«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2012-11-13 | #202, 2012-11-14 | #203, 2012-11-15


ԴԻՎԱԼԻԻ ԼՈՒՅՍԵՐԸ ԵՎ ԳՈՒՅՆԵՐԸ ՆԱԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Դիվալին կամ Դիպավալին Հնդկաստանի ամենահայտնի տոնակատարություններից է, հինդուների թերեւս ամենասիրելի տոնը: Դիվալին խորհրդանշում է բարու հաղթանակը չարի հանդեպ, լույսի ու գիտության հաղթանակը խավարի ու տգիտության հանդեպ: Դիվալիի ժամանակ հնդիկներն իրենց տների, խանութների ու հասարակական վայրերի շուրջբոլորը զարդարում են վառվող լամպերով, մոմերով, լույսերով ու լապտերներով: Լույսերի այս առատությունը խորհրդանշում է բարու եւ լույսի հաղթանակը:

Հնդկաստանի հյուսիսում ընդունված է տոնն անվանել Դիվալի, իսկ հարավում` Դիպավալի:

Դիվալի բառը Դիպավալիի կրճատ տարբերակն է, եւ սանսկրիտից թարգմանաբար նշանակում է լամպերի շարք, հետեւաբար Դիվալի տոնն էլ կոչվում է լույսերի տոն:

Դիվալիի տոնակատարությունները տեւում են հինգ օր: Դիվալիի առաջին օրը Դհանտերասն է, այս օրը հնդիկներն աղոթում են իրենց աստվածուհի Լաքշմիին, որպեսզի Լաքշմին իրենց շնորհի բարեկեցություն ու հարստություն: Երկրորդ օրը նշվում է Չոթի Դիվալին կամ, ինչպես ընդունված է ասել, Փոքր Դիվալին: Համաձայն հնդկական ավանդազրույցի` Կրիշնան հրեշ Նառակասուռային սպանել է հենց այս օրը: Դիվալիի հիմնական օրը 3-րդ օրն է, որն այս տարի նշվեց նոյեմբերի 13-ին: Ամեն տարի Դիվալիի հիմնական օրը հնդիկներն այցելում են իրենց տաճարներըՙ մատուցելու համար պաշտամունք ու երկրպագություն Լաքշմի աստվածուհուն, որը հինդուների հարստության ու բարիքի աստվածուհին է: Տոնակատարությունները շարունակվում են նաեւ 4-րդ ու 5-րդ օրերին, եւ վերջին` 5-րդ օրը, որը նաեւ կոչվում է Բհայ Դուջ, քույրերն աղոթում են իրենց եղբայրների բարեկեցության համար, իսկ եղբայրները քույրերին նվիրում են փոքր նվերներ. փոխադարձ այս վերաբերմունքի հիմքում ընկած է քրոջ ու եղբոր հարաբերություններն ավելի ամուր դարձնելը:

Դիվալին ոչ միայն իր խորհրդով է հետաքրքրական ու գեղեցիկ, այլեւ իր տոնակատարություններով: Դիվալիի հիմնական օրը Հնդկաստանի փողոցներն ու բակերը զարդարվում են լամպերով, լույսերով, ծաղկաշղթաներով, խանութներն ու տոնավաճառները սովորականից ավելի մարդաշատ են դառնում, քանի որ բոլորը շտապում են նվերներ գնելու իրենց եւ իրենց հարազատների, ծանոթների ու ընկերեների համար, իսկ տների հատակներն ու բակերը զարդարում են ռնգոլիներով: Ռնգոլին հնդկական ավանդական զարդարվեստի տեսակ է, որը կիրառում են տոների ժամանակ հատակին նկարելու համար: Ռնգոլիները հաճախ պատկերվում են ծաղիկներով, եւ Դիվալիի ժամանակ լույսերի ու գույների առատությանը գումարվում է ռնգոլիների ծաղիկների գեղեցկությունը: Դիվալիի օրը հնդիկները զարդարում են նաեւ իրենց տները, հագնում նոր հագուստներ, պատրաստում տոնական ուտեստներ եւ բաժանում քաղցրավենիք իրենց ընկերներին, հարեւաններին ու ծանոթներին: Իսկ տների դռներն ու պատուհանները հինդուները բաց են թողնում, քանի որ հավատում են` Լաքշմի աստվածուհին միգուցե հյո՞ւր գա իրենց տուն:

Դիվալիի ժամանակ հնդիկները նշում են նաեւ Ռամի` երկրի վրա Վիշնու աստծո մարմնացման (ավատարի) ու նրա կնոջ` Սիտայի վերադարձը դեպի Ռամի թագավորություն: Ըստ հնդկական Ռամայանա էպոսի` Լանկայի թագավոր եւ հրեշների արքա Ռավանին սպանելուց հետո Ռամը կնոջ հետ վերադառնում է Այոդյա քաղաքը, որտեղ մարդիկ նրանց սպասում էին ցնծությամբ, իսկ իրենց սրբազան գետը` Գանգեսը զարդարած էր լինում ճրագներով, որպեսզի գետը լույսերով ողողի թագավոր Ռամի ու թագուհի Սիտայի ճանապարհը:

Հնդկաստանում Ռամի հաղթանակը նշվում է նաեւ մեր օրերում, ու չնայած սա լեգենդ է, սակայն իրականությանը կապված է անմիջականորեն, եւ այդ կապը հույսն է եւ հավատն է առ այն, որ բարին հաղթում է չարին:

Ու աշխարհի որ անկյունում էլ լինեն հնդիկները` նրանք նշում են Դիվալին իրենց սովորույթներով: Իսկ Հայաստանում հնդկական փոքր համայնքը, որը հիմնականում հնդիկ ուսանողներից է կազմված, Դիվալիի տոնակատարությանը մասնակից է դարձնում նաեւ հայերին` կազմակերպելով Դիվալիին նվիրված հնդկական մշակութային երեկո:

Նոյեմբերի 12-ին «Վալենսիա» հյուրանոցային համալիրում կազմակերպվել էր արդեն ավանդական դարձած հնդկական մշակութային երեկոն, որի հիմնական կազմակերպիչները Երեւանի պետական բժշկական համալսարանի 6-րդ կուրսի հնդիկ ուսանողներն էին: Ինչպես նշեց Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Պանկաջ Սաքսենան ` Դիվալիին նվիրված այս երեկոն, որը կազմակերպվում է ամեն տարի, մասն է դարձել երեւանյան մշակութային միջոցառումների: Բացի Պանկաջ Սաքսենայից` ներկաներին ողջունեց նաեւ Պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Միքայել Նարիմանյանը , որը նույնիսկ անկեղծացավ, թե Դիվալիի օրն ինչ երազանք է պահում. «Երբ 1980-ականների սկզբին նոր էի սկսել իմ աշխատանքային գործունեությունը, այդ ժամանակ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվեց հնդիկ գիտնականին: Իմ երազանքն է, որ մի օր գիտական այդ հաջողությունը կրկնի ու Նոբելյան մրցանակի արժանանա Երեւանի բժշկական համալսարանի հնդիկ շրջանավարտներից մեկը»:

Թեեւ միջոցառումը Դիվալիին էր նվիրված, բայցեւ լավ առիթ էր ներկայացնելու հնդկական երգը, պարը, բեմադրությունն ու խոհանոցը, բեմում հնդիկ ուսանողների հետ հանդես էին գալիս նաեւ հայ ուսանողները:

Բժշկական համալսարանի 6-րդ կուրսեցի Աբդուլ Ազիզը նշում է, որ Հայաստանում հնդիկ ուսանողներն այսպիսի սովորույթ են մշակել` ամեն տարի 6-րդ կուրսեցիներն իրենք են կազմակերպում Դիվալիին նվիրված միջոցառումը: Աբդուլը մահմեդական է, սակայն ինքն էլ ուրախությամբ նշում է Դիվալին, թեեւ սա հինդուիզմի տոներից է: Աբդուլը բացատրում է, որ Հնդկաստանում մարդիկ ապրում են համայնական ներդաշնակության մեջ.«Հնդկաստանը կոմունալ երկիր է, ունի կրոնների հարուստ բազմազանություն, բայց մարդիկ սիրում են նշել միմյանց տոները, ու չեն տրամադրվում մեկը մյուսի կրոնի դեմ»:

Աբդուլն ավելացնում է, որ հնդիկների համար Դիվալին համարվում է նաեւ նոր տարվա սկիզբ, ինչպես հայերիս ու այլ ժողովուրդների համար հունվարի մեկն է ազդարարում նոր տարվա սկիզբը: Հնդիկներն իրենց բիզնես տարին եւս սկսում են Դիվալիով ու այդ առիթով նույնպես աղոթում Լաքշմի աստվածուհուն, որպեսզի վերջինս իրենց արժանացնի նաեւ հաջողակ բիզնես տարվա:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4