«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2012-11-13 | #202, 2012-11-14 | #203, 2012-11-15


ՂԱՐԱԲԱՂԻ ՈՒՐՈՒԳՎԱՅԱԿԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՇՈՒՐՋԸ

Հայերենով դիմելով Հայաստանի ԱԺ-ին` «Եղբայրնե՛ր», Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոն ելույթի ժամանակ շեշտեց. «Մենք այստեղ ենք եկել սրտով ասելու ձեզ, որ մենք ձեր մեջ ենք, ու ուզում ենք, որ դուք էլ մեր մեջ լինեք»: Այնուհետեւ պարոն Օրիկոն խոսեց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Ուրուգվայի առաջինը լինելուց, հայ-ուրուգվայական բարեկամությունից, երկու «փոքր ու ռազմավարական կարեւոր դիրք զբաղեցնող երկրների» նմանություններից, իսկ մինչ այդ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ուրուգվայցի գործընկերոջը կոչել էր «մեր բարեկամ երկրի ներկայացուցիչ»:

Իրապես, հարավամերիկյան այս պետությունը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «հայկական հարցի» միջազգային քննարկման հարթակներում, ու տրամաբանական է, որ հենց Ուրուգվայից է սպասելի նաեւ ԼՂՀ ճանաչման առաջին քայլը: Ընդ որումՙ նման հավանականություն կա, մասնավորաբար որոշ ժամանակ անց, երբ Երեւան ժամանեց Ուրուգվայի ԱԳ նախարարը, կար տեղեկություն, որ վերջինս պատրաստվում է այցելել Ստեփանակերտ ու հայտարարել ԼՂՀ-ի` Որուգվայի կողմից ճանաչման մասին: Ինչը, գիտենք, տեղի չունեցավ, ընդ որում հայկական ԶԼՄ-ների որոշ մասը այս հավանականության մասին բարձրաձայնեց, որը թերեւս որոշակիորեն նպաստեց փաստի չկայացմանը:

Ինչեւէ, այսօր էլ Ուրուգվայը մոտ է Ղարաբաղի անկախության ճանաչմանը, եւ Ուրուգվայն այն երկիրն է, որը ոչ միայն առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլեւ որտեղ դեռեւս 1933-ին 18 պետություններ ստորագրել են Մոնդեվիդեոյի կոնվենցիան, ինչը առաջին անգամ սահմանեց պետության իրավական չափորոշիչները, եւ որը մինչեւ օրս փաստորեն չի կորցրել իր իրավական ուժը: Մոնտեվիդեոյի կոնվենցիային «Ազգը» անդրադարձել է, հիշեցնենք միայն, որ համաձայն միջազգային իրավունքում ամրագրված այս փաստաթղթիՙ պետության իրավական չափորոշիչներն են.

1. մշտական բնակչություն,

2. որոշակի տարածքի առկայություն,

3. կառավարության գոյություն,

4. այլ երկրների հետ հարաբերությունների մեջ մտնելու տվյալ պետական միավորի ընդունակություն:

Ստացվում է, որ համաձայն Մոնդեվիդեոյի կոնվենցիայի, Ղարաբաղը համապատասխանում է պետության իրավական բոլոր չափորոշիչներին, հետեւաբար հեռու չի կարող լինել այն օրը, երբ Մոնդեվիդեոն` համաձայն Մոնդեվիդեոյի կոնվենցիայի, կճանաչի ԼՂՀ-ն:

Ի դեպ, Որուգվայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման հավանականության մասին Ստեփանակերտում, որտեղ ուրուգվայցի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը մեկնել էր Երեւանից, հարավամերիկյան այս երկրի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռուբեն Մարտինես Ուելմոնը պատասխանել է. «Անկեղծորեն կարող եմ ասել, որ որպես տեսական պատասխան, այո՛, կա այդ հնարավորությունը: Սակայն սա քաղաքական գործընթաց է, որը պետք է քայլ առ քայլ ընթանա: Բոլորը քայլերն ու փաստարկները պետք է հավաքենք ու ներկայացնենք քաղաքական ուժերին», նախագահ Բակո Սահակյանի հետ Ստեփանակերտում կայացած հանդիպումից հետո հայտարարել է ուրուգվայցի պաշտոնյան:

Այսինքնՙ Ղարաբաղի ուրուգվայական ճանաչումը ոչ միայն «տեսականորեն հնարավոր է», այլեւ այդ ուղղությամբ, համաձայն վերոհիշյալ խոսքերի, փաստարկներ են հավաքվում, հետեւաբար դրա ցանկությունը Մոնդեվիդեոն ունի, հակառակ պարագայում «փաստեր ու քայլեր չէին հավաքվի»: Այլ հարց է, որ շուտով հարեւան երկիրը ցանկություն կհայտնի Մոնդեվիդեոյում բացելու Հեյդար Ալիեւի արձանների համաշխարհային ցանցի մի նմուշ, որի` Մեխիկոյի տարբերակի առնչությամբ ամերիկյան ազդեցիկ The New York Times պարբերականը գրում է. «Օտարերկրացի բռնապետի արձանը Մեխիկոյում»:

... Անցյալ տարի Ուրուգվայի Սենատում հաստատվեց մի օրինագիծ, որը սահմանում էր պետական միջոցների տրամադրում, որպեսզի այդ երկրում կառուցվի Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան: Այդ թանգարանն արդեն կա` Ցեղասպանության իրագործման վայրից տասնյակհազարավոր կիլոմետրեր հեռու:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4