«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2012-11-13 | #202, 2012-11-14 | #203, 2012-11-15


ՖՐԱՆՍԻԱՆ ՃԱՆԱՉԵՑ «ՍԻՐԻԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈԱԼԻՑԻԱՆ»

Ֆրանսիան եվրոպական պետությունների մեջ առաջինը ճանաչել է սիրիական ընդդիմության ստեղծած «Սիրիական ազգային կոալիցիան» որպես սիրիացի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ: Այդ մասին հայտարարել է նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում կազմակերպված մամլո ասուլիսում:

Ռոյթեր գործակալությունը մեջբերում է Օլանդի այն խոսքերը, որ կոալիցիան պետք է դառնա ժողովրդավարական Սիրիայի ապագա կառավարությունը, որը հնարավոր կդարձնի ներկայիս նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալումը:

Նախագահը նշել է, որ Փարիզը կոալիցիային զենք մատակարարելու հարցը քննության կառնիՙ հենց որ ընդդիմադիրները Սիրիայում կազմեն օրինական կառավարություն: Որոշումը կընդունեն այն բոլոր կողմերը, որոնք ճանաչել են «Սիրիական ազգային կոալիցիան», ընդգծել է Օլանդը:

Սիրիացի ընդդիմադիրները կոալիցիայի ստեղծման վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին նոյեմբերի 11-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում: Կոալիցիան մասնավորապես կհամակարգի ռազմական գործողությունները Սիրիայի կառավարական զորքերի դեմ:

Նոյեմբերի 12-ին կոալիցիային պաշտպանություն էին հայտնել ԱՄՆ պետդեպարտամենտը եւ Պարսից ծոցի պետությունների համագործակցության խորհրդի երկրները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4