«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2012-11-10 | #201, 2012-11-13 | #202, 2012-11-14


«ՄՈՒՍԱՆԵՐԸ»ՙ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

Երգահան եւ դաշնակահար Արա Սարգսյանի 2007 թվին հիմնած ժողովրդական եւ ջազային երաժշտական արվեստների միաձուլումը կազմող «Մուսաներ» համույթը հոկտեմբերին թողարկել է իր երկրորդ ալբոմը եւ այդ առթիվ համերգային ելույթներ է ունեցել Նյու Յորքի «Դրոմ» դահլիճում հոկտեմբերի 26-ին: Խումբը իր առաջին ալբոմը թողարկել էր 2009-ին:

«Էկլեկտիկ միաձուլում» եւ «Նվագախմբային դիզայնՙ բանահյուսական միջուկով» հորջորջված «Մուսաներ» համույթը մեծ ժողովրդականություն է վայելում Բոստոնում եւ համերգներով հանդես է եկել Ամերիկայում, Իտալիայում եւ Լիբանանում:

Խմբի հմուտ երաժիշտների ձեռքերում նոր շունչ ու կյանք են ստացել հին հայկական ժողովրդական երգերը:

Ըստ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդագրության, Սարգսյանը ծնվել է Կիպրոսում եւ մեծացել Բեյրութում: 1989-ին տեղափոխվել է Բոստոն (ԱՄՆ): «Ոչ ոք քեզ չի կարող սովորեցնել այս բոլորը: Դու պետք է քո մեջ ունենաս ու զգաս: Չգիտեմ ես դրանք ունեմ, թե ոչ, բայց ես փորձում եմ որոնել ու գտնել», ասել է նա ժամանակին եւ «հավաքագրել» մարդկանց, որոնք նվիրված են այդ գործին: Դրանք հիմնականում 10 հոգի են, որոնց մեջ են Թոդ Բրունելը, Քենի Ֆիլդը, Արթուր Եղիազարյանը եւ Մարտին Հարությունյանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4