«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2012-11-13 | #202, 2012-11-14 | #203, 2012-11-15


ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԿՏՐՈՒԿ ՇՐՋԱԴԱՐՁԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է»

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ընդդիմությունն անընդհատ հետաքրքրվում էր այն հարցով, թե ինչու 2013 թվականի բյուջեի նախագիծը Ազգային ժողովի ամբիոնից չներկայացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Երեկ այս հետաքրությունը լրագրողներ-վարչապետ ճեպազրույցի ժամանակ վերաուղղեցինք Տ. Սարգսյանին. «Պետական բյուջեի քննարկումներն Ազգային ժողովում (նկատի ուներ հանձնաժողովները-Մ.Խ.) սկսեցին վարչապետի ծրագրային ելույթով, այն հրապարակվեց նաեւ մամուլում, որից հետո ֆինանսների նախարարը եւ նրա տեղակալը մանրակրկիտ ներկայացրին բյուջեն` ելնելով այն գաղափարական սկզբունքներից, որոնք շարադրված էին ելույթի մեջ: Եվ վաղը ես պատրաստվում եմ հանդես գալ ամփոփիչ զեկույցով: Եվ սա է եղել մշտապես պետական բյուջեի ներկայացման ավանդույթը, որը երեք տարի խախտել եմ ես` Ազգային ժողովի ամբիոնից հանդես գալով ելույթով. եթե հանձնաժողովներում հնչած ելույթը չէր ներկայացվում լայն հանրությանը, այդ դեպքում ես այն կրկնում էի: Այժմ դրա անհրաժեշտությունը չկար, քանի որ բավականին մեծ ծավալով իմ ելույթը տարածվեց ԶԼՄ-ներով եւ հեռուստատեսությամբ, երկրորդ անգամ այդ ելույթը ներկայացնելը նպատահարմար չէր, սա է տրամաբանությունը»:

Համամասնական 100-տոկոսանոց ընտրակարգի վերաբերյալ նախաձեռնությանը եւ դրա վերաբերյալ Հայաստանի երկրորդ նախագահի այն մեկնաբանությանը, որ մեծամասնական ընտրակարգը նպաստում է ֆեոդալիզմին եւ իշխանությունների վերարտադրմանը վերաբերող հարցին ի պատասխան վարչապետը չմեկնաբանեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականները: Ապա նշեց, որ գոյություն ունի քաղաքական տեսական բանավեճ, թե ո՞ր համակարգն է առավել արդյունավետ: Տարբեր երկրների փորձը տարբեր արդյունքներ է ցույց տալիս, եւ ամեն մի երկիր իր առանձնահատկություններից ելնելով իր համար պետք է ընդունի առավել արդյունավետ կառավարման համակարգ եւ առավել արդյունավետ ընտրական օրենսգիրք ունենա. «Դրա ընդունման ձեը Ազգային ժողովում քաղաքական բանավեճն է, որը տեղի է ունեցել, եւ մենք նոր ենք ընտրական օրենսգիրքը փոփոխել, եւ կարծում եմ, որ նախագահական ընտրություններից հետո մենք հնարավորություն կունենանք կառավարման համակարգի արդյունավետության վերաբերյալ քաղաքական բանավեճ ունենալ Ազգային ժողովում, լսել տարբեր տեսակետներ:

Բայց այսօրՙ ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ անդրադառնալ այդ խնդրին, այնքան էլ ճիշտ չէ, օրակարգում այդ հարցն առաջնահերթ հարց չէ»:

ԲՀԿ-ի քաղաքական կոնսուլտացիաների վերաբերյալ տեսակետ հայտնելու հարցին ի պատասխան, որին ավելացավ այն շեշտադրումը, թե երբ որոշ ժամանակ առաջ վարչապետն ասում էր` ընտրություններից առաջ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն նոր հուշագիր կստորագրեն, ու դա նման է նրան, որ Սեւրի պայմանագիրն ուժի մեջ է, վարչապետը հակադարձ հարց տվեց. «Իսկ Սեւրի պայմանագիրն ուժի մեջ չէ՞»: Միաժամանակ նկատեց, թե քաղաքական դաշտում ինքը ոչինչ չի բացառում եւ ՀՀԿ դիրքորոշումն էլ միշտ բաց եւ հրապարակային է եղել. «Մենք պատրաստ ենք համագործակցության քաղաքական այն ուժերի հետ, որոնք ուզում են մեզ հետ համագործակցելով մեր երկրում իրականացնել բարեփոխումներ, դա մեզ հաջողվել է մի քանի անգամ, եւ հռչակագրերում, համաձայնագրերում արտացոլվել են այն քաղաքական սկզբունքները, որոնց շուրջը ձեւավորվել են դաշինքներ: Մեր այդ քաղաքական դիրքորոշումից չենք հրաժարվել»:

Ընդդիմությունը բավական քննադատեց բյուջեն` ինչպե՞ս է գնահատում այդ քննադատությունը, հետաքրքրվեց «Ազգը» : Վարչապետն ասաց, որ այսօր իր ամփոփիչ ելույթում գնահատականներ կտա նաեւ քննարկումների վերաբերյալ: Նա լրագրողներին խնդրեց նորմալ վերաբերվել այն բանին, երբ ընդդիմությունը քննադատում է կառավարությանը. «Բա դուք ուզում եք, որ ընդդիմությունը մեզ չքննադատի՞, գովերգի՞ մեր ծրագրերը: Ընդդիմությունը հենց նրա համար է, որ քննադատի, եւ մենք շատ նորմալ ենք վերաբերվում մեր ընդդիմության քննադատությանը, գործիքակազմին, որ ընդդիմությունը օգտագործում է քննադատելով», մեկ ուրիշ լրագրողի նույն հարցին հակադարձեց վարչապետը

Արմեն Աշոտյանը ԱԺ դահլիճում ասել էր, որ նաեւ սոցիալական ցանցն է օգտագործում տեսակետ հայտնելու համար, քանի որ պատգամավորների նման ԱԺ ամբիոն չունի. լրագրողն ակնհայտորեն հարցնում էր նախարարի սոցիալական ցանցից օգտվելու մասին, սակայն վարչապետին հարցը լավ չհասցրին, այնպես որ նա այլ կերպ դրեց հարցը, թե էլեկտրոնային սարքերի հանդեպ նեգատիվ վերաբերմունք պետք չէ ունենալ, հնարավոր է «Այպադով» այս կամ այն պահին նախարարը կառավարության տեղեկատվական բազաներից տեղեկատվություն է որոնում հենց պատգամավորի հարցին պատասխանելու համար, ինչը վարչապետը դրական համարեց:

ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ նախագահի միասնական թեկնածու ունենալը ընդդեմ Սերժ Սարգսյանի հնարավո՞ր է. «Քաղաքական դաշտում ես ոչինչ չեմ բացառում, բայց դրա հավանականությունը համարում եմ շատ փոքր»: Ու հավելեց, որ ինքը նայում է կուսակցությունների անցած ճանապարհը` միասին ճանապարհ են անցել, միմյանց լավ ճանաչում են, գիտեն, թե ինչ արժեքների շուրջն է տեղի ունենում այդ համախմբումը, ովքե՞ր են գաղափարների կրողները, եւ այսպիսի կտրուկ շրջադարձը քաղաքականության մեջ ավելի քիչ հավանական է` նկատի ունենալով ԲՀԿ-այն գործելակերպը, որ կար նախկինում: Բայց նաեւ չբացառեց, որ այլ սցենարներ եւս կարող են զարգանալ: Իսկ ԲՀԿ-ի վերջին քաղաքական պահվածքն արդյո՞ք այդպիսի շրջադարձ չի նշանակում. «Բնականաբար, եթե ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ չէ, պետք է փոխվի նաեւ նրա գործելաոճը, ինչը մենք ձեզ հետ միասին տեսնում ենք», համաձայնեց նա: Նախկին ՀՀՇ-ականների պահվածքի մասին հիշեցումից վարչապետը կատակեց. «Կարելի է սկսել 18 թվականից` վերջին տասը տարիների քաղաքական ուժերի գործոնը պետք է գնահատենք քաղաքական դաշտում, եւ կտեսնեք, որ որակական փոփոխություններ են տեղի ունեցել հենց ՀՀՇ-ում` 1988 թվականին գոյություն ունեցողը եւ հիմիկվանը որակապես իրարից տարբեր են: Դրա համար քաղաքական դաշտի իրողությունները պետք է ընդունել այնպես, ինչպես կան»: Ընդդիմության կողմից կառուցողական առաջարկներ եղել են, եւ օրենքի ընդմիջմանը բոլոր առաջարկներն ուսումնասիրվելու են շատ ուշադիր, ու վարչապետը համոզված էր, որ շատ առաջարկներ ընդունելի են լինելու կառավարության համար»: Իսկ թե մտահոգություններ չունի՞, որ 4 խմբակցություն քննադատում է բյուջեն. «Վարչապետի պաշտոնն այնպիսին է, որ նա միշտ պետք է մտահոգված լինի բազմաթիվ խնդիրներով, որոնք առկա են: Իհարկե, մտահոգված ենք, եւ ամեն ինչ անելու ենք, որ բյուջեն հաստատվի, որ եղած մտահոգությունները փարատվեն, որպեսզի այն հետո ամբողջությամբ իրականացվի: Եվ մենք դրա համար ջանքեր ենք իրականացնում բոլոր մտավախությունները փարատելու»:

Դեռ ուժի մե՞ջ է վարչապետի ավելի վաղ արտահայտած այն տեսակետը, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն համատեղ հուշագիր կստորագրեն. «Այո՛, ես դա չեմ բացառում»: Իսկ ո՞վ կլինի Սերժ Սարգսյանի մրցակիցը նախագահական ընտրություններում. «Ընդհանրապես քաղաքական մրցակցությունը խիստ անհրաժեշտ է, ցանկալի է, որ լինի քաղաքական մրցակցություն, բայց իրողությունները այսօր այնպիսին են, որ Ս. Սարգսյանի քաղաքական վարկանիշն ու իմիջը շատ բարձր են, շատ մեծ հավանականությամբ նա մեծ առավելությամբ կընտրվի հանրապետության նախագահ: Քաղաքական մեկնաբաններն այս հարցի շուրջը, կարծում եմ, ունեն կոնսենսուս»:

Մեր հարցին, թե նախորդ երկու նախագահները վարչապետի կարծիքով կառաջադրվե՞նՙ վարչապետը նրանց առաջադրումը քիչ հավանական համարեց:

«Նախագահական ընտրություններից հետո ո՞ւմ կուզենար տեսնել վարչապետ» հարցին ի պատասխան էլ ասաց. «Կմտածեմ այդ հարցի շուրջը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4