Այսօր «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը մրցաշրջան-2012-ի վերջին խաղում ուժերը կչափի Լիտվայի ընտրանու հետ: Ընկերական այդ խաղում վերջին անգամ ՀՀ հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ դուրս կգա մեր ընտրանու բազմամյա ավագ, 40-ամյա Սարգիս Հովսեփյանը, որը որոշ ժամանակ անց իր տեղը կզիջի խաղընկերոջը: Մեծ ֆուտբոլից նրան ճանապարհելու արարողությունը տեղի կունենա խաղի ընդմիջմանը:
Խաղի նախօրեին «Հանրապետական» մարզադաշտի ասուլիսների սրահում ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հանդիպեց լրագրողներին: Նա նշեց, որ հավաքի հրավիրված 24 ֆուտբոլիստներից Երեւան չեն ժամանել Յուրա Մովսիսյանն ու Արտյոմ Խաչատուրովը: Մովսիսյանը մեկնել է բուժզննման, իսկ Խաչատուրովը փաստաթղթերի ձեւակերպման հետ խնդիրներ ունի: Մինասյանի կարծիքով, Խաչատուրովը լավ ֆուտբոլիստ է, ֆիզիկական լավ տվյալներ ունի, 20 տարեկան է, նրա մասին լավ կարծիք է հայտնել նաեւ Միխայ Ստոյկիցան: Մինչեւ վերջերս Խաչատուրովը հանդես էր գալիս Մոլդովայի երիտասարդական հավաքականում: Գլխավոր մարզիչը հույս ունի, որ փետրվարին կայանալիք ընկերական մրցախաղերին Խաչատուրովի փաստաթղթերի խնդիրը լուծված կլինի:
Վնասվածքի պատճառով Լիտվայի հետ հանդիպմանը չի մասնակցի Հրայր Մկոյանը: Արթուր Սարկիսովը թեթեւ վնասվածք էր ստացել, սակայն դա չի խանգարի նրան խաղադաշտ դուրս գալու: Ռոբերտ Արզումանյանն ակումբի կազմում 90 րոպե խաղացել է, որոշ խնդիրներ ունի: Մնացած ֆուտբոլիստները կազմ ու պատրաստ են հանդիպմանը:
Ինչպես հայտնի է, որակազրկման պատճառով մարտին Չեխիայի հավաքականի հետ կայանալիք հանդիպմանը չեն մասնակցի Հրայր Մկոյանը, Արթուր Եդիգարյանն ու Կառլեն Մկրտչյանը: Վարդան Մինասյանը նշեց, որ ներկայումս հավաքականում եզրային պաշտպանների ու մեկ հենակետայինի խնդիրներ են ծագել, որոնք մինչեւ չեխերի հետ կայանալիք հանդիպումը նախատեսված ընկերական խաղերում պետք է լուծել: Այդ խաղերում գլխավոր մարզիչը կփորձարկի նոր խաղացողների: Այդ նպատակով այս խաղին հրավիրվել են Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ Մասիս Ոսկանյանն ու Կարեն Մուրադյանը:
Գլխավոր մարզիչը հետեւում է Հայաստանի առաջնությանը եւ հույս ունի հաջորդ տարի նոր ֆուտբոլիստներ հրավիրել հավաքական: Այս պահին առաջնության մասնակիցներից միակ նորեկը շիրակցի Կարեն Մուրադյանն է:
Անդրադառնալով Սարգիս Հովսեփյանին, Վարդան Մինասյանը նշեց, որ նա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, իրոք լեգենդար անձնավորություն: Սակայն ցավոք միշտ չէ, որ կարողանում ենք մարդուն գնահատել, երբ նա կողքիդ է: Մինասյանը նշեց, որ ինքը մշտապես ցանկացել է, որ Հովսեփյանը հնարավորինս երկար խաղա հավաքականում, քանի որ նրա ներկայությունը վստահություն էր ներշնչում խաղընկերներին, նա օրինակ էր ծառայում հատկապես երիտասարդների համար: Սակայն Սարգիսն ինքն է որոշել հեռանալ ֆուտբոլից եւ պետք է հարգել նրա վճիռը: Գլխավոր մարզիչը տեղեկացրեց, որ Սարգիսը ներկայումս հավաքականում է աշխատում, ունի կոնկրետ պարտականություններ, կհետեւի ֆուտբոլիստներին արտերկրում:
Իհարկե, առաջիկա խաղում Հայաստանի հավաքականը կձգտի հաղթել եւ ուրախացնել երկրպագուներին, սակայն գլխավոր մարզչի համար ավելի կարեւոր է խաղի բովանդակությունը, կոնկրետ դրվելիք հարցերի պատասխանները ստանալը: Նա նաեւ նշեց, որ բոլոր երկրներում էլ ֆուտբոլիստներն ընկերական հանդիպումներին որոշ վերապահումով են մոտենում: Սակայն մարզչական շտաբը կանի հնարավորը, որպեսզի մեր ֆուտբոլիստների մոտ պայքարելու եւ հաղթելու ցանկությունը մեծ լինի:
Ֆուտբոլասերներին տեղեկացնենք, որ Հայաստան-Լիտվա հանդիպումը կսկսվի ժամը 19-ին եւ կցուցադրվի «Արմենիայի» ուղիղ եթերում: Բուքմեյքերներն այդ խաղում նախապատվությունը տալիս են Հայաստանի հավաքականին, որի հաղթանակի գործակիցը 1,75 է: Ոչ-ոքին գնահատվել է 3,5, իսկ լիտվացիների հաղթանակըՙ 4,2 գործակցով: