Նոյեմբերի 9-ին «Անի պլազա» հյուրանոցի «Անի» սրահում «Ղազախստան. Բազմամշակույթ եւ յուրօրինակ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ կոնֆերանս` «Ղազախստանի եւ Հայաստանի համագործակցության փորձն ու նոր ուղիները էթնոքաղաքականության ոլորտում» թեմայով: Միջոցառմանը հանդես եկան ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի փոխնախագահ Երալի Տոգժանովը, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը եւ Ղազախստանի հայերի հանրապետական էթնոմշակութային միավորման նախագահ Արտուշ Կարապետյանը:
Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին երկու երկրների ավելի սերտ համագործակցության հիմքում ընկած մի շարք խնդիրներ, ինչպես նաեւ ներկայացվեցին համագործակցության հեռանկարները ներքաղաքական, գիտական, հանրային եւ այլ ոլորտներում:
Ինչո՞ւ են կարեւոր նմանատիպ հանդիպումները եւ ի՞նչ կարող են դրանք տալ մեզ:
Հայտնի է, որ ժամանակակից աշխարհը թերեւս բազմաբեւեռ է: Միջազգային համակարգում խոշոր խաղակիցների կողքին է նաեւ Կենտրոնական Ասիան` ի դեմս Ղազախստանի: Որպես բնական պաշարներով հարուստ պոտենցիալ տարածաշրջան այն հայտնվել է աշխարհի հետաքրքրության կենտրոնում: Իզուր չեն այն անվանում «Նոր նավթային Էլդորադո», ինչն էլ նրան դարձրել է «Նոր մեծ խաղի» կենտրոնական դերակատարներից, որտեղ ներառված են նաեւ բազմազգ կորպորացիաներ, եւ հիմնական հարցը ստրատեգիական նշանակության բնական պաշարների վերահսկումն է: Հետեւաբար, Կենտրոնական Ասիայի տարածքն ունի, ըստ էության, աշխարհատնտեսական բնույթ եւ դեր:
Վերջին տարիներին ունեցած տնտեսական զարգացման տեմպերի շնորհիվ Ղազախստանն այսօր նոր ի հայտ եկող ուժերի շարքում է, եւ նման տեմպերով զարգացող երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Ժամանակակից Հայաստանը պետք է լինի ակտիվ գործունեության յուրաքանչյուր մակարդակում եւ բոլոր ուղղություններում, քանի որ լինելով փոքր երկիր, սակայն գտնվելով Կովկասի կենտրոնում, որն էլ իր հերթին ունի մեծ գեոստրատեգիական դիրք, Հայաստանը չունի վտանգավոր քաղաքական փորձարկումների կամ այլ խաղերի մեծ հնարավորություններ, չնայած որ մաս է Մեծ խաղի: Սա նշանակում է, որ պետք է ուշադրություն դարձնի կայուն, լուրջ եւ պատասխանատու դաշինքների ստեղծմանը: Ահա այդպիսի երկրներից է Ղազախստանը, որի հետ մենք ունենք պատմական եւ մշակութային կապեր, եւ պետք է չթերագնահատենք, այլ էլ ավելի խորացնենք այդ կապերը համագործակցության բոլոր ոլորտներում: Կլիներ ստրատեգիական սխալ Հայաստանի համար, եթե չհասկանա ներկայիս Նոր մեծ խաղի զարգացրած դաշինքները տարածաշրջանում: Այդ իսկ պատճառով Հայաստանի եւս մեկ դաշնակցի տարբերակը տարածաշրջանում պետք է լինի Ղազախստանը:
Ղազախստանը, բացի այն, որ ԱՊՀ անդամ-երկիր է, նաեւ ՀԱՊԿ-ի հիմնադիրներից է: Բազմիցս վերլուծվել է նաեւ, որ նա Թյուրքական խորհրդի, ինչպես նաեւ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ է: Սակայն լինելով բազմամշակույթ երկիր, ուր ապրում են ավելի քան 130 ազգություն, նա լավ է գիտակցում ազգամիջյան խաղաղության կարեւորությունը եւ նշված կազմակերպությունների միջոցով կարող է ստանձնել միջնորդի դեր այնտեղ, ուր Հայաստանը ներկայացված չէ:
Հաշվի առնելով այս ամենը, պետք է ավելի մոտ գտնվենք Ղազախստանին եւ աշխատենք, փոխադարձ շահեր եւ օգուտներ քաղելով, հիմք դնել ավելի խոր համագործակցության: Հիմնական առանցքային շարժման ուղին Հայաստանի բազմակողմանի մոտեցումն է Ղազախստանին: Նորարարության եւ գիտության ոլորտները այն կարեւորներից են, ուր համագործակցությունը կնպաստի երիտասարդ գիտնականներին համատեղ ուժերը ներդնելու` արդի խնդիրներին նորարարական լուծումներ տալով:
Կոնֆերանսները եւ նմանատիպ քննարկումները անշուշտ նպաստում են դրան, որոնց կազմակերպմանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանում Ղազախստանի դեսպանատունը եւ Եվրոպական ինտեգրացիա ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպում նմանատիպ քննարկումներ, ինչը հնարավորություն է տալիս բարձրաձայնելու, նաեւ լուծումներ փնտրելու այն խնդիրների շուրջը, որոնց հաղթահարումը կխթանի երկկողմ հարաբերությունների ոչ միայն խորացումը, այլ նաեւ ամրապնդումը: Հուսանք, որ մոտ ապագայում կլինեն նաեւ գործնական քայլեր` երկու երկրների երիտասարդ գիտնականների համագործակցության եւ փորձի փոխանակման ծրագրերի շուրջը:
ԱՆԱՀԻՏ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, ԵՊՀ դասախոս (միջազգային հարաբերությունների ֆակուլտետ)