«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2012-11-10 | #201, 2012-11-13 | #202, 2012-11-14


ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ՎԹԱՐՎԵՑ

Արդեն մի քանի օր Գյումրիի, Աշոցքի, Երեւանի տարբեր հիվանդանոցներում, նաեւ տներում, բժիշկների խիստ հսկողությամբ բուժվում են Երեւան-Թուրքիա տուրիստական ավտոբուսի վթարից տուժածները: Այդ վթարի հետեւանքով զոհվեց երիտասարդ կինՙ Անժելան, որը երկու զավակների մայր էր: Ավտոբուսի 45 ուղեւորներից 5-6-ը զբոսաշրջիկներ էին, իսկ մյուսներըՙ մանր բիզնեսով զբաղվողներ, որոնք Թուրքիայից ներկրում էին ապրանքներ եւ իրենց օրվա հացի խնդիրը լուծում:

«Ազգը» զրուցեց վթարից տուժածներից մի քանիսի հետ եւ տեղեկացավ, որ վթարի օրըՙ առավոտյան 11.30-ին, Երեւանի 15-րդ թաղամասից տուրիստական ավտոբուսը 2 ժամ 30 րոպեում Բավրայի մաքսային կետին 5 կմ մնացած վթարվել է: Իսկ թե ինչն էր պատճառը, ականատեսները պատմեցին: «Այդ ճանապարհը 4-5 ժամ է տեւում սովորաբար, սակայն վրացի վարորդը այնքան արագ էր վարում, որ թվում էր, թե ինքնաթիռում ենք: Սկզբից կատակեցինք, հետո հորդորեցինք դանդաղ քշել, սակայն մեր հորդորը մի քանի րոպե էր տեւում, երբ 3 անգամ Գյումրիի ճանապարհին ուղեւորներ էր վերցնում: Ուղեւորներից մեկը այնքան էր անհանգստացել, որ հեռախոսով զանգում էր իր տնեցիներին, որ գան ու իրեն Բավրայի անցակետից հետ տանեն Երեւան, քանի որ վարորդը չէր դանդաղեցնում ընթացքը եւ կայծակնային արագությամբ սլանում էր: Վարորդը մի քանի անգամ վազանցեց տարբեր մակնիշի մեքենաներիՙ մի կերպ ավտոբուսը չշրջելով: Իսկ երբ առջեւում երեւաց մեկ այլ տուրիստական ավտոբուս, որի վարորդը թուրք էր, մեր ավտոբուսի վարորդը մի քանի անգամ փորձում էր առաջ անցնել, որն էլ նրան չէր հաջողվում: Եվ րոպեներ անց, հերթական մանեւրի ժամանակ, թուրք վարորդը չզիջեց ճանապարհը, եւ մեր ավտոբուսը, որը աննկարագրելի արագությամբ էր սլանում, բախվեց ու շրջվեց: Ուղեւորներից մեկը, երբ հեռախոսով էր խոսում այդ պահին, հասցրեց հարազատներին տեղեկացնել, որ 911 զանգեն: Մենք չհասկացանք, թե ինչպես փրկվեցինք, րոպեներ անց 10-20 սպիտակ խալաթավորներ մեզ օգնություն էին ցույց տալիս: Շատերը փորձեցին շրջված ավտոբուսը ուղղել, սակայն չստացվեց: Իսկ նրանք, ովքեր քիչ թե շատ կարող էին քայլել, փորձում էին իրենց իրերը գտնել, ապշահար չորս կողմ էին նայում, քանի որ բոլոր տուժածների պայուսակներից անհետացել էին գումարները: Իսկ թե ովքե՞ր էին զբաղվել նման նվաստացուցիչ գործով, կարծում ենքՙ հնարավոր կլինի պարզել, եթե հեռախոսներով նկարված կադրերը հանձնեն ոստիկանությանը»:

Մի՞թե կարելի է մարդկային ճակատագրերը վստահել նման վարորդների, որոնք ինքնանպատակՙ չգիտես, թե ուր էին շտապում, եւ ինչո՞ւ որբացան երեխաներ ու տուժեցին ուղեւորները:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4