«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2012-11-10 | #201, 2012-11-13 | #202, 2012-11-14


ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՇԱՆԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի շախմատիստներից առայժմ լավագույն արդյունքն ունի Շանթ Սարգսյանը, որը 6 հնարավորից վաստակել է 5,5 միավոր: Մինչեւ 10 տարեկան տղաների մրցաշարում Շանթը 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում եւ միայն կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող վիետնամցի Ան Նգուենին: Հայ շախմատիստը մրցաշարը սկսեց 3 անընդմեջ հաղթանակներովՙ առավելության հասնելով Սերժիո Անտեզանայի, Նիկոլաոս Կարոուսոսի եւ Արավինդ Ռամի նկատմամբ: 4-րդ տուրում նրա հաղթարշավը կանգնեցրեց ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոն: Հաջորդ 2 տուրերում Սարգսյանը կրկին հաղթեցՙ պարտության մատնելով Ռայան Թաջիզադեհին եւ Ավոնդեր Լիանգին:

2-րդ արդյունքն ունեն Տիգրան Հարությունյանն ու Հովհաննես Գաբուզյանը: Հարությունյանը մինչեւ 16 տարեկանների մրցաշարում 5 միավորով ընթանում է 6-րդ տեղում: Նա կես միավորով է զիջում առաջատար Ուրի Ելիսեեւին: Հարությունյանը վերջին 3 տուրերում հաղթանակներ տոնեց Ֆիլիպ Կուկրովսկու, Ալեքսանդրոս Պապասիմակոպուլոսի եւ Օտոմար Լադվայի նկատմամբ:

Հովհաննես Գաբուզյանը մինչեւ 18 տարեկանների մրցաշարում 5 միավորով 4-րդ տեղում է եւ միայն լրացուցիչ գործակիցներով է զիջում աղյուսակը գլխավորող իսպանացի Դավիթ Անտոնին: Տարիքային այս խմբում միանգամից 6 շախմատիստներ 5-ական միավորով գլխավորում են աղյուսակը: 4,5 միավորով 9-րդ տեղում է Կարեն Գրիգորյանը:

Հաջող են հանդես գալիս նաեւ Հայկ Մարտիրոսյանը (մինչեւ 12 տարեկաններ) եւ Սիրանուշ Ղուկասյանը (մինչեւ 14 տ.), որոնք ունեն 4,5 միավոր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4