«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2012-11-13 | #202, 2012-11-14 | #203, 2012-11-15


ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄՐՑԱՇՐՋԱՆՆ ԱՎԱՐՏԵՑ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Լիտվայի ընտրանու նկատմամբ 4-2 հաշվով տոնած տպավորիչ հաղթանակով նշանավորեց իր հոբելյանականՙ 150-րդ հանդիպումը, եւ հիանալի նվեր մատուցեց իր բազմամյա ավագ Սարգիս Հովսեփյանինՙ մեծ ֆուտբոլին հրաժեշտ տալու առիթով: Իրոք, ընթացիկ մրցաշրջանի ավարտական հանդիպումը Հայաստանի հավաքականի համար հիշարժան դարձավ: Ինչպես եւ նախատեսվել էր, Սարգիս Հովսեփյանը վերջին անգամ կրեց հավաքականի իր 4 համարի մարզաշապիկըՙ խաղընկերների հետ խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում: Ընդամենը 5 րոպե անցկացնելով խաղադաշտում, նա տեղը զիջեց իր երիտասարդ խաղընկերոջըՙ Արտակ Եդիգարյանին, ու ֆուտբոլասերների բուռն ծափողջույնների ներքո ուղեւորվեց հանդերձարան: Իսկ ընդմիջմանը տեղի ունեցավ հայկական ֆուտբոլի անվանի վետերանիՙ մեծ ֆուտբոլին հրաժեշտ տալու արարողությունը: Սարգսին անակնկալ էր մատուցել ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարությունըՙ նրան նվիրելով «Տոյոտա-Պրադո» մակնիշի շքեղ ավտոմեքենա, որի բանալիները հավաքականի ավագին հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հայաստանի ֆուտբոլի զարգացման գործում եւ Երեւանի մարզական կյանքում ներդրած մեծ ավանդի համար Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սարգիս Հովսեփյանին պարգեւատրեց քաղաքապետարանի ոսկե մեդալով:

Ինչ վերաբերում է լիտվացիների հետ ընկերական հանդիպմանը, ապա այն մեր հավաքականի լավագույն խաղերից մեկն էր ընթացիկ մրցաշրջանում: Հարցը միայն տոնած հաղթանակը չէ, այլ խաղի որակը, որն այս անգամ բավարարեց մարզադաշտ եկած ֆուտբոլասերներին: Արդեն խաղասկզբում Հայաստանի հավաքականը Էդգար Մանուչարյանի դիպուկ հարվածով բացեց հաշիվը: Արժանին պետք է մատուցել հյուրերին, որոնք բնավ էլ խուճապի չմատնվեցին եւ բավական ակտիվ խաղ ցուցադրեցինՙ պայքարելով մինչեւ վերջ: Ֆիզիկական լավ տվյալներ ունեցող լիտվացի ֆուտբոլիստները բավականին արագաշարժ էին եւ վտանգավոր հակագրոհներ էին կազմակերպում, սակայն ի տարբերություն նախորդ հանդիպումների, մեր պաշտպանները բավականին աչալուրջ էին եւ կարողացան չեզոքացնել իրենց դարպասին ստեղծված մի քանի սպառնալից պահերը:

Մեր հավաքականի խաղը հատկապես տպավորիչ էր ընդմիջումից հետո, երբ հայ ֆուտբոլիստները սկսեցին գործել ավելի արագ, մեկ հպումով փոխանցումներով դիմելով եզրային սուր ճեղքումներիՙ գեղեցիկ կոմբինացիաներ կազմակերպելով: Հենց նման խաղի արդյունքում էլ «ծնվեցին» մեկը մյուսից գեղեցիկ գոլերը: 50-րդ րոպեին իր վարպետությամբ կրկին փայլեց Հենրիխ Մխիթարյանը, որի տուգանային հիանալի հարվածից հետո գնդակի ճանապարհը փակեց դարպասաձողը, որից հետ մղված գնդակը երկրորդ հարվածով դարպասը մխրճեց Կառլեն Մկրտչյանը:

Հինգ րոպե անց արդեն իր հաշվին հերթական գոլը գրանցեց Հենրիխ Մխիթարյանըՙ եզրափակելով խաղընկերների կազմակերպած եռաքայլ կոմբինացիան: Ճիշտ է, 11 րոպե անց հյուրերից Արթուրաս Ռիմկյավիչուսը հեռահար հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն խաղային եւ տարածքային առավելությունը շարունակում էր մնալ հայ ֆուտբոլիստների օգտին: 72-րդ րոպեին չափազանց տպավորիչ գոլի հեղինակ դարձավ Արաս Օզբիլիսը, որը պատ խաղարկելով խաղընկերոջ հետ, շեշտակի հարվածով գնդակն ուղարկեց դարպասի վերին անկյունը: Հայ ֆուտբոլիստները կարող էին եւս մի քանի անգամ գրավել մրցակցի դարպասը եւ խոշոր հաշվով հաղթանակ տոնել, սակայն դա նրանց չհաջողվեց: Փոխարենը խաղավերջում Կառլեն Մկրտչյանը սեփական տուգանայինում խախտեց կանոնները եւ Ռիմկյավիչուսը 11 մ հարվածով խփեց 2-րդ գոլը: Այսպիսով, Հայաստանի հավաքականը 4-2 հաշվով ռեւանշի հասավ լիտվացիներից անցյալ տարի Կաունասում կրած պարտության (0-3) դիմաց:

Ընկերական այս հանդիպումը հնարավորություն ընձեռեց Վարդան Մինասյանին փորձարկելու երիտասարդ մի քանի ֆուտբոլիստների, որոնք ընդհանուր առմամբ իրենց վատ չդրսեւորեցին: Լիտվացիների հետ հանդիպումն ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի 9-րդ մրցախաղն էր, որում մեր ընտրանին 4-րդ հաղթանակը տոնեց: Մյուս 5 խաղերում հավաքականը պարտվել է:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում մարզիչները հետեւյալ կարծիքն արտահայտեցին:

Վարդան Մինասյան (Հայաստանի հավաքական) - Խաղի արդյունքն ինձ համար հոգեբանորեն կարեւոր էր: Այս տարին այդքան էլ հաջող չէր մեզ համար, ուստի այսօրվա գրանցված հաշիվը շատ ուրախալի էր: Այս խաղում հնարավորություն ունեցանք ձախ եզրային պաշտպանի ու հենակետայինի դիրքերում փորձարկումներ կատարել, ինչը դրական արդյունք տվեց: Ճիշտ է, այդ հարցում դեռ շատ աշխատանք կա կատարելու: Նույնը պետք է ասել հավաքականի նորեկների մասին: Հենց նման խաղերում պետք է փորձարկումներ կատարել եւ հնարավորություն տալ նրանց դրսեւորելու իրենց խաղային ունակությունները: Կամո Հովհաննիսյանը լիովին արդարացրեց իմ սպասելիքները:

Մենք հարկադրված էինք Էդգար Մանուչարյանին ու Ռոբերտ Արզումանյանին փոխարինելու, քանի որ նրանք վնասվածքներ ունեին: Ճիշտ է, Էդգարը ցանկանում էր խաղալ, բայց մենք որոշեցինք ռիսկի չդիմել: Կառլեն Մկրտչյանն էլ իրեն բնորոշ խաղը ցուցադրեց: Կարծում եմ, որ չեխերի հետ մրցավեճում նրա պակասը կզգացվի: Ընդհանրապես ես շատ եմ ցանկանում նոր ֆուտբոլիստներ տեսնել ազգային հավաքականում: Սարգիս Հովսեփյանն արդեն աշխատանքի է անցել Հայաստանի հավաքականում եւ շուտով կմեկնի Ռուսաստանՙ Արթուր Սարկիսովի խաղը դիտելու: Վերջինս վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել այսօրվա հանդիպմանը:

Լասլո Չաբա (Լիտվայի հավաքական) - Խաղի մասին չեմ ուզում կարծիք հայտնել, ավելի լավ է հարցրեք մրցավարից: Այսօր նա «ֆանտաստիկ» խաղ վարեց: Երկու անգամ բացահայտ «խաղից դուրս» վիճակ կար, սակայն մրցավարը չարձանագրեց: Եթե մրցավարությունը նորմալ մակարդակի լիներ, ապա խաղը պետք է ավարտվեր 2-2 հաշվով: Ես հարգում եմ մրցակցին, որը հաղթել է, բայց այսպիսի մրցավարությունն ինձ դուրս չի գալիս: Դուք ունեք լավ հավաքական եւ այսպիսի մրցավարություն ձեզ պետք չէ: Ես ողջունում եմ Սարգիս Հովսեփյանին, որն այսօր հրաժեշտ տվեց մեծ ֆուտբոլին: Այսօր մեր թիմն այնքան էլ լավ չգործեց, մենք ունենք արտերկրում ելույթ ունեցող բազմաթիվ խաղացողներ, բայց ես չտեսա այն խաղը, որը ցանկանում էի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4