ՎիվաՍել-ՄՏՍ-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ բացվել է «Կրթություն եւ կարիերա EXPO 2012» ցուցահանդեսը, որին ՎիվաՍել-ՄՏՍ-ն մասնակցում է Կարիերայի զարգացման ծրագիրը ներկայացնող տաղավարով:
Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում, ուսանողներին, դասախոսներին, աշակերտներին եւ առհասարակ` կրթական ոլորտի բարելավմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվում:
Ծրագրի քառամյա գոյության ընթացքում ավելի քան 5000 ուսանողի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը 64 անգամ հանդես է եկել դասախոսությամբ: Համագործակցության հուշագիր է ստորագրվել ընկերության եւ շուրջ 37 բարձրագույն կրթական հաստատության միջեւ, 26 բաց դռների օր է կազմակերպվել Երեւանի եւ մարզերի դպրոցների ավելի քան 450 աշակերտի համար: Ընկերության շենքում անցկացվել է ՎիվաՍել-ՄՏՍ դպրոցի ուսուցողական 6 դասընթաց, ՎիվաՍել-ՄՏՍ-ի համապատասխան բաժիններում աշխատանքային պրակտիկա է անցել ավելի քան 250 ուսանող, Հայաստանի տարբեր բուհերից 200 ուսանող մասնակցել է կրթական ֆոնդ ծրագրին, շուրջ 29 համալսարան համալրվել է ինտերնետ հասանելիությամբ համակարգչային լսարաններով, նոր համակարգիչներով, տպիչներով, ինտերակտիվ գրատախտակներով, լուսարձակներով, փոխանջատիչներով եւ ժամանակակից այլ տեխնիկայով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն այն սակավաթիվ ընկերություններից է, որտեղ հատուկ կարիքներ ունեցող մարդիկ կարող են լիովին ինքնադրսեւորվել եւ իրացնել իրենց մասնագիտական ներուժն ու հմտությունները: ՎիվաՍել-ՄՏՍ-ում աշխատում է հատուկ կարիքներով 37 աշխատակից:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ն Կարիերայի զարգացման ծրագիր է մշակել կոնկրետ նպատակով. օգնել ուսանողությանը` տեսական եւ գործնական գիտելիքները համադրելու հարցում: Այս կերպ մենք ցանկանում ենք տարիների ընթացքում ընկերության կուտակած գործնական գիտելիքի հսկայական պաշարը փոխանցել Հայաստանի երիտասարդներին, ինչը նրանց կօգնի ինքնադրսեւորվել եւ ապագա կերտել հայրենիքում», բացման խոսքում նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :
«Կրթություն եւ կարիերա EXPO 2012»-ը կանցկացվի մինչեւ նոյեմբերի 16-ը` Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (Մերգելյան ինստիտուտ): Ցուցահանդեսի նպատակը աշակերտությանը եւ ուսանողությանը ժամանակակից կրթության վերաբերյալ համապարփակ տեղեկություններ տրամադրելն է, կրթօջախ-ձեռնարկություն համագործակցությանը նպաստելը, աշխատաշուկայում առավել մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին հանրությանը տեղեկացնելը, աշխատանք փնտրողների եւ գործատուների միջեւ հանդիպումներ կազմակերպելը, ինչպես նաեւ կրթական նոր ծրագրերի շուրջը` պետական, մասնավոր եւ հասարակական կազմակերպություններին համախմբելը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն միջոցառման գլխավոր ինֆորմացիոն աջակիցն է: