Դիմումի որոշումը, ինչպես երեկ նշել էր քրդական «Ֆըրաթնյուզ» գործակալությունը, ընդունել են Թուրքիայում գործող Դերսիմի միությունները: Նրանք դիմումը Հաագայի միջազգային քրեական դատարան կներկայացնեն նոյեմբերի 23-ին: Այս միությունների մեջ առանձնակի ակտիվությամբ աչքի են ընկնում «Ընդդեմ 1937-38-ի Դերսիմի ցեղասպանության կոմիտեն» եւ «Դերսիմի վերակառուցման միությունը»:
Նշված կազմակերպությունները, հայտարարելով միջազգային դատարան դիմելու իրենց պատրաստակամության մասին, միաժամանակ նշել են, որ Դերսիմում 1937-38-ին սկսված ցեղասպանությունը «մշակութային» ցեղասպանության տեսքով առ այսօր շարունակվում է: Հաշվի առնելով այս հանգամանքըՙ նրանք ցեղասպանության մեջ են մեղադրում ինչպես Թուրքիայի Հանրապետության հիմնադիրներին, այնպես էլ ներկայիս ղեկավարներին, որոնց մեջ են վարչապետ Էրդողանն ու ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը:
Հ. Չ.