Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Գալուստ Գյուլբենկյան» սրահի պատերին կախված սեւ ու սպիտակ լուսանկարները, ներկայացնում են կյանքի այն գեղեցիկ արահետը, որով համեստորեն եւ մեծ աշխատասիրությամբ ընթացել է Թբիլիսիի Հավլաբար թաղամասում իր լուսանկարչական արհեստանոցով հայտնի Ազատ Մանուկյանը: Մեծավարպետ լուսանկարչի կողմից ժամանակի անսահմանությունում պահի ճիշտ ընկալման եւ անմահացման վկաները տեղ էին գտել նոյեմբերի 10-ին նույն սրահում բացված լուսանկարների հետմահու ցուցահանդեսում, որը նվիրված էր նրա 75-ամյակին: Բազմամարդ դահլիճում հավաքվել էին վարպետ ստեղծագործողին ճանաչողները, գործընկերները, բարեկամ-հարազատները:
«Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լեւոն Չիդիլյանը , բացելով ցուցահանդեսը տեղեկացրեց, որ այն կազմակերպել են Վրաստանի հայ նկարիչների միությունը եւ «Հայարտուն» մշակույթի կենտրոնըՙ ՀՀ սփյուռքի եւ մշակույթի նախարարությունների աջակցությամբ եւ ափսոսնքով նշեց, որ նախատեսված Ազատ Մանուկյանի անհատական ցուցահանդեսը դարձավ հետմահու: Ցուցահանդեսում տեղ գտած շուրջ 90 լուսանկարների շրջանում են սիրելի եւ անմոռաց դեմքեր, պատմական դեպքեր ու իրադարձություններ, որ լուսանկարչական արվեստի կատարելությամբ անմահացրել էր կոլորիտային հայը Հավլաբար թաղամասից: Եվ իզուր չէր, որ խոսելով Ազատ Մանուկյանի լուսանկարչական արվեստի մասին, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը կարեւորեց լուսանկարչի մոտ գործող կախարդական եռանկյունինՙ դա լուսանկարչական սարքն էր, լուսանկարվող սուբյեկտը եւ լուսանկարողի ճիշտ ընտրած պահը, որը ակնթարթային մի շրխկոցով «կանգնեցնում էր» ամենազոր ժամանակի հանդարտ ընթացքը:
Նվիրվածություն իր ազգին ու ժողովրդին եւ արվեստագետի ներթափանցում- ահա այսպիսին է կյանքի տարբեր պահերը յուրահատուկ վերարտադրող Ազատ Մանուկյանի բնութագիրը, որ այնպես հնչեղ արժեւորվեց բանախոսների ելույթներում: Հիսուն տարի շարունակ լուսանկարչական սարքը ձեռքին, Ազատ Մանուկյանն իր կյանքի ճանապարհն անցել է պատվով ու անշահախնդիր եւ արժանի տեղը գտել անցյալ դարից մինչեւ մեր օրերը հասնող 160 լուսանկարիչների ոսկեբույլի մեջ: 1971 թ. նա դարձել է Լուսանկարչության համառուսաստանյան մրցույթի դափնեկիր, երեք անգամ ճանաչվել է «Թբիլ-ֆոտոյի լավագույն ֆոտովարպետ»:
Ստեղծագործական միտքն է եղել Ազատ Մանուկյանի տարերքը, որ լուսանկարելուց բացի արտահայտվել է նրա գրքերում, որ նվիրվել են հայ թատրոնի փառահեղ տարիներին, ցեղասպանությանը, Սպիտակի երկրաշարժին, իր մեծ պապի հիշատակին եւ դարձել աննկուն աշխատանքի, մտավոր ստեղծագործության արգասիք: Ազատ Մանուկյանը կանգնած է եղել Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության ստեղծման ակունքների մոտ, եղել նրա անդամներից մեկը, իր բարեգործությամբ աջակցել միության գործունեությանը, գրչակից ընկերներին, դրա կարիքը զգացողներին:
- Ազգի մեծությունը նրա մշակույթն է, իսկ մշակույթը ստեղծում են Ազատ Մանուկյանի նման նվիրյալները: Ու թեեւ այսօր մեզ հետ չէ վարպետ լուսանկարիչը, սակայն կան նրա գործերը, որ լուսանկարչական կատարելություն են, որ հրատարակված բարձրարժեք գրքեր են, կան նրա գործի շարունակողներըՙ հանձինս որդու, թոռների ու ծոռների, կա կյանքը, որ շարունակվում է,- եզրափակեց իր խոսքը Վազգեն Սրբազանը :
Հետմահու ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 17-ը:
Վիրահայոց թեմի մամլո դիվան