«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2012-11-13 | #202, 2012-11-14 | #203, 2012-11-15


ԼԵԳԵՆԴ 72,5 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ

Նվազագույն աշխատավարձի հարցը Ազգային ժողովում 2013-ի բյուջեի քննարկման ժամանակ հիմնական հարցը դարձավ: Հիշեցնենք, որ ներկայումս նվազագույն աշխատավարձը 32500 դրամ է, կառավարության առաջարկով կդառնա 35000 դրամ, իսկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջարկել էր նվազագույն աշխատավարձ սահմանել 72500 դրամը: Հիմա նախ անդրադառնանք, թե ի՞նչ հարց է լուծում նվազագույն աշխատավարձ սահմանելը եւ ի՞նչ նշանակություն կունենա նրա բարձրացումը:

Նվազագույն աշխատավարձ սահմանելը ոչ թե սոցիալական կամ տնտեսական նշանակություն ունի, այլ նախ եւ առաջ մարդու աշխատանքային իրավունքների պաշտպանության: Այն ինքնին չի կարող համարվել որպես տնտեսության զարգացումը խթանելու կամ սոցիալական իրավիճակը բարելավելու գործիք: Պարզապես, պետությունը, հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը, աշխատողների իրավունքների պաշտպանության նպատակով սահմանում է նվազագույն աշխատավարձի չափ, որից ցածր աշխատավարձ ոչ մի պետական կամ մասնավոր գործատու իրավունք չունի վճարելու իր աշխատակցին: Նկատի ունենալով սաՙ այժմ անդրադառնանք, թե ինչ է ասում Հրանտ Բագրատյանը, որի «հանճարի» դրսեւորումները մենք մեր մաշկով զգացել ենք նրա վարչապետության տարիներին:

Նախկին վարչապետը հանկարծ հիշել է, որ Հայաստանի համար 32,5 հազար դրամը բավարար չէ նորմալ ապրելու համար, որոշել է լավամարդ երեւալ եւ օդից վերցրած նվազագույն աշխատավարձի մի թիվ է «կրակել»` 72500 դրամ: Հերթական անգամ հիշեցնենք վերոնշյալ պարոնին, որ ժողովրդի աչքին լավամարդ երեւալու հնարավորություն նա մեկ անգամ, բավականին երկար ժամանակով` մոտ 3 տարի, ունեցել է: Սակայն հենց նրա վարչապետության տարիներին փոշիացվեց Հայաստանի արդյունաբերական պոտենցիալի մեծ մասը, ավերվեցին ենթակառուցվածքները, բնակչության գերակշիռ մեծամասնությունը կտրուկ աղքատացավ, իսկ մի զգալի մաս էլ հեռացավ Հայաստանից: Հակառակ Հրանտ Բագրատյանի փայփայած հույսերին, այս ամենը մարդիկ չեն մոռացել, եւ նրա առաջարկած նվազագույն աշխատավարձի շեմը չի կարող բթացնել մարդկանց հիշողությունը:

Այժմՙ նվազագույն աշխատավարձի բագրատյանական առաջարկի մասին ըստ էության: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այս առաջարկն իրականացնելու համար հավելյալ 28 մլրդ դրամի կարիք է զգացվելու միայն բյուջեից աշխատավարձ ստացողների աշխատավարձերի վճարման համար, իսկ դրան համամասնորեն աշխատավարձերը բարձրացնելու դեպքում պահանջվող լրացուցիչ գումարը, կառավարության ներկայացրած հաշվարկով, կհասնի 360 մլրդ դրամի: Նման գումարներ զուտ ընթացակարգային առումով հնարավոր չէ բյուջեում ընդգրկել, երբ այն արդեն հաստատվել է կառավարությունում եւ քննարկման է դրված խորհրդարանում: Մյուս կողմից էլ, տարեկան 100 մլրդ դրամը գերազանցող լրացուցիչ եկամուտներ նախատեսող այս եւ եկող տարվա բյուջեներում այնքան էլ իրատեսական չէ ներառել եւս 28 մլրդ դրամ (2013-ին), չխոսելով արդեն 360 մլրդ դրամի մասին:

Սակայն ամենագլխավորն այն է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը չի բերի բարեկեցության աճի: Այս հիմնական ճշմարտությունն է, որ անհասանելի է մնում տնտեսագիտական «հանճարին»: Անվանական նվազագույն աշխատավարձի նման կտրուկ բարձրացումն իր հետ անխուսափելիորեն բերելու է կտրուկ գնաճի, դրանով իսկ ոչինչ դարձնելով ներկայիս նվազագույն աշխատավարձին ավելացրած գումարները: Այսինքն, մարդկանց իրական եկամուտները չեն աճի: Բացի դրանից, այս դեպքում կառավարությունն ու Կենտրոնական բանկը պետք է լրացուցիչ քայլեր ձեռնարկեն գնաճը զսպելու համար, ինչն էլ կհանգեցնի տնտեսական աճի տեմպի նվազմանը կամ գուցե ընդհանրապես կասեցմանը:

Նվազագույն աշխատավարձի կտրուկ բարձրացումը, եթե չի ուղեկցվում տնտեսության արտադրողականության բարձրացման համանման տեմպով, չի բերի նրան, որ գործատուները բարձրացնեն իրենց աշխատողների աշխատավարձերը: Եթե գործատուն, օրինակ իր աշխատակցին վճարում է 40 հազար կամ 50 հազար դրամ, նա կատարած աշխատանքը գնահատում է այդքան եւ իր շրջանառությունը թույլ է տալիս այդքան աշխատավարձ վճարել, ապա ինչպե՞ս եւ ինչո՞ւ պետք է 40 կամ 50 հազար դրամի փոխարեն վճարի 72,5 հազար դրամ: Այս դեպքում գործատուն հարկային հաշվետվություններում պարզապես նվազեցված ցույց կտա իր աշխատողների թիվը, շարունակելով նրանց վճարել նույն աշխատավարձերը: Նրան աշխատավարձի բարձրացման կդրդի միայն սեփական ընկերության եկամուտների աճը, այլ ոչ թե կառավարության կամ Ազգային Ժողովի որոշումը: Այսինքն, խնդիրը տնտեսական ակտիվության խթանումն է, այլ ոչ թե թիվ նկարելը` նվազագույն աշխատավարձն արհեստականորեն բարձրացնելու տեսքով:

Փաստորեն, նվազագույն աշխատավարձի կտրուկ բարձրացումը առանց տնտեսության նույնքան կտրուկ աճի, արտադրողականության բարձրացման չի բերի եկամուտների իրական աճի, քանի որ գնաճը կխժռի բարձրացված գումարը, մյուս կողմից էլ գործատուն չի գնա աշխատողի աշխատավարձերիՙ իր համար չհիմնավորված բարձրացման:

Սրանք այնքան էլ բարդ բաներ չեն, եւ տնտեսությունից, էլ չասենքՙ տնտեսագիտությունից, քիչ թե շատ տեղեկացված մարդը դա կարող է հասկանալ: Նախկին վարչապետը դա չի՞ հասկանում, թե՞ հասկանում է, բայց իրեն չհասկացողի տեղ է դնում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4