2012 թ. նոյեմբերի 23-ին ՌԱԿ-ի աշխարհատարած շարքերն ընդհանրապես, իսկ լիբանանահայությունը մասնավորապես հպարտությամբ ու արժանավայել միջոցառումներով նշելու են միանգամից երեք հոբելյանՙ սփյուռքահայության բաբախուն սիրտը հանդիսացող եւ լիբանանահայության կողմից սիրված հրատարակություններից «Զարթօնք» օրաթերթի 75, Թեքեյան մշակութային միության 65 եւ Բեյրութի Թեքեյանի անվան դպրոցի 60-ամյակները: Հայտնի է, որ երեքն էլ ՌԱԿ-յան կառույցներ են, այսինքնՙ հիմնադրվել ու գործում են այդ կուսակցության անմիջական հովանու ներքո եւ իրենք էլ, բնականաբար, սատարում են կուսակցության տարաբնույթ ազգանպաստ ձեռնարկներին:
«Զարթօնք» հասարակական, քաղաքական, ազգային եւ գրական օրաթերթը որոշ ընդհատումներով լույս է տեսնում 1937 թվականից: Ունեցել է «Զարթօնք Գրական», «Զարթօնք Պարսատիկէն», «Զարթօնք Մարզական» եւ «Զարթօնք Գիտական» բաժինները Որպես առանձին հրատարակություն լույս է տեսել «Զարթօնք-Սփորը» (1955-1957 եւ 1959 թթ.ՙ խմբագիրՙ Վարուժան Պետիկյան), շուրջ մեկ տարի (1957-1958 թթ.) էլՙ «Զարթօնքի» արաբերեն «Ալ Եաքզա» շաբաթական հավելվածը: Թերթն ունեցել եւ դեռեւս ունի կանանց, մանկապատանեկան, մարզական ու գրական բաժիններ: Նոր տարվա եւ կուսակցական հոբելյանների առթիթով լույս է ընծայում բացառիկ համարներ:
Պարբերականի ակունքներում կանգնած են եղել այնպիսի երախտավոր այրեր, ինչպիսիք էին Միհրան Տամատյանը, որը ձեռնարկեց, սակայն հիվանդության պատճառով չկարողացավ դառնալ անմիջական խմբագիր-հրատարակիչը, Հովսեփ Սեքսենյանը: Թերթի առաջին արտոնատերն ու պետության մոտ պատասխանատու տնօրենը եղել է ավելի քան երեք տասնամյակ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ պրոֆ. Բարունակ Թովմասյանը: Առաջին խմբագիրըՙ մեծանուն բանաստեղծ եւ հրապարակագիր Վահան Թեքեյանը: Տարբեր տարիների թերթը խմբագրել են նաեւ Վահան Թեքեյանը, հասարակական քաղաքական, կուսակցական գործիչներՙ Լեւոն Թյությունճյանը, Երվանդ Քեշիշյանը, Հովհաննես Պողոսյանը, Հակոբ Դավիթյանը, Միքայել Նաթանյանը, Գրիգոր Պեքերեճյանը, Համբարձում Գումրույանը, Գերսամ Ահարոնյանը (շուրջ 30 տարի), Հակոբ Ավետիքյանը, Պարույր Աղպաշյանը, Հրայր Կարապետյանը: Այժմ թերի խմբագիրն է մերօրյա շնորհալի մտավորական Պայծիկ Գալայճյանը:
«Զարթօնքը» ելակետ ունենալով ՌԱԿ-ի ծրագրային դրույթները, լուսաբանում է Լիբանանի, Հայաստանի եւ միջազգային քաղաքական, տնտեսական, մշակութային իրադարձությունները: Լայն տեղ է հատկացնում հայ գաղութների ազգային կյանքին, անդրադառնում ազգապահպանման, եկեղեցական խնդիրներին [1], փորձում հասկանալ եւ համաքայլ շարժվել ու իրատեսորեն մեկնաբանել երիտասարդությանը հուզող հարցերը: Գոյության բոլոր տարիներին ամեն հնարավոր միջոցներով օժանդակել ու նպաստել է հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Համամիտ չլինելով Խորհրդային Հայաստանում իշխող կոմունիստական վարչակարգի գաղափարխոսությանն ու մերժելով բոլշեւիկյան բիրտ գործելաձեւերը, թերթը, սակայն, Խորհրդային Հայաստանը համարել է հայության միակ հայրենիքը: Չնայած մոլեգնող սառը պատերազմի քաղաքական դրսեւորումներին, «Զարթօնքը» քարոզելով ՌԱԿ-ի հայրենաբաղձ ձգտումները, մշտապես ջատագովել է հայրենադարձությունը: Արցախյան շարժման առաջին իսկ պահից թերթը կանգնեց այն սատարողների առաջին շարքերումՙ մշտապես մարդկանց լուսաբանելով խնդրի էությունը, համապատասխան վերաբերմունք դրսեւորելով հարցը նենգափոխողների ու թշնամաբար տրամադրված տարրերի նկատմամբ:
Հիրավի, որքան հաճելի, նույնքան էլ դժվար է «Զարթօնքի» մասին այսօր գրելը: 75 տարինների բեղուն ու ստեղծագործական երկունքներից ծնված պարբերականն այն յուրահատուկ հայելին էր, որի մեջ իր ուղիղ արտացոլանքով վեր են խոյանում համայն հայության մաքառումներն ու նվաճումները, տխուր նահանջներով ու նաեւ պայծառ գալիքի հստակ գիտակցությամբ տոգորված կենսահարուստ հրապարակումները: «Զարթօնքը» 75 տարի շարունակ եղավ ու կմնա անաղարտ հայրենասիրության, մեր արդար դատի հետապնդման, հայապահպանության եւ հայակերտման, մեր ժողովրդի հոգեհերոսացման, նրա մեջ բարոյական եւ հոգեւոր արժեքների ամրապնդման լուսաշող մի փարոս: Մի մունետիկ, որն համայն աշխարհի հայության համար եղել է ու կմնա անբիծ հայրենասիրության շեփորահարը: «Զարթօնքը», ՌԱԿ-ի մյուս թերթերի նման, ոչ միայն իր մեծագույն նպաստը բերեց սփյուռքի մեջ հայապահպանման եւ հայակերտման սրբազան գործին, այլեւ անմնացորդ սատարելով եւ աջակցելով Ս. Էջմիածնի աշխարհացրիվ թեմերին ու եկեղեցիներին, ՀԲԸ Միության եւ Թեքեյան մշակութային միության բազմաբնույթ ծրագրերին եւ, մանավանդ, դրանց կրթական հաստատություններին, խորապես հավատալով, թե մշակույթի եւ հայեցի կրթության զենք ու զրահով պիտի կարողանա դեմ կանգնել ձուլման եւ հայակուլ փոթորիկներին:
Վերջին հաշվով նաեւ «Զարթօնքի» միջոցով ռամկավարները տեր դարձան ու հավատարիմ մնացին մեր ժողովրդի անկողոպտելի «Մեծ Երազին» եւ երդվեցին անել հնարավոր ամեն ինչՙ ծառայելու համար հայ ազգին եւ հայրենիքին, մինչեւ այն երջանիկ օրը, որ տիրանանք մեր երազած «Մեծ Երազին»:
Աշխարհասփյուռ հայության համար պետականության վտանգված տարիներին ամենագերակա խնդիրը հայապահպանությունն էր: Իսկ պետականության բացակայության պայմաններում այդ դժվարին, սակայն եւ պատվաբեր գործն իրականացվում էր Հայ եկեղեցու եւ մշակութային ամենատարբեր կառույցների միջոցով: 1947 թ. հիմնադրվածՙ հայ մեծանուն բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Թեքեյանի անունը կրող մշակութային միությունը (ԹՄՄ) նույնպես հայությանը համախմբելու, հայեցի պահելու ու հայաշունչ սերունդ մեծացնելու առաքելությունն ուներ: Որ օտարության մեջ ծնված ու հասակ առնող երիտասարդ հայ սերունդը խանդավառվի ոչ միայն կուսակցական եւ քաղաքական կյանքով, այլեւ կապվի մշակութային ժառանգության հետ: Արեւմտահայ մեծագույն բանաստեղծի մահից երկու տարի անց ստեղծված կառույցի հիմնադիրները նրա գործակիցներն ու ընկերներն էինՙ ռամկավար երախտավորներ Բարունակ Թովմասյանը, Հրաչյա Սեդրակյանը, Գերսամ Ահարոնյանը, Հայկաշեն Ուզունյանը, Հովսեփ Յոզկաթյանը, Հակոբ Դավիթյանը, Գասպար Մենակը: Հիմնադրված օրվանից միությունը չխնայելով նյութական ու հոգեւոր ոչ մի ռեսուրս, արեց ամեն ինչ հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը պահպանելու եւ զարգացնելու համար: Հավատամք ունենալով այն սկզբունքը, որ վարչակարգերը փոփոխելի են, իսկ հայրենիքի եւ ազգային ինքնության պահպանումը ավելի հավերժական ու հիմնական, ԹՄՄ-ն ավելի ուշ ձեռնամուխ եղավ կամուրջներ նետել հայրենիք-սփյուռքի առժամանակ հեռացած եզրերինՙ ձգտելով տարաբնույթ մշակութային խմբեր հրավիրել մայր հայրենիքից:
ԹՄՄիության ոչ պաշտոնական ղեկավարն է Բեյրութում գտնվող հիմնադիրների մարմինը, որը վերահսկում է միության գործունեությունը սփյուռքի այդ հատվածում [2]: ԹՄՄ Հիմնադիրների մարմինը հովանավորում է մի շարք ազգանպաստ կառույցներ, երկար ժամանակ հրատարակել է գրականության եւ արվեստների «Շիրակ» ամսագիրը, հաճախակի կազմակերպում է դասախոսություններ, ցուցահանդեսներ, փառատոներ եւ մշակութային այլ միջոցառումներ: Հանդես է գալիս մի գովելի նախաձեռնությամբՙ հովանավորում է արժեք ներկայացնող գրքերի հրատարակություններ հայրենիքում եւ սփյուռքում: Բեյրութի Թեքեյան կենտրոնում են գործում նաեւ «Զարթօնք» օրաթերթի խմբագրությունն ու ՌԱԿ-ի վարչական սենյակները: Միությանը կից գործում են տիկնանց, պատանեկան եւ ուսանողական մարմինները:
Շատ ջրեր են հոսել հիմնադրման օրվանից: Այնքան շատ ու բազմազան միջոցառումներ են կազմակերպվել ու հովանավորվել ԹՄՄ-ի կողմից, որ պարզապես թվարկել հնարավոր չէ: Միայն ընդգծենք, որ դրանք բոլորն էլ իրականացվել են շնորհիվ այն նվիրյալների փաղանգի, ովքեր մշտապես ապրել ու գործել են սեփական ժողովրդին անմնացորդ ծառայելու, իրենց համեստ ներդրումը կատարելու հաստատուն գիտակցությամբ:
Մշակութային գործունեությանը զուգահեռ ԹՄՄ-ն կյանքի կոչեց նաեւ կրթական մի շարք ծրագրեր, որոնց զարդապսակը եղավ Բեյրութի մեջ հիմնադրված, արդեն 60-ամյա Թեքեյանի անվան վարժարանը, որի հյուրընկալ պատերի ներսում կրթվեցին ու հասակ առան շատ սերունդներ: Այն սփյուռքի կարեւորագույն կրթական օջախներից է եւ 60 տարի է դարձել է հայապահպանման եւ հայրենասիրության ամրոց, մեծ մասամբ անվճար կրթելով իրարահաջորդ սերունդներին: Բեյրութի հայահոծ Բուրջ Համուդում տեղակայված կրթօջախի բոլոր ծախսերը աշխարհի տարբեր մասերից ստացվող բարերարների օգնությամբ անշահախնդիր հոգում է ԹՄՄ-ն: Դպրոցի առաջին 30 տարին որպես տնօրեն եղել է հայտնի մանկավարժ, կազմակերպչի եւ վարչարարի հմտություններով օժտված մտավորական Երվանդ Պապայանը: Այնուհետեւ դպրոցը հաջորդաբար ղեկավարել են Մանիա Գաֆեսճյան-Գազազյանը, Անդրանիկ Պոզոյանը, Ազատուհի Գայսերլյանը: Դպրոցի նյութական եւ այլ կարիքները հոգալու պատվաբեր գործում կարեւոր դերակատարություն են ունեցել հոգաբարձական մարմինները Բալասանյանի, Ալթունյանի եւ, հատկապես, Հարություն Եոզկաթյանի գլխավորությամբ:
Ավարտելով ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել գեղեցիկ հոբելյանների առթիվ եւ մաղթում, որ «Զարթօնքը» չխոնարհվի 75-ամյա ծերունու նման, այլ վերագտնի իր երբեմնի փայլն ու կայտառությունը, նրան գումարի տարիների փորձն ու իմաստնությունը, դառնա երբեմնի ԻՆՔ-ը, ում հետեւից քայլում էին ռամկավար բոլոր պարբերականները:
ԹՄՄ-ին ու նրա ծերունազարդ վարժարանին մաղթում եմ բարգավաճում, նյութական դժվարությունների իսպառ վերացում: Մշտապես հզոր եղեք. չէ որ Լոս Անջելեսում գործող Արշակ Տիգրանյան, Երեւանի, Գյումրու, Ստեփանավանի, Կարբիի ու Բերձորի (Արցախ) կրտսեր եղբայրները մշտապես ընդօրինակելու են ավագի փորձն ու կենսապահպանման կարողությունները:
1 Այն ժամանակ, երբ Էջմիածնի հանդեպ որեւէ համակրանք կամ դրական արտահայտությունը, մահացու մեղք էր համարվում եւ որի համար այլատեսակ պիտակներ, զրպարտություններ ու դատապարտումներ էին հնչում, թերթը հավատարիմ մնաց Ս. Էջմիածնի հոգեւոր հովվապետությամբ հայրենակենտրոն եկեղեցու գաղափարինՙ:
2 Ցավոք, այսօր առկա են որոշ շեղումներ միության հիմնադիրների նախագծումներից, որոնք մեր խորին համոզմամբ, ժամանակավոր բնույթ ունեն եւ ՌԱ կուսակցության առողջացման ու հզորացման գործընթացին զուգահեռ, կվերագտնեն իրենց նախկին ճշմարտացի դիրքերը:
ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ, Պատմական գիտ. թեկնածու, ՌԱԿ հանրապետական վարչության ատենադպիր
Նկար 2. Վահան Թեքեյան
Նկար 3. Բարունակ Թովմասյան