Երեկ Խանտի Մանսիյսկում կայացավ շախմատի աշխարհի կանանց առաջնության երկրորդ փուլի առաջին տուրը: Լիլիթ Մկրտչյանը հաշտություն կնքեց ռուսաստանցի Նադեժդա Կոսինցեւայի հետ: Իսկ ահա Էլինա Դանիելյանը պարտվեց հնդիկ գրոսմայստեր Հարիկա Դրոնավալիին: Երրորդ փուլի ուղեգրերի հարցը կվճռվի այսօր կայանալիք երկրորդ տուրի հանդիպումներից հետո:
Հիշեցնենք, որ հավասար արդյունքի դեպքում մրցակիցները կանցկացնեն արագ շախմատի լրացուցիչ մրցախաղ:
Հաջող խաղաց աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Հոու Յիֆանը, որը հաղթեց Մոնիկա Սոչկոյին: Նատալյա Ժուկովան առավելության հասավ Համպի Կոներուի նկատմամբ: Չաո Հուեն պարտության մատնեց Նինո Խուրցիձեին, Մարիա Մուզիչուկն էլ հաղթող ճանաչվեց Մարիզա Արիբասի հետ պարտիայում: Ուշենինա-Մուզիչուկ, Ջավախիշվիլի-Լահնո, Հուանգ-Չմիլիտե, Սեբագ-Գիրիա, Գալյանովա-Գունինա, Հոանգ-Տ. Կոսինցեւա, Կոստենյուկ-Պոգոնինա, Զատոնսկիխ-Վենջյուն եւ Ստեֆանովա-Չեն պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: