Այսօր, ժամը 13.00-ին, «Հայարտ» մշակութային կենտրոնում (Մաշտոցի 7ա) տեղի կունենա գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների եւ քանդակի միջբուհական ցուցահանդես-մրցույթի պաշտոնական բացումը: Միջբուհական ցուցահանդես-մրցույթը կազմակերպել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը:
Ցուցահանդեսում իրենց ստեղծագործությունները կներկայացնեն ավելի քան 80 երիտասարդ ստեղծագործողներ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայից, Հայկական պետական մանկավարժական համալսարանից, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից:
Ներկայացված աշխատանքներից պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի լավագույն գեղանկարը, քանդակը եւ գրաֆիկական աշխատանքը: Մրցականակիրները կստանան դրամական պարգեւներ: Ցուցահանդեսը արվեստասերների համար բաց կլինի նոյեմբերի 15:19:
Միջբուհական ցուցահանդես-մրցույթը կազմակերպվում է Ուսանողության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում:
Լրատվամիջոցները հրավիրվում են լուսաբանելու:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն