«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2012-11-10 | #201, 2012-11-13 | #202, 2012-11-14


75 ՏԱՐԻ ՈՒՂԵԳԻԾԸ ՉՓՈԽՈՂ «ԶԱՐԹՕՆՔԻ» ԱՅՍՕՐԸ

Մամուլի դերը հասարակական կյանքում, եթե իհարկե ծառայում է ճիշտ նպատակին, հսկայական է, իսկ սփյուռքահայ իրականության մեջ անփոխարինելի, այն եզակի միջոցներից, որ կարող է հայության ամենատարբեր հատվածներիՙ աշխարհի որեւէ կողմից միավորել- համախմբել: Սփյուռքահայ մամուլի տարեգրության մեջ Բեյրութի «Զարթօնք» օրաթերթը բացառիկ դեր ունիՙ 75 տարիների հայապահպան անընդմեջ գործունեությամբ, որդեգրած սկզբունքներով: Այս ընթացքում թերթը ղեկավարած բազմաթիվ մտավորականների մեջ Պայծիկ Գալայճյանը միակ կին խմբագիրն է, որ արդեն 5-րդ տարին էՙ ղեկավարում է թերթի աշխատանքները: Ամերիկահայ հրապարակագիր Հակոբ Վարդիվառյանի հետ «Ազգի» խմբագրություն այցելած ժպտադեմ, խառնվածքով ակտիվ, բացախոս երիտասարդ կնոջ արեւմտահայերենը գերող էրՙ երգեցիկ հնչողությամբ: Պայծիկ Գալայճյանը հայոց լեզու եւ հայոց պատմություն է դասավանդել լիբանանահայ վարժարաններում եւ այժմ էլ խմբագրի աշխատանքը զուգակցում է ուսուցչության հետ, ասպարեզներ, որոնցով զբաղված լինելը իրեն շնորհած կյանքի բարեպատեհ առիթ է նկատում: Հայերեն լեզվի, գիր ու մշակույթի հանդեպ սերը ընտանեկան ժառանգություն է, բայց պարտ է նաեւ Մելգոնյան վարժարանի իր ուսումնառությանը:

Սփյուռքում հայապահպանման դարբնոց համարվող Մելգոնյան վարժարանը իր հիմնավոր կրթությամբ անգերազանցելի էր, որի նախկին սանին բախտ վիճակվեց նաեւ դասավանդելու այս կրթօջախում 5 տարի, եւ ինչպես ինքն է ասում, մինչեւ վերջին վայրկյանը մնալ պատնեշի վրա, մինչեւ իր եւ շատ շատերի համար փակման ցավալի արարողությունը:

«Կյանքիս ամենահուզիչ էջն էր, աչքիս առջեւ 200 աշակերտներ ցիրուցան եղան, որոնք եկած էին Ռումինիայեն, Սուրիայեն, Ալբանիայեն, Կրասնոդարեն: Իրենք հայերեն չէին գիտեր, ոչ ալ հայության մասին գաղափար ունեին: Իրենց մեծ մայրը կամ մեծ հայրը հայ է եւ ղրկած է Մելգոնյան, որ իրենք ալ հայ դառնան: Եվ պատկերացուցեքՙ հազիվ այս գործընթացը սկսած էր եւ մեկեն կացինի հարվածով... Եվ ի՜նչ կացինի հարվածներ եղած են մեր ազգային կյանքի մեջ: Բարեբախտաբար, այդ աշակերտները ինչ-որ ստացան Մելգոնյանեն, իրենց գաղութներու հայությանը փոխանցեցին», պատմում է Պայծիկ Գալայճյանը, եւ իր երգեցիկ արեւմտահայերենը հուզական երանգներ է ստանում, հիշում է Մելգոնյան վարժարանի ուսուցչության տարիները, երբ հայերեն չիմացող հայ երեխային հայոց պատմություն էր սովորեցնում Պիտեր Բալաքյանի «Ճակատագրի սեւ շունը» գրքով, պատճենում գրքի էջերը եւ բաժանում աշակերտներին: «Աստված ղրկած էր այդ գիրքը: Պիտեր Բալաքյանի «Ճակատագրի սեւ շունը» իբրեւ հայոց պատմության դասագիրք գործածեցի օտարախոս իմ աշակերտներուս համար: Այս գիրքին մեջ Բալաքյանը հիմքում սփյուռքահայու ինքնության խնդիրը դրած է եւ իրենքՙ այդ աշակերտները այդ խնդիրը ունեին, ինքզինքնին հայ չէին զգար. մեծ մաման, ըսենք, գաթա պիտի շինե, հայկական ճաշ պիտի եփե, եւ այդ բուրմունքը իրեն հայկականություն պիտի տա: Այս գիրքին մեջ ճիշտ այդ զուգադիպությունը կա»:

Այդ շրջանում էր, որ մտահղացավ «Ճակատագրի սեւ շունը» թարգմանել արեւմտահայերեն եւ փորձեց իրականացնել այն անգլերեն բնագրին հարազատ բծախնդրությամբ եւ հնչողությամբ: Իսկ աշակերտներից մեկիՙ «Տիկին Գալայճյանը մեզի հայոց պատմությանը ու հայկական կրոնքին ծանոթացուց ձեր գիրքով, եւ ան բարձիս տակի գիրքը դարձավ» հեղինակին ուղղված նամակի տողերը ստիպեցին Պիտեր Բալաքյանին գալ Կիպրոս եւ հանդիպում ունենալ աշակերտների հետ. եւ տպավորվեց շատ, «որովհետեւ ինքզինքը տեսավ անոնց մեջ»:

Կիպրոսում ուսուցչության տարիներին էլ Պայծիկ Գալայճյանը շարունակեց համագործակցել մամուլի հետ, աշխատակցում էր տեղի «Փարոս», «Կիպրահայեր» թերթերին, ունեցավ նաեւ եվրոպական մի քանի թերթերի հետ աշխատանքային փորձ: Մինչ այդ «Զարթօնք» օրաթերթում նրա պատրաստած «Կնոջական» խորագրով էջը միանգամայն տարբեր էր ներկայացնում հայ կնոջըՙ ընդգծելով նրա դերը ազգային-հասարակական-մշակութային կյանքում: Կիպրոսից վերադառնալուց հետո իրեն առաջարկվեց ստանձնել կարճ ժամանակով դադարած ՌԱԿ Լիբանանի պաշտոնաթերթ «Զարթօնք» թերթի խմբագրի պարտականությունը, որը սկզբում թողարկվեց երկշաբաթյա պարբերականությամբ, ապա շաբաթական, հետո եռօրյա, 5 ամիս անց օրաթերթի վերածվեց:

Սփյուռքահայ կյանքի ազգային զարկերակը հատկապես ոչ վաղ անցյալում պահում էր տպագիր մամուլը: Դրա վկայությունը իմ զրուցակցուհու ահա այս վերաբերմունքն է. «Մանկութենես սկսած մեր տունը «Զարթօնք» մտած էր, ծնողքս շատ կապված էին թերթին, մեկ օր որ կուշանար, իրար կանցնեին: «Զարթօնքը» իր հիմնադրման օրից մինչ այսօր թերեւս ուրիշ այլ թերթերու նման քաղաքական, արտաքին, թե ներքին տագնապներ ունեցած է, սակայն երբեք որեւէ ժամանակ իր ուղեծիրեն չէ շեղված: «Զարթօնքը» միայն լիբանանահայության համար չէ, սփյուռքահայ, առհասարակ հայ իրականության մեջ իր ուրույն տեղը ունի: «Զարթօնքի» ուղեգիծը ուրիշ ոչ մեկ մամուլի մեջ կտեսնեմ: Առաջին օրեն թերթը յուրահատուկ պատվանդանի վրա դրած էր Խորհրդային Հայաստանը: Այն օրերուն, երբ ես շատ փոքր էի, կհիշեմ, մարդիկ կըսեինՙ կբավե այս Հայաստանը գովեք: Մինչդեռ, օրինակ, ինձի համար մեծ ուրախություն էր, երբ Ռոմեն Կոզմոյանը կտեսնեի: Ռոմեն Կոզմոյանը ինձի համար եւ իմ տարեկեցներուն համար Հայաստանի կերպարն էր: Ինչո՞ւ: Մենք մանկապատանեկան թերթ չունեինք: Ռ. Կոզմոյանը Սփյուռքի կապի կոմիտեի ներկայացուցիչն էր Լիբանանի մեջ: Մեզի մանկապատանեկան թերթեր կբերեր: Հոգ չէ, որ հնամաշ թուղթի վրա էին, մեզի համար միակն էին անոնք եւ Հայաստանը կհիշեցնեին: Ուրիշներ կքննադատեին մեր այս մոտեցումըՙ թե այդ Հայաստանը մերը չէ: Ինչ երկնակամարի տակ ալ եղած է Հայաստանը, մերն էր, եւ մենք պարտավորությունը եւ պարտականությունը ունեինք զայն պատվելու: «Զարթօնքը» միակ թերթն է, որ ասիկա մեզի սորվեցուց: Եվ այդ ուղեծիրին վրա մնաց:

Ամեն բանե վեր Հայրենիքը նկատեցինք, անգամՙ սովետական իշխանության տարիներուն, որ մեր գաղափարախոսութենեն շատ տարբեր բան մըն էր: Բայց որովհետեւ մեր հայրենիքը այդ ռեժիմին տակ էր, մենք ադ ալ սկսեցինք հարգել, այդ պատճառով մրցակից կուսակցություն մը մեզի «համայնավար» կոչած է: «Զարթօնքը» ուրիշ ուղեգիծ եւս ունի, ես կխոնարհիմ իմ ղեկավարներու առաջ, որովհետեւ այդ զգացումը մեզի տվինՙ ամեն բանեն վեր Հայրենիքը եւ Ս. Էջմիածինը դասել, որ մեզի համար գերակա արժեք է: Անձեր կուգան ու կերթան, բայց Ս. Էջմիածինը սրբության սրբոց է»:

«Հայկական ինքնության որոնումներում» դոկտորական թեզը, որ պաշտպանելու է նա այստեղՙ գրականության ինստիտուտում, իր համար գիտական ուսումնասիրության նյութ չէ պարզապես, դա սփյուռքահայ մտավորականի հոգու ցավն է, սեւեռուն, մշտապես տրոփող գաղափարը: «Զարթօնքի», նաեւ սփյուռքի ուրիշ թերթերի արխիվային նյութերի ուսումնասիրությունները, նաեւ կյանքը բերել են այն համոզման, որ Դեր Զորի անապատները կտրած աքսորական այն հայերը, ովքեր Լիբանան ու Սիրիա հասան ու այնտեղ մնացին, ինքնության խնդիր չունեցան, հակառակ նյութական ու մշակութային-հոգեւոր կորուստներին, որովհետեւ այն վայրերում, որտեղ հաստատվեցին նրանք եւ իրենց համայնքները ձեւավորվեցին դպրոցներով, եկեղեցիներով, մնացին իրենք իրենց մեջ, պահպանեցին ազգային սովորույթները, բարքերը, նկարագիրըՙ տարբերությամբ Ամերիկա, Եվրոպա, Կանադա կամ Ավստրալիա գաղթածների:

Եվ ներկայիս սիրիահայերի տագնապի իր ընկալումը նույնպես այս մտայնությունների շարունակությունն է: «Լիբանանահայը լավատես է, որովհետեւ մենք 16 տարի ապրեցանք պատերազմի արհավիրքը. գաղթողը գաղթեց: Այն ատեն Հայաստանի դռներն ալ բաց չէին, որ մեծ թիվով հայեր գային: Մենք մնացինք Լիբանանի մեջ, մնացինք պատնեշի վրա: Գաղութը մտավորականութենեն պարպվեցավ, բայց մնացողները ոգի ի բռին կառչեցան, թույլ չտվին գաղութը մեռնի: Ճիշտ է, հայության թիվը պակսեցավ, սակայն տակավին կանգուն են եկեղեցիները, տակավին կանգուն են դպրոցները, թերթերը, մշակույթի կենտրոնները տակավին կգոյատեւեն»:

Ավելինՙ նոր ժամանակները փոփոխություններ են առաջացնում մտածողության, վերաբերմունքի, գործողությունների մեջ: Բեյրութում տարբեր կուսակցությունների պատկանող երեք թերթ է գործումՙ «Զարթօնք», «Ազդակ» եւ «Արարատ», որ միմյանց հետ համագործակցության եւ լավ հարաբերությունների մեջ են: «Ընդհանրապես սփյուռքի մամուլի պատմության մեջ այդ բարյացակամ հարաբերությունը չէ եղած: Գուցե ժամանակը, մեր նկարագիրը, մասնավորապես ազգային գիտակցությունը եկավ գերակշռելու եւ տարբեր մոտեցում ցուցաբերեցինք, եւ ոչ միայն ցուցաբերեցինք, ապացուցեցինք, թե ինչեր կրնանք փոխել մեր ազգային գործունեության մեջ եւ հաջողեցանք»:

Այսօր էլ «Զարթօնքը» շարունակում է իր ավանդական գործունեությունըՙ ամենօրյա թողարկումներում մշտական ուշադրության մեջ պահելով միջազգային ու տարածաշրջանային կարեւոր իրադարձությունները, անպայման լիբանանահայ եւ հայ իրականությունըՙ սփյուռքյան համայնքներն ու Հայաստանը, հայ մշակութային-գրական կյանքը: Վերջինս հատկապես լայնորեն լուսաբանվում է «Զարթօնքի» առանձինՙ 24 էջանոց, գունավոր ամսաթերթում: Խմբագիրը իր մոտեցումով, իհարկե, բերել է որոշակի փոփոխություններ. մասնավորապես հակված չէ թերթի էջերը տրամադրել միջթաղային, ներքին, կուլիսային անցուդարձերին. ինչպես ինքն է ասում. «Կուզեմ գրական, կրթական, գեղարվեստական, մշակութային կյանքը լիբանանյան երեւա»:

Վերջին շրջանում կրկնապատկվել է թերթի աշխատակիցների թիվը, ավելի քչացել արտատպումների քանակը: Հետաքրքրական է, որ հայաստանյան մամուլից վերատպությունները հաճախ արեւմտահայերեն է կատարվումՙ ընդառաջելով ընթերցողական լսարանին, նոր հեղինակներ եւ նոր հոդվածաշարեր են հայտնվել, ինչպեսՙ Հակոբ Վարդիվառյանիՙ սփյուռքահայ տարբեր գաղութների ազգային, քաղաքական, մշակութային խճանկար-պատկերները, Ռամկավար ազատական կուսակցության պատմության էջերից նրա «Մեր երախտավորները» հոդվածաշարը, ամերիկահայ քաղաքական վերլուծաբան Կարպիս Գազանճյանի հոդվածաշարերը եւ այլն: Օրաթերթային բազմազբաղության մեջ բնավ չի թուլանում մանկավարժի նրա սերը. «Ինձի համար ամենամեծ երջանկությունն էՙ աշակերտը դիմացս տեսնել եւ թատերական ոճով հայոց պատմությունը պատմել, երբ զգաս, որ աշակերտը քեզի հափշտակված կլսե, կառչած է քեզի, ամենամեծ հաճույքն է, որ կապրիս»:

Եվ այնուամենայիվ, որքան էլ շարունակվում են արեւմտահայերենի նահանջի շահնուրյան տագնապը եւ արեւմտահայերենը կորցնելու հայության մի հատվածի ենթադրությունը, ինքը դրան չի հավատում. «Ճիշտ է, որ կըսեն, թե արեւմտահայերենը թաղման արարողության մեջ է եւ այլն, բայց մինչեւ այն ատենը, որ Արեւմտահայաստանը գոյություն ունի, թեկուզ ոչ մեր ձեռքը, արեւմտահայերենը չի կորսվիր: Թարգմանական մեր աշխատանքը` արեւելահայերենից արեւմտահայերեն, ասոր վկայություններեն մեկն է»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4