչը մաղթեց հարցն ուղղող պատգամավորին: Սակայն բյուջեի առթիվ պատգամավորների ելույթները երեկ դեռ չհնչեցին, քանի որ երեկ արտահերթ քննարկվեց հանձնաժողովի բացասական եզրակացությունը ստացած ՀՅԴ խմբակցության «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքը փոփոխելու եւ լրացնելու նախագիծը, որը ներկայացնող Աղվան Վարդանյանը առաջարկում էր նվազագույն աշխատավարձը տարեցտարի բարձրացնելու մի բարդ մեխանիզմ: Բնականաբար` դրան դեմ արտահայտվեց հարակից զեկուցող եւ ԱԺ սոցիալական հանձնաժողովի բացասական եզրակացությունը ներկայացնող ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը:
Երեկ մի շարք ՀՀԿ-ականներ ԱԺ հայտարարությունների ժամին հակահարված տվեցին վերջին օրերին ԲՀԿ-ի եւ մյուս ընդդիմադիր ուժերի` հակաՀՀԿ-ական շարժընթացներին: Առանձնացնենք դրանցից երկուսը. հին ՀՀԿ-ականներից ավելի ՀՀԿ-ական դարձած Մարգարիտ Եսայանը, անընդունելի համարելով ուրիշի վիշտը եւ ողբերգությունը շահարկելու մղումը եւ հղում անելով մարդկային հիշողությանը (հավանաբար ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» որոշ ներկայացուցիչների խոսքն ուղղելով)` նշեց. «Շահագործում էիք վիշտը, երբ 2008-ի մարտյան ողբերգությունից հետո խոսում էիք մարտի 1-ի զոհերի մասին, ինքներդ ձեզ կասկածից դուրս դնելով, այլ մեղավորներ էիք փնտրում, զոհերի հարազատներին, թող ներեն ինձ հարազատները, դարձրել էիք քաղաքականության մաս, այդ մարդկանց վիշտը դարձրել էիք ձեր դրոշակը...
Երկու ժամանակավոր հանձնաժողով ստեղծվեց այդ ողբերգական դեպքերը քննելու համար, դա եւս դարձրիք քաղաքական գործիք, շահարկում եք նաեւ հիմա, նոր հանձնաժողովի մասին խոսելով: Ազնիվ չեք, պարոնայք, եւ դա ես չեմ ասում: Այսօր մամուլում կարդացի մարտի 1-ի զոհերի ծնողների հարցազրույցները, հիասթափված են ձեզանից, հասկանում են, որ այլ ուժերի ռեւերանսներ անելով, իրենց վիրավորում եք, այդ մարդկանց անդառնալի վիշտը կրկին փորձում եք շահարկել: Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչիՙ մեջբերեմ մարտի 1-ին զոհված Սամվել Հարությունյանի հորՙ Ռոբերտ Հարությունյանի միտքը. «Մեր ցավն այսօր ոչ ոք չի հասկանում, ոչ մեկը, բացարձակ, անգամ Հայ ազգային կոնգրեսը: Եթե այս մարդիկ անմեղ զոհվեցին ու վիրավորվեցին, եւ այսօր եթե պիտի գնան ինչ-որ մեկի հետ բանակցությունների, չգիտեմՙ գնան ում հետ միանան, ովՙ որ ուժերի հետ, ուրեմն, անիմաստ մահացան: Ո՞նց անենք բա, 60 տարեկան մարդիկ ենք արդեն ու ի՞նչ պիտի անենք, ո՞նց պիտի անենք,մեզանով ո՞վ է հետաքրքրվում, ո՞վ է հետաքրքրվում, թե նրա երեխային պահո՞ւմ են, չե՞ն պահում, այդ երեխան ո՞ւր է, ինչպե՞ս է: Դա մի քիչ մարդկային չէ, հասկանո՞ւմ եք: Եթե ընտրությունից ընտրություն մեզ պիտի հիշեն, ավելի լավ էՙ չհիշեն»: Մարդու հավատը կորցնելն ամենից դաժանն է, մի փորձեք ավելի առաջ գնալ, պարոնայք, տեղ չունեք գնալու, առջեւում մարդն է, ետեւումՙ դարձյալ մարդը....Կանգ առեք, ընդունեք, որ այլեւս անելիք չունենք, ինքներդ ձեր մեջ այնքան խնդիր եք ստեղծել, որ մի ամբողջ կյանք չի հերիքի ձեր ներսի խնդիրները լուծելու, ուր մնացՙ հավակնում եք երկրի խնդիրները լուծել, դա մենք կանենք եւ անում ենք: Իսկ դուք, կարծես հետեւություններ չեք արել, եւ կրկին հավակնում եք կանգնել մեր հասարակության առաջ եւ քվե խնդրելՙ ո՞ւմ համար, ձեր մեջ կա՞ այդ մեկը, չկա, ընդունենք այս իրողությունը», նշեց նախկին լրագրող, այժմ ՀՀԿ-ական պատգամավորը` առավել քան թափանցիկ ակնարկներ անելով վերջին օրերի քաղաքական անցուդարձի առումով` խորհուրդ տալով նորից չփորձել ջուր պղտորել:
Իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որ այս քառօրյային ոչ մեկ անգամ օգտագործեց ԱԺ ամբիոնը` պատասխանելու ՀՀԿ հակառակորդներին եւ մոռանալով, որ ինքը ԱԺ բոլոր քաղաքական ուժերի համար է ԱԺ փոխնախագահ, երեկվա հայտարարության մեջ կրկին վերջին քաղաքական զարգացումներով էր անհանգստացած: Նա վերջին օրերի` իր խոսքով «հանկարծահաս հայտարարությունները, ռեւերանսները, քաղաքական հնարքների տարատեսակ դրսեւորումներն» անվանեց փոթորկի փորձ մեկ բաժակ ջրում եւ մեջբերում արեց Բիսմարկից. «Երբեք այդքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո եւ ընտրություններից առաջ»: Չնայած, մեր կարծիքով, այս խոսքերի բովանդակությունը հավասարապես պետք է վերաբերի բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում` ԱԺ փոխնախագահի դավանած, սակայն Շարմազանովը չզլացավ ավելացնել. «Եվ քանի որ որոշ ուժեր զբաղված են քաղաքական բլեֆով, Հանրապետականը ձեւի հետեւից չի ընկնում, այլ իրականացնում է քայլեր ըստ էության»: