Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կայացավ Լիտվայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հունգարացի մասնագետ Լասլո Չաբայի մամուլի ասուլիսը: Վերջինս նշեց, որ սովորաբար ընկերական հանդիպումները մարզիչներին հնարավորություն են ընձեռում փորձարկելու նոր ֆուտբոլիստների: Ակումբների մարզիչների խնդրանքով հավաքականի հիմնական կազմի 4 ֆուտբոլիստներ Երեւան չեն ժամանել: Դա հնարավորություն է ընձեռել ստվերում մնացած ֆուտբոլիստներին խաղադաշտ դուրս գալու եւ դրսեւորելու իրենց խաղային ունակությունները: Լասլո Չաբան հուսով է, որ նրանք կկարողանան արդարացնել սպասելիքները:
Չնայած ՀՀ հավաքականի նկատմամբ ունեցած հարգանքին, գլխավոր մարզիչն առաջիկա խաղում իր ֆուտբոլիստների առջեւ հաղթելու խնդիր է դնելու: Չաբան դիտել է Հայաստանի հավաքականի մասնակցությամբ ընտրական 3 հանդիպումներից դրվագներ եւ բավականին լավ տպավորություն է ստացել հայ ֆուտբոլիստների ցուցադրած խաղից: Ըստ Չաբայի, ՀՀ հավաքականը վերջին 1,5 տարում զգալի առաջընթաց է ունեցել: Նա տեղյակ է, որ հավաքականում մեծ թիվ են կազմում երիտասարդ ֆուտբոլիստները, մի խումբ ֆուտբոլիստներ հանդես են գալիս Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջնությունների մասնակից թիմերում: Լասլո Չաբան ծանոթ է նաեւ Սարգիս Հովսեփյանին, որին ամենայն բարիք մաղթեց նաեւ կյանքում: 20 տարի մեծ ֆուտբոլում գտնվելն արդեն իսկ մեծ հարգանքի է արժանի, ինչը հնարավորություն կտա Սարգիս Հովսեփյանին կյանքում եւս իր տեղը գտնելու:
Լասլո Չաբան նշեց, որ իր գլխավոր խնդիրը նոր հավաքականի կազմավորումն է, որը պայքարելու է 2016-ի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար: Իսկ աշխարհի առաջնության ընտրական այս մրցափուլում Լիտվայի հավաքականը կփորձի հնարավորինս հաջող հանդես գալ ու միավորներ վաստակել: Լիտվացիները մրցակցի հարկի տակ պարտվել են սլովակներին ու բոսնիացիներին, հաղթել են Լիխտենշտեյնի հավաքականին (2-0): Սեփական հարկի տակ անցկացրած միակ խաղում ոչ-ոքի (1-1) է գրանցվել սլովակների հետ: Մարզիչը հույս հայտնեց, որ սեփական հարկի տակ մնացած հանդիպումներում լիտվացիներն անակնկալ կմատուցեն ու կհաղթեն մրցակիցներին: Նա հույս ունի, որ Լիտվայի հավաքականն ընտրական մրցաշարում 10 միավոր կվաստակի:
Ասուլիսին ներկա Լիտվայի հավաքականի խաղացող Էդգարաս Չեսնաուսկասը նշեց, որ յուրաքանչյուր խաղ, այդ թվում եւ հայերի հետ մրցավեճն իրենց համար շատ կարեւոր է եւ ձգտելու են հաղթել: Լիտվայի հավաքականը վերջին շրջանում ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում շատ է նահանջել (119-րդ տեղ), ուստի միայն հաղթանակների շնորհիվ հնարավոր կլինի բարելավել ցուցանիշը: Չեսնաուսկասի կարծիքով Լիտվայի առաջնության մակարդակը բարձր չէ, ուստի ֆուտբոլիստները ցանկանում են որքան հնարավոր է շուտ հեռանալ երկրից, որպեսզի վարպետությունը կատարելագործեն արտերկրի ակումբներում: Հայ ֆուտբոլիստներից շատերի խաղին Չեսնաուսկասը ծանոթ է: Նրան հատկապես դուր են գալիս Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը, որոնք շատ ագրեսիվ ու արդյունավետ խաղ են ցուցադրում: