Ընկերս, ում տղայի 5 անձից բաղկացած ընտանիքն արդեն 10-րդ տարին Մոսկվայում է բնակվում, հաճախ է մտահոգված ասում.
- Եղբա՛յր, Մոսկվայի հազիվ մի շրջանի բնակչությունն ունեցող երկիր ենք, ինչո՞ւ չենք կարողանում նրանց կեսի չափ ապրել:
Թեեւ Մոսկվայի հետ համեմատությունն այնքան էլ սրտովս չէ, քանզի կուզեի առավել բարեկեցիկ ապրողների հետ համեմատվել, մի անգամ փորձեցի հակառակվել:
- Հարգելիս,- ասացի,- ճիշտ ես, որ Մոսկվայի մի շրջանի բնակչությունն ունենք, սակայն մերն անկախ երկիր է, հսկայածավալ մի պետություն, որը ղեկավարելը հեշտ գործ չէ:
Նա անակնկալի եկավ եւ հարցրեց:
- Քեզ ի՞նչ պատահեց:
- Արտառոց ոչինչ,- ասացի,- մտորում եմ, թե 3.000.000 բնակչությունը, որ ապրում է 1000-ից ավելի, իրարից հազարավոր մետրեր հեռու գտնվող բնակավայրերի 30.000.000.000 քառակուսի մետր տարածքում, ինչպե՞ս է հնարավոր լավ կառավարել, երբ հարեւանս գյուղաբնակ հոր 1500 քմ տարածքն է անտերության մատնել:
- Այդ ի՞նչ 30 մլրդ քառակուսի մետրից ես խոսում, չեմ հասկանում,- վրդովված ընդհատեց ընկերս,- Արցախն էլ հաշվենք, այդքան տարածք չկա:
- Արցախով 40 մլրդ է ստացվում,- փորձեցի հանգստացնել նրան,- նրանց էլ է պետք օգնել, պատերազմի ավերածությունները վերականգնել:
- Ուրեմն ճիշտ են ասում, որ Երկիր մոլորակի 7 մլրդ մարդիկ կարող են կողք կողքի տեղավորվել մեր մայրաքաղաքից մի փոքր ընդարձակ տարածքում,- նկատեց ընկերս:
- Ճշտից մի բան էլ այն կողմ, չկասկածես,- հաստատեցի ես:
- Լավ, բա էսքան մեծ տարածքում ինչու գազ ու նավթ չկա,- հարցրեց ընկերս:
- Կա, սերունդների համար ենք պահում,- պատասխանեցի նրան,- հետո էլՙ մեր տարածքին համապատասխան ատոմակայան ունենք:
- Ասել է թե հրաշք տարածքում ենք ապրում,- երկմտեց ընկերս:
- Դրախտավայրում,- հիմնավորեցի ես:
Շփոթվածի վիճակում հայտնված ընկերս, որը տասնամյակներ շարունակ մեր միջեւ բանավեճի առիթ չէր ստեղծել, գերադասեց չխոսել, որից օգտվելով սկսեցի բարձրաձայն մտորել:
- Իրոք դժվար է Հայաստանի իշխանությունների գործը, կապ չունիՙ պաշտոնյաները շարքային քաղաքացիներիս սրտով են, թեՙ ոչ: Նախարարներ ու տեղակալներ ունենք, որ անկախ Հայաստանի տարիներին են ուսում առել ու մասնագիտություններ ստացել, մեր հույսն ու հավատն են, վեր վաղվա հաջողությունների երաշխավորները:
Ընկերս ընդհատեց մտորումներս:
- Այդ վաղվա օրվա երաշխավորները տարին մեկ թող իրենց սահմանամերձ ծննդավայրերն այցելեն, գյուղացիների հոգսերին ծանոթանան:
- Հեշտ ես ասում, թող գնան,- ասացի ինքս ինձ: Բնակավայրեր կան, որ Երեւանի իրենց աշխատասենյակներից 150.000, անգամ 250.000, ինչու եմ համեստություն անում, 400.000 մետր հեռավորության վրա են, իսկ իրենց արտասահմանյան մակնիշների ծառայողական ավտոմեքենաները հազիվ 100 կմ ժամ միջին արագություն են բացում:
Ընկերս թեՙ նախարար կաՙ 3 վարորդ ունի, թող ղեկն իրար փոխանցելով վարեն, չեն հոգնի, արագ տեղ կհասնեն:
- Իսկ արագաչափե՞րը,- ընդհատեցի նրան,- ճիշտ է, չեն հայտարարել, որ դրանք ամենուր տեղադրել են, բայց մերոնց գործելաոճը գիտենք, չէ՞:
- Հիմա ի՞նչ,- աչքերիս մեջ բազմանշանակ նայեց ընկերս:
- Այն, որ վարչապետի մի քանի տեղակալներ ունենալու պահանջը ոչ թե իշխող կուսակցությունները պետք է առաջ քաշեն, այլ հանրությունը: Տնտեսության գծով փոխվարչապետի պահանջ պետք է տնտեսվարները բարձրացնեն, մշակութային հարցերով փոխվարչապետ ունենալու ահազանգը մշակութաբանները հնչեցնեն, գյուղատնտեսության...
- Պարզ է, մի շարունակիր,- ընդհատեց ընկերս: Գյուղատնտեսության գծով փոխվարչապետի թեկնածությունն էլ գյուղացիները թող տան, քանզի կոլխոզի նախագահից մինչեւ ՀՍՍՀ Կենտգործկոմի նախագահ Մացակ Պապյանի դրական օրինակն ունենք:
- Ավելին,- ավելացրի ես: Գյուղատնտեսության բնագավառում գոնե 2 նախարարություն պետք է ունենալ, մեկըՙ Արարատյան աշխարհի գյուղնախարարություն, մյուսըՙ հայաստանյան: Չէ՞ որ առաջինը դաշտավայրի նախալեռնային տարածքների հետ մոտ 10 մլրդ քառակուսի մետր է կազմում, Լիխտենշտեյն պետության 70-ապատիկը:
- Լիխտենշտեյնն ինչո՞ւ հիշեցիր:
- Ես էլ քեզ հարցնեմ, թե Մոսկվայի շրջանն ինչու հիշեցիր:
- Դե Մոսկվայում լավ են ապրում,- արդարացավ ընկերս:
- Լիխտենշտեյնում Մոսկվայից են լավ ապրում,- փաստեցի ես:
- Դու էլ երկիր գտար համեմատվելու,- նեղսրտեց զրուցակիցս:
- Բա ո՞ւմ օրինակ բերեմ, Աֆրիկայում էլ են սկսել մեզնից լավ ապրել:
- Դե եթե բաժանելն է, թող էներգետիկայի նախարարությունն էլ ճյուղային դարձնեն, մեկըՙ էլեկտրաէներգիայի, երկրորդըՙ գազ-գազաֆիկացիայի, երրորդն էլ բնական պաշարների,- ինքնագոհ ասաց ընկերս:
- Տեղին է, գազը թող Կարապետյանը ղեկավարի, բնական պաշարներըՙ Այվազյանը, վստահեցնում եմ, ոչ իրենց, ոչ հարազատ բարեկամների հետ կապ չունեմ,- ասացի ես:
Այսպես նեղսրտած էլ մոտեցանք մեր բնակելիին, որի բակում տեղադրված զրուցարանում հարեւանների մի զգալի մասը, հայաստանյան մեր մտահոգությունները մի կողմ թողած, «բլոտ»-ի էր տրվել: Անհոգ մարդիկ:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ