Երուսաղեմի Սուրբ Հարություն տաճարը, որը ջրամատակարարման դիմաց պարտք է մնացել 9 մլն շեքել (շուրջ 2,4 մլն դոլար), ստիպված կլինի վճարել «Գիհոն» ջրամատակարարման ընկերության ծառայությունների համար: Այդ մասին հայտարարել է Երուսաղեմի զբոսաշրջության նախարար Ստաս Միսեժնիկովը:
Մինչեւ 2010 թվականը սրբավայրը կոմունալ ծառայություններից օգտվում էր անվճար, բայց 2 տարի առաջ իրավիճակը փոխվեց: Զբոսաշրջության նախարարությունը վճարել է վերջին 7 տարիների պարտքը, սակայն դրա մնացյալ մասը մարելու եղանակը որոշելու համար պետք է ստեղծվի հատուկ հանձնաժողով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:
«Գիհոնի» տվյալներով, Սուրբ Հարություն տաճարը կոմունալ ծառայությունների դիմաց մոտավորապես 40 տարվա պարտքեր ունի եւ այս կապակցությամբ հոգեւոր հաստատությունը վերջերս հայտնվել էր փակման վտանգի տակ: Սակայն, Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ Նիկոլայ Բաշալովի խոսքերով, հաշիվը վերաբերում է ոչ թե բուն սրբավայրին, այլ Հույն ուղղափառ պատրիարքարանի եւ դրա վանքերի ջրամատակարարմանը: